«Սահմանադրական փոփոխությունները հեղափոխություն են վերևից»

«Իրենց ծավալով, բնույթով ու բովանդակությամբ սահմանադրական փոփոխությունները, կարելի է ասել, հեղափոխություն են վերևից: Այն, ինչ առաջարկում ենք մեր քաղաքացիներին, լավագույնս պետք է ապահովի այն ձգտումների իրականացումը, որոնց մասին խոսում ենք բոլորս. ունենալ ժամանակակից պետություն, կառավարման արդյունավետ համակարգ, իրավունքի գերակայություն»,- այսօրվա բանավեճում ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը:

Անդրադառնալով այն տեսակետներին, թե սահմանադրական փոփոխությունները միտված են իշխանության վերարտադրմանը՝ նա ասաց. «Ընդունենք, որ իշխանությունը մտածեց՝ պետք է անպայման վերարտադրվել, և դրա համար ստեղծեց այս փոփոխությունները, այդ պարագայում ՀՅԴ-ն լիովին աջակցում է սահմանադրական բարեփոխումներին, վերջին տարիներին միշտ եղել է ընդդիմադիր դիրքերում, ու դժվար թե որևէ ողջամիտ մարդ մեղադրի Դաշնակցությանն այն բանի մեջ, որ իրենք հետևողական չեն իրենց գաղափարական պայքարում: Այստեղ ամենակարևորը կառավարման համակարգի փոփոխությունն է, որը ժողովրդավարացման ավելի լայն հնարավորություններ է ընձեռում:

Աշխարհում չեք գտնի կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող որևէ երկիր, որը ժողովրդավար չլինի: Եթե նպատակակետ դնում են ու ասում, որ այս ամենն արվում է այդ չարչրկված վերարտադրության համար, այս մեկնակետը սխալ է: Եթե փորձում ենք այլ նպատակներ փնտրել, ինքներս մեզ հակասելով՝ անընդհատ ինչ նոր բաներ պետք է ասենք, ի վերջո, պետք է մտածենք, որ իրական նպատակն այն է, ինչ բազմիցս ասվել է: Այս առաջարկվող տարբերակում իտալական ու գերմանական խորհրդարանական համակարգի որոշակի մոդելներ են ներառված»:

Ընդդիմախոս, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց, որ ՀՅԴ-ն լինելով ամենաավանդական կուսակցությունը Հայաստանում՝ հասկանում է՝ խորհրդարանական մոդելը լավագույն մոդելն է. «Հասկանում է նաև, որ 25 տարի անց միակ ճանապարհն է՝ դեպի իրական ժողովրդավարության ճանապարհ (ոչ թե՝ հենց ժողովրդավարություն): Այդ առումով վստահ եմ, որ ՀՅԴ-ի մղումները բավական ազնիվ են, թեև չեմ բացառում, որ ակնկալիք ունեն նաև ներգրավվելու հաջորդ կառավարությունում և իրենց համար երաշխավորելու տեղեր խորհրդարանում»:

Ինչ վերաբերում է իտալական պետական կառավարման համակարգից ատրիբուտներ ներառելուն, Հայկ Մարտիրոսյանը նկատեց՝ իտալական պետական կառավարման համակարգը վատթարագույն համակարգն է զարգացած Արևմուտքում. «Ավելի վատ համակարգ դժվար է պատկերացնել, և դրա լավագույն վկայությունն այն է, որ Երկրորդ աշխարհամարտից հետո Իտալիայում մի քանի տասնյակ կառավարություն է փոխվել: Ի թիվս դրա՝ մեզ շատ այլ բաներ էլ կարող են սպառնալ: Եթե ասում են, որ վերցրել են գերմանական մոդելից ինչ-որ նմուշներ, ապա դա լավ է, բայց սահմանափակվում է նախագահի ինստիտուտի ներդրմամբ»:

 

Տեսանյութեր

Լրահոս