«ՀՀ-ԵՄ ապագա փաստաթուղթը գուցե անցումային համաձայնագիր լինի». Սյուզան Ստյուարտ
Տարեվերջին Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական Միությունը կսկսեն բանակցել նոր իրավապայմանագրային բազա` երկու տարի առաջ չստորագրված Ասոցացման համաձայնագրի փոխարեն։ Այս ընթացքում փոփոխությունների է ենթարկվում նաև ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը։ Սսպասվող վերանայումների և ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի շուրջ «168 Ժամը» զրուցել է Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր, գերմանացի փորձագետ Սյուզան Ստյուարտի հետ։
– Տիկին Ստյուարտ, տպավորություն է ստեղծվում, որ Եվրոպական Միությունն իր «Արևելյան գործընկերություն» ծրագիրը փորձում է որոշակիորեն հարմարեցնել հետուկրաինական իրողություններին, ՀՀ ԵՏՄ անդամակցությանը և միջազգային հարաբերություններում առաջացած բարդություններին։ Կարելի՞ է արդյոք պնդել, որ ծրագրի վերանայման գործընթացը, որն անցյալում ազդարարել էր ԵՄ արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Մոգերինին, ավարտվել է, և սկսվել է կիրարկման փուլը։
– Ոչ, ես նման պնդում չեմ կարող անել, քանի որ ԵՄ պատմությունը ստիպում է ենթադրել, որ վերանայման այս փուլը ևս կիսատ է մնալու` Եվրոպայում առաջացած խնդիրների, ճգնաժամերի պատճառով։ Հատկապես «Արևելյան գործընկերություն» ծրագրի պատմությունն արդեն ունեցել է նման փուլեր, և հաշվի առնելով ԵՄ անդամ երկրներում այս ծրագրի նկատմամբ հիասթափությունը, ինչը մեծ արգելակող գործոն է, քիչ հավանական է ասել, որ այն միանգամից կդառնա փայլուն պրոյեկտ բոլորի համար։ Սակայն կարևոր է նաև նշել, որ ծրագրի ապագայի վերաբերյալ քննարկումներն իրենց ամենաակտիվ փուլում են, շատ են առաջարկները, շտկումները, իրականացվող փոփոխությունները, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են։
Սակայն վերանայում ասելով` ես ավելի լուրջ և գլոբալ գործընթաց եմ պատկերացնում, այսօր դա հնարավոր չէ, քանի որ ԵՄ անդամ երկրների միջև տարաձայնությունները ծրագրի ապագայի շուրջ շարունակվում են։ Սակայն հիմնական ընկալումն այն է, որ մինչ վերանայումը ԵՄ-ն ԱլԳ բոլոր անդամ երկրների հետ ունենալու է առանձին քաղաքականություն, այսինքն` վեց տարբեր ուղղություններ, որոնցից երեքը գուցե նման լինեն` Ասոցացման համաձայնագրի առկայությամբ պայմանավորված։ «Արևելյան գործընկերության» ապագայի հարցում մեծ բան կախված է հենց ԱլԳ երկրներից և նրանց հավակնություններից։ Եթե նրանք պատրաստ են առաջ շարժվել ԵՄ-ի հետ հարաբերություններում` կատարելով անհրաժեշտ բարեփոխումներ, ապա գործընկերության գոտին, ի վերջո, կդառնա անվտանգ և կայուն գոտի։ Սակայն սա ներկայումս հեռավոր կանխատեսում է, մինչ այդ պետք է հաղթահարել ուկրաինական պատերազմի մարտահրավերները, իսկ դա հաղթահարելը բարդ է, քանի որ կան այլ ճգնաժամեր, որոնցից մեկը ներգաղթյալների ճգնաժամն է։
– Այսինքն` ծրագրում կլինեն փոփոխություններ, սակայն ավելի համակարգային փոփոխությունների մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ ԵՄ-ն «ժամանակ կունենա» ԱլԳ-ին տրամադրելու համար։
– Այո, ցավոք սրտի, ամենայն հավանականությամբ, այդպես կլինի, քանի որ ԵՄ-ն սովոր չէ խնդիրներին արձագանքել տեղում։ Թեև սա ևս դիտարկվում է ԵՄ-ում` որպես խնդիր, բայց մեխանիզմներ դեռ չեն ձևավորվել խնդիրներին արագ արձագանքելու համար։ Իմ համոզմամբ` ծրագրի ամբողջական վերանայման համար ԵՄ-ին նաև ամփոփում անելու համար համապատասխան տվյալներ են անհրաժեշտ, իսկ այսօր իրավիճակն աշխարհում փոփոխական է, ուստի դժվար է այս փուլում երկարաժամկետ հեռանկարի համար փոփոխություն անելը։
– Տիկին Ստյուարտ, երկու տարվա դադարից հետո Հայաստանն ու Եվրոպական Միությունը պետք է սկսեն աշխատանքները նոր համաձայնագրի մշակման ուղղությամբ։ Ըստ տեղեկությունների` ՀՀ-ԵՄ նախկին բանակցություններից հանվել է այն ամենը, ինչ հակասում է ՀՀ ԵՏՄ անդամակցությանը` հիմնականում առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող, նոր համաձայնագրում գուցե օգտագործվեն նախկին բանակցությունների արդյունքները, ըստ պաշտոնյաների պնդումների, ինչը նշանակում է քաղաքական համագործակցություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև, ինչն էլ ենթադրում է ընդհանուր արժեհամակարգ։ Սա, ըստ Ձեզ, համադրելի՞ է Եվրասիական տնտեսական միության տարածքում արդեն նշմարվող արժեհամակարգի հետ։
– Եթե դիտարկենք, որ Եվրասիական տնտեսական միությանը լավ ապագա է սպասվում, ապա սա համադրելի չէ։ Բայց տեսեք, թե ինչ է կատարվում ներկայումս։ ԵՏՄ առաջատար երկրները նույնիսկ համաձայն են, կարծես, ժամանակավորապես չընդլայնել կառույցն իրենց խնդիրների պատճառով, ԵՏՄ-ն անարդյունավետ է ԵՏՄ անդամ երկրների համար, իսկ ՌԴ տնտեսությունը գնալով ավելի ու ավելի վատ վիճակում է հայտնվում, թեև ՌԴ իշխանությունները դեռ շարունակում են համարձակ քայլերի դիմել Մերձավոր Արևելքում։ Այս ոչ կայուն շրջանում նման համադրումներ հնարավոր են։ Ենթադրում եմ, որ դա անցողիկ մի բան պետք է լինի, որից հետո գուցե ՀՀ-ն ցանկանա ստորագրել Ասոցացման համաձայնագիր։ Իսկ բանակցվելիք փաստաթուղթը ՀՀ-ԵՄ կապը չկորցնելու համար է։
– Ձեր կարծիքով` կարելի՞ է վստահ լինել, որ փաստաթուղթը կստորագրվի` հաշվի առնելով 2013թ. սեպտեմբերի 3-ի անակնկալը։
– Կարծում եմ` կարելի է ենթադրել, որ կստորագրվի, եթե պնդումներ կան, որ ԵՏՄ-ին հակասող բոլոր դրույթները հանվում են։ Այս ձևաչափը, ըստ իս, ներկայումս ամենահարմար տարբերակն է Հայաստանի համար։ Փաստորեն ԵՄ-ն հարմարվում է Հայաստանի ընտրությանը։ Այսօր ՌԴ-ն աշխատում է աշխարհում իր դերը և իր իմիջը վերականգնելու ուղղությամբ, ուղիղ առճակատումներից խուսափում է։ Ըստ իս` սա ևս դրական գործոն կլինի Հայաստան-ԵՄ ապագա համաձայնագրի համար։
– ՀՀ ԵՏՄ անդամակցության ընթացքում ՀՀ իշխանությունները ԵՄ-ին առաջարկում էին ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը։ Ստացվում է, որ այսօր Հայաստանը պետք է բանակցի նոր փաստաթուղթ ԵՄ-ի հետ, որի քաղաքական բաղադրիչը լինելու է գրեթե նույնը, ինչ Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը։ Այն ժամանակ ԵՄ-ն մերժեց այս առաջարկը, այսօր ինչո՞ւ հիմք չընդունել ԱՀ քաղաքական հատվածը, ինչը բանակցություններն ավելի կարճ կդարձնի, և Հայաստանը կկարողանա շուտ ստորագրել։
– ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, ցանկանում է ասոցիացված կարգավիճակ տալ միայն ԱՀ/ԽՀԱԱԳ ստորագրած երկրներին։ Հայաստանի հետ ստորագրվելիք փաստաթուղթն ավելի ցածր մակարդակ է նշանակում։ Ի դեպ, ըստ էության, դա այլ փաստաթուղթ է լինելու։
– Վերջերս Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից մեկը ՀՀ իշխանություններին հորդորել էր այս անգամ չվախենալ և ստորագրել նախապատրաստվելիք փաստաթուղթը։ Այսինքն` ԵՄ պաշտոնյաները հասկանում էին, որ ստորագրման դեպքում Հայաստանը ռիսկերի էր հանդիպելու, ինչպես գուցե՝ Ուկրաինան, ԵՄ-ում գիտեն այդ ռիսկերի մասին։ Ինչո՞ւ չվերացնել այդ ռիսկերը։
– Այդ ռիսկերը, բնականաբար, առնչվում են անվտանգությանը, իսկ ԱլԳ երկրների անվտանգության մասին ԵՄ-ն դեռ չի կարողանում հոգալ, քանի որ ԵՄ-ն ինքն ունի անվտանգության կարիք, և ԵՄ անդամ շատ երկրներ ունեն անվտանգության երաշխիքների կարիք, իսկ ԵՄ-ն չի կարող տրամադրել նման երաշխիքներ։
Առանձին երկրները, որոնք ունեն անվտանգության խնդիր, պետք է երկկողմ հարաբերությունների մակարդակում փորձեն լուծել իրենց անվտանգության խնդիրները` չմնալով այդ ոլորտում կախված միայն մեկ երկրից։ Այս պահի դրությամբ, վստահ եմ, նման հարց ԵՄ-ն չի քննարկելու, այնպես որ, ԱլԳ երկրներն իրենք պետք է հեռատես գտնվեն և երկկողմ հարաբերություններ զարգացնեն։ Հասկանալի է, որ Հայաստանի դեպքում ռիսկերը վերաբերում են փակ սահմաններին, ԼՂ հակամարտությանը։ Կարծում եմ, որ ճկուն արտաքին քաղաքականությունը կարող է լուծել այդ ռիսկերի հարցը։