Ինչո՞ւ «Նոր Հայաստանը» չի միացել Անդրիաս Ղուկասյանին. Պարզաբանում է Ժիրայր Սէֆիլյանը

«Մենք դա դիտում ենք՝ որպես «Ոտքի՛, Հայաստանի»՝ առանձին միավորի որոշում, հարգում ենք այդ որոշումը ու խոչընդոտ չենք տեսնում, եթե «Հիմնադիր խորհրդարանն» այդ բնույթի ակցիաների կողմնակից չէ, դա չի նշանակում, որ մենք պետք է ասենք, որ սխալ են անում»,- պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները չեն միացել Անդրիաս Ղուկասյանի ակցիային՝ հաշվի առնելով, որ նա էլ է այդ ճակատի անդամ, նման տեսակետ հայտնեց ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրվանից «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության մի քանի անդամներ՝ Անդրիաս Ղուկասյանի հետ, Ազգային ժողովի շենքի դիմաց սկսել են նստացույց՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված հետևյալ պահանջներով. քննարկել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը, կառավարության կատարած ծախսերը, և հրապարակել 2012-13 թվականներին հանրապետությունից բացակայած անձանց անունները:

Ժ. Սէֆիլյանի խոսքով՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատում ներգրավված ուժերը տարբեր հարցերում ազատ գործունեության հնարավորություն ունեն:

Հարցին էլ՝ ծանո՞թ եք նրանց պահանջներին, ու որքանո՞վ է իրատեսական, որ հաջողության կհասնեն, Ժ. Սէֆիլյանն այսպես պատասխանեց.

«Բոլորը պետք է գիտակցեն, որ «Ոտքի՛, Հայաստանի» տղաներն այն միամիտները չեն, որ պահանջներ ներկայացնեն՝ հույս ունենալով, որ պետք է կատարվի, նրանք բավական հմուտ գործում են ինֆորմացիոն դաշտում: Կարծում եմ՝ ավելի ուշ ժամանակում հայտնի կդառնա նրանց ներդրումը: Երբ մամուլի միջոցով համառորեն, շարունակաբար նույնանման համարձակ մտքեր են հնչում, դա անպայման իր ազդեցությունը թողնում է հասարակության վրա: Դա օգտակար է նաև մեր գործին, քանի որ մենք գիտենք, որ այս ռեժիմից ձերբազատումն ընտրությունների միջոցով չի լինելու, այլ լինելու է քաղաքացիական անհնազանդության շրջանակներում, ուստի՝ օգտակար եմ համարում «Ոտքի՛, Հայաստանի» վարած գործունեությունը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս