«Բազմիցս եմ տեսել քիթը ցցած արտիստների, սպորտսմենների». Կամակո՞ր է արդյոք Եվգենի Պլյուշչենկոն
Երևանում կայանալիք «Սառույցի թագավորները» շոու-ծրագրի ժամանակ Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի առաջնության եռակի, Եվրոպայի առաջնության բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի մենեջեր Արի Զաքարյանի հետ մեր հարցազրույցի ընթացքում պարզվեց, որ վերջինս, սպորտային մենեջեր լինելուց բացի, երբեմն հանդես է գալիս նաև՝ որպես խորեոգրաֆ և բեմադրիչ:
– Արի՛, Դուք շուրջ 18 տարի համագործակցում եք Եվգենի Պլյուշչենկոյի հետ: Դուք և՛ ընկերներ եք, և՛ գործընկերներ: Այս 18 տարիների ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ Ձեր համագործակցությունը գրեթե փլուզման եզրին հասած լինի:
– Ամեն ինչ էլ եղել է այս 18 տարիների ընթացքում: Քիչ ժամանակ չէ, ինչ մենք համագործակցում ենք: Անշուշտ, եղել են երկկողմանի սխալներ, դժվար հաղթահարելի իրավիճակներ: Բայց մեր համագործակցության ռեկորդային ցուցանիշը՝ 18 տարիները, պահպանվել են՝ շնորհիվ փոխադարձ հարգանքի, վստահության և հավատարմության:
– Եվ Պլյուշչենկոն իր սպորտային կարիերայի ընթացքում կարողացել է նվաճել աշխարհի բոլոր հնարավոր և անհնար մեդալները: Ավելին՝ նա չի պատրաստվում կանգ առնել: Որքանո՞վ է հեշտ համագործակցել նման բարձունքի հասած մարդու հետ: Պլյուշչենկոն կամակո՞ր է:
– Նա սիրում է հստակություն ցանկացած հարցում: Եթե շոուներից կամ նկարահանումներից առաջ նրան չեն խոստանում մի բան, բայց մատուցում են մեկ այլ բան, ապա նա ավելին չի պահանջում: Երկար տարիներ լինելով այս ոլորտում՝ բազմիցս եմ տեսել քիթը ցցած արտիստների, սպորտսմենների: Եվգենին շատ անմիջական մարդ է: Օրինակ՝ երբ քայլում էինք երեկոյան Երևանի փողոցներով, և, բնականաբար, շատերը նրան ճանաչելով՝ բարևում էին, ցանկություն էին հայտնում լուսանկարվել, նա ոչ ոքի չէր մերժում… Նա այն սպորտսմեններից չէ, որ մեկ օրվա ճանաչումից հետո այլևս ոչ ոքի չեն ցանկանում բարևել: Նա իրոք շատ անմիջական է իր տեսակով:
– Իսկ շոուների կազմակերպիչների առջև որևէ արտառոց պայմաններ չի՞ ներկայացվում Պլյուշչենկոյի կողմից: Օրինակ, չարտերային ինքնաթիռ, հյուրանոցի յուրահատուկ և պարտադիր պայմաններ…
– Բացարձակ: Մենք ոչ մի արտառոց ռայդերներ չունենք: Գիտեմ որոշ «աստղերի», որոնց ռայդերում գրված է, որ հյուրանոցի համարում իրենց պետք է «սպասի» X անունը կրող շատ թանկարժեք երեք շիշ գինի, զուգարանի թուղթը պարտադիր իրենց ուզած գույնը պետք է ունենա… Մենք նմանօրինակ հիմարություններով չենք զբաղվում: Բացի այդ, բոլոր նրանց, ում հետ որ ես աշխատում եմ, նախապես զգուշացնում եմ, որ նման կամակորությունները միայն դժվարացնելու են իրենց ապագան: Եվգենիից բացի, օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովան ևս իմ սպորտսմենուհին է: Ես նաև նրա գործերով եմ զբաղվում:
– Ինչպե՞ս եք Դուք Ձեզ բնորոշում սպորտի ոլորտում: Դուք սպորտային մենեջե՞ր եք, թե՞ պրոդյուսեր: Եվ ո՞րն է այդ երկուսի գործառույթների տարբերությունը:
– Լինելով սպորտային մենեջեր՝ սահադաշտում ես կարող եմ լինել նաև մարզիչ, խորեոգրաֆ…
– Սպորտային մենեջերն իրավունք ունի՞ լինել խորեոգրաֆ:
– Եթե նայել եք Սոչիում կայացած օլիմպիական խաղերը, ապա ասեմ, որ գեղասահքի եզրափակչի ցուցադրական ելույթի գլխավոր խորեոգրաֆն ու ռեժիսորը ես եմ եղել: Վերջերս Ճապոնիայում կայացած Իրինա Սլուտցկայի գեղասահքի ելույթի խորեոգրաֆը ևս ես էի: Ես Երևանում եմ սկսել զբաղվել գեղասահքով: Մեր ծանոթությունը Եվգենի Պլյուշչենկոյի հետ եղավ շնորհիվ նրա մարզչի՝ մեծանուն Ալեքսեյ Միշինի, ով նաև իմ մարզիչն է եղել: Այդպես մենք ծանոթացել ենք:
– Վերջերս կայացած Ե. Պլյուշչենկոյի երևանյան ասուլիսի ժամանակ Դուք հպարտությամբ նշում էիք, որ ունենք բազում հայազգի գեղասահորդներ՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում… Փաստորեն, ամենուր, բացի Հայաստանից: Որպես սպորտային մենեջերի եմ ուղղում հարցս՝ արդյո՞ք նրանք Հայաստանում մնալով՝ կկարողանային հասնել բարձր արդյունքների:
– Ձեր հարցին պատասխանելու համար հասարակ օրինակ բերեմ միայն. Ժամանակին ԱՄՆ-ում շատ լավ հայ գեղասահորդ կար, ով ծնվել և մեծացել էր ԱՄՆ-ում: 2006 թվականին ես նրան բերեցի Երևան, որպեսզի նա՝ ստանալով հայկական անձնագիր, կարողանար 2010 թվականին ներկայացնել Հայաստանը՝ Վանկուվերում կայանալիք օլիմպիական խաղերին: Բայց երբ այդ երիտասարդը հոր հետ գնում է Զինկոմիսարիատ՝ համապատասխան փաստաթղթեր վերցնելու, նրան ասում են, որ 18 տարին լրանալուն պես նրան տանելու են բանակ: Նրանք վախեցած միայն հասցրել են ինքնաթիռի տոմս գնել և վերադառնալ ԱՄՆ: Բայց չէ՞ որ այդ երիտասարդը կարող էր Հայաստանի դրոշը բարձրացնել՝ գեղասահքի միջոցով՝ անմիջապես օլիմպիական խաղերի ժամանակ:
– Նոյեմբերին կայանալիք «Սառույցի թագավորները» շոուի ամբողջ ֆինանսական ներդրումը Ձեր ուսերին է: Երբ ասուլիսի ժամանակ հարցրեցի, թե որքա՞ն գումար է ներդրվել, Դուք պատասխանեցիք՝ բավականին շատ: Ինչո՞ւ եք գաղտնի պահում այդ թիվը:
– Ես չեմ կարող թվեր հրապարակել, քանի դեռ չգիտեմ, թե մինչև համերգի վերջին օրը հավելյալ որքա՞ն ֆինանսական ներդրումներ ևս կպահանջվեն: Հնարավոր է ևս մի քանի անգամ գնալ-գալու, հավելյալ մի քանի գովազդային պաստառներ պատվիրելու կարիք լինի… Այդ ամենը գումարների հետ է կապված:
– Այնուամենայնիվ, մինչ օրս որքա՞ն եք ծախսել:
– Մեծ թիվ: Վախենում եմ թիվ ասել: Չեմ ուզում, որ այս հարցի շուրջ ավելորդ աղմուկ բարձրանա:
– Վտանգավոր չէ՞ Հայաստանում «մեծ թիվ» ներդնել շոուի մեջ:
– Շատ վտանգավոր է: Երբ իմ ընկերներն իմացան, որ պատրաստվում եմ իրականացնել այս սառցե շոուն նաև Հայաստանում, ամեն կողմից սկսեցին զգուշացնել, որ պետք չէ նման քայլի դիմել: Ասում էին, որ «քաշվելու եմ»:
– Զգուշացնողները հայե՞ր էին:
– Մարդիկ էին, որոնք ժամանակին Հայաստանում ներդրում էին արել: Ասում էին, որ «քաշվելու տեղ ա»: Բայց ինձ համար միևնույն է՝ կքաշվե՞մ, թե՞ ոչ: Այս նախագիծն ինձ համար ազգային նշանակություն ունի: Ուզում եմ, որ վերևներում նստած մարդկանց աչքերը մի քիչ բացվեն: Հասկանան, որ մշակույթով և սպորտով են ազգ ներկայացնում:
– Դուք շարունակ նշում եք, որ կայանալիք գեղասահքի մեծ շոուն Ձեզ համար ազգային նշանակություն ունի: Բայց չե՞ք կարծում, որ նույնիսկ ամենաշքեղ և կայացած շոուն միայն շոու է: Բոլորը կհիանան, անշուշտ, մեծ բավականություն կստանան, սակայն կանցնի ժամանակը, ու կմոռանան: Եվ ուրեմն ի՞նչ ազգային նշանակության մասին է խոսքը:
– Առաջին հերթին, եթե ամեն ինչ լավ ստացվի, և ես տեսնեմ, որ մեր ժողովուրդը սիրեց գեղասահքը, ես կաշխատեմ ամեն տարի Հայաստան բերել այս շոուն` անգամ ֆինանսական տույժ կրելու պարագայում: Ես վստահ եմ, որ այս շոուի ավարտին մեր հանդիսատեսը հոտընկայս բավականին երկար ծափահարելու է մասնակիցներին: Հավատացեք, կողքից ո՛չ օգնող ունենք, ո՛չ հովանավոր: Այս շոուն իրականացվում է իմ «մերկ ինտուզիազմի» հաշվին:
– Դուք Ձեր ոլորտում առաջին տարին չեք գործում: Կարելի է ասել՝ «հին գայլերից» եք: Եվ այդ ամենով հանդերձ՝ ասում եք, որ զուտ միայն «մերկ ինտուզիազմի» հաշվին եք իրականացնում այս շոուն՝ Հայաստանում: Արդյոք «մերկ ինտուզիազմով» պրոդյուսերը կարո՞ղ է գումար աշխատել:
– Դրանով, իհարկե, գումար չես աշխատի: Դրանով կարող ես միայն ռիսկի դիմել: Երբ դիմում էինք հովանավորների, ամեն տեղից ասում էին, որ գումար և իմաստ չկա նման շոուի մեջ ներդրումներ անելու… Դե՛, ես էլ որոշեցի, որ ամեն ինչ ինքնուրույն կանեմ, անգամ՝ առանց նրանց աջակցության:
– Վաղուց արդեն նկատելի միտում է, երբ պրոդյուսերները շոուի «սոուսով» են ներկայացնում սպորտն ու դասական երաժշտությունը՝ մեծ զանգվածների ուշադրությանն արժանանալու համար: Չի՞ կորցնում արդյոք սպորտն իր մաքրությունն ու նշանակությունը, երբ պարուրվում է շոուի փայլով:
– Մակարդակը փոխվում է միայն նրանով, որ ավելանում են լույսերն ու էֆեկտները: Պրոֆեսիոնալ սպորտում չես կարող ո՛չ լույս, ո՛չ էլ էֆեկտ օգտագործել: Այնպես չէ, որ պրոֆեսիոնալ սպորտի ժամանակ մարզիկը բարդ շարժումներ է անում, իսկ շոուի դեպքում ՝ոչ: