Բաժիններ՝

ԱՄՆ-ը Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ ցամաքային օպերացիա կարող է սկսել

ԱՄՆ-ը կուժեղացնի իր պայքարը ԴԱԻՇ-ի դեմ Իրաքում ու Սիրիայում՝ աջակցություն ցուցաբերելով տեղի զինված խմբավորումներին ավելի ինտենսիվ ավիահարվածներով ու առանձին ցամաքային օպերացիաներով, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը՝ հանդես գալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի առաջ:

«Մենք կօգնենք մեր գործընկերներին հարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի դիրքերին կամ կանցկացնենք ինքնուրույն օպերացիաներ՝ լինեն դրանք ավիահարվածներ կամ ցամաքային գործողություններ»,- ասել է Քարտերը՝ չմանրամասնելով, թե ինչ է նշանակում «ցամաքային օպերացիաներ»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան դեմ է Սիրիայում ամերիկյան ցամաքային ուժեր ուղարկելուն, սակայն Իրաքում կա 3500 զինծառայող, ովքեր զբաղվում են Իրաքի բանակի ուսուցմամբ: Ավելի վաղ Օբաման պնդում էր, որ ամերիկյան զորքերը ԴԱԻՇ-ի դեմ ուղղված գործողությունների չեն մասնակցի:
Քարտերի խոսքով՝ ինտենսիվանալու են ավիահարվածները ԴԱԻՇ-ի գլխավոր դիրքերին, իսկ գլխավոր թիրախներ են դառնալու Սիրիայի Ռաքքա ու Իրաքի Ռամադի քաղաքները: Իրաքի զինված ուժերը փորձում են ամերիկյան կողմի աջակցությամբ գրավել մայիսից ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող քաղաքը:

Վերջին շրջանում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան կրճատել է Սիրիայում ավիահարվածների ինտենսիվությունը:
Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարում են, որ դա կապված չէ Սիրիայում ռուսական կողմի ակտիվության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս