«Հայաստանն ու եվրոպական միությունը միայն կարճաժամկետ նպատակներ կամրագրեն»
Օրերս Եվրոպական Միության խորհուրդը Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատ տրամադրեց Եվրոպական հանձնաժողովին և Հայաստանին, ինչը նշանակում է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը կարող են չստորագրված ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրից հետո նոր համաձայնագիր մշակել ու բանակցել։ Մինչ Հայաստանը կսկսի բանակցել ԵՄ-ի հետ, եվրոպական մամուլն ակտիվորեն վերլուծում է ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի ապագան` տապալված և ներկայումս վերանայվող Հարևանության քաղաքականության ֆոնին։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ «168 Ժամը» զրուցել է Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) Քաղաքական վերլուծության և ուսումնասիրության բաժնի ներկայացուցիչ, հեղինակավոր եվրոպացի վերլուծաբան Լինաս Կոժալայի հետ։
– Պարոն Կոժալա, շուրջ երկու տարի ԵՄ «Արևելյան գործընկերության» քաղաքականությունը քննադատվում էր ԱլԳ երկրների կողմից, որոնք այս ծրագրից ավելի հասանելի ու մատչելի սպասումներ ունեին, քան ԵՄ-ն կարող էր տրամադրել։ Այսօր ծրագիրը քննադատվում է նաև եվրոպական մամուլում, և ներկայիս փուլը որակվում` որպես անցումային։ Ի՞նչ ապագա եք տեսնում «Արևելյան գործընկերության» համար այս փուլից հետո, եթե հաշվի առնենք ծրագրի պատմության տված դասերը։
– «Արևելյան գործընկերությունն» այսօր դարձել է բազում ճանապարհների, մտքերի, ռազմավարությունների խաչմերուկ, քանի որ ԵՄ տարբեր երկրներ տարբեր ռազմավարություններ են առաջարկում այս ծրագրի առաջմղման, ապագայի համար։ Հաշվի առնելով ուկրաինական զարգացումները, հնարավոր է, որ ծրագրի նոր քաղաքական մեկնարկը ներկայումս այդքան էլ ճիշտ չէ, քանի որ պետք է սպասել և, արդյունքներից ելնելով, մտածել, թե ինչ պետք է անել այդ քաղաքականության ապագայի համար։ ԵՄ-ում կան երկրների մի քանի խմբեր, որոնցից յուրաքանչյուրն այս ծրագրում մի նպատակ է հետապնդում, որը տարբերվում է մյուսի նպատակից։
Բնականաբար, Արևելյան Եվրոպայի երկրները` Լատվիան, Լիտվան և մնացածը, կարծում են, որ սա մի ծրագիր է, որի շրջանակում բարեփոխումների ողջ փաթեթի իրականացումից հետո ԱլԳ երկրները հնարավորություն կունենան միանալ ԵՄ-ին։ Այլ երկրները, հատկապես` Արևմտյան Եվրոպան, օրինակ, Գերմանիան, կարծում են, որ այլ քաղաքականություն է անհրաժեշտ, գուցե ԵՄ-ի այս հատվածը կողմ է կայուն գոտու ստեղծմանն ԱլԳ-ի միջոցով, որի համար անհրաժեշտ են տնտեսական և քաղաքական բարեփոխումներ, սակայն այս երկրների դեպքում ԵՄ անդամակցությունը նպատակ չէ։ Ինչպես երկու տարի առաջ, այսօր էլ 28 երկրների միջև այս ծրագրի հստակ նպատակի շուրջ կոնսենսուս գտնելը բավականին բարդ գործընթաց է։ Ներկայումս կա կոնսենսուս, և այն հետևյալն է` Գործընկերության քաղաքականությունը պետք է փոխել. ուկրաինական պատերազմը, իրավիճակը Բելառուսում և այլ երկրներում` փոխում է ծրագրի լանդշաֆտը և գլխավոր միտքը, որն իշխում է Բրյուսելում և ԵՄ մյուս մայրաքաղաքներում, այն է, որ Արևելյան գործընկերությունը պետք է հնարավորինս տարբերակված լինի, այսինքն` յուրաքանչյուր երկրի հետ ԵՄ-ն պետք է ունենա համատեղ աշխատանքի հստակ շրջանակ, քանի որ արդեն հասկացել է, որ մեկ քաղաքականությունը չի կարող կիրարկելի լինել վեց տարբեր երկրի դեպքում, հատկապես` ներկայումս, երբ Մոլդավան, Ուկրաինան և Վրաստանը ստորագրել են Ասոցացման համաձայնագրեր, Հայաստանը և Բելառուսը` միացել Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Ադրբեջանը հետաքրքրված չէ ԵՄ-ի հետ մերձեցմամբ այնքան, որքան Ուկրաինան։
Այսինքն` յուրաքանչյուր երկրի դեպքում մենք պետք է հատուկ շրջանակ մշակենք` ունենալով հստակ թիրախ այդ երկրի համար։ Այս դեպքում գուցե գանք դրական եզրահանգումների, քանի որ Մոլդավան արդեն ունի ազատ վիզային ռեժիմ ԵՄ-ի հետ, Վրաստանն ու Ուկրաինան շարժվում են այդ ուղղությամբ։ Այսինքն` սա մի վերակազմավորման փուլ է, որը նոր ուղի կառաջարկի Բելառուսին, Հայաստանին և մյուս երկրներին, բայց վստահաբար` առանց ԵՄ անդամակցության հեռանկարի։
– Արդեն խոսեցիք որոշ խնդիրների մասին։ Ձեր կարծիքով` ուրիշ ի՞նչ խնդիրներ կան ծրագրում։ Կան փորձագետներ, որոնք կարծում են, որ ԵՄ-ի «հանձնարարած տնային աշխատանքը» հագեցած էր, իսկ դրա փոխարեն տրվելիք արտոնությունները` չափազանց քիչ, մինչ այդ երկրները կատարում են իրենց ծանր և երկարատև տնային աշխատանքը ԵՄ-ի հետ մերձեցման հերթական փուլն անցնելու համար, առաջ են գալիս իրական խնդիրները, ինչն էլ եղավ Ուկրաինայի և Հայաստանի դեպքում։
– Ես կարծում եմ` այս ամենի առաջնային պատճառն այն է, որ չկա այս ծրագրի հստակ նպատակը, այսինքն` նպատակ, որն ընդունելի է ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից։ Օրինակ` Բալթյան երկրների ներկայացուցիչները մշտապես պնդում են, որ ԱլԳ երկրները պետք է անեն նույն տնային աշխատանքը, ինչն իրենք` ԵՄ անդամակցությունից առաջ։ Բայց հասկանալի է, որ սա ԱլԳ երկրների դեպքում բավականին դժվար է, քանի որ չկա անդամակցության հեռանկար, հստակ բյուջե այս բարեփոխումների և համաձայնագրերով նախատեսվող աշխատանքի համար։ Բայց հիմնական ընկալումը ԵՄ-ում հետևյալն է` Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի, որից հետո գուցե իրենք սկսեն քննարկել անդամակցության հեռանկարը, այսինքն` եթե ԱլԳ երկրները ցուցաբերեն հստակ կամք իրենց քայլերով։
Բայց այս փուլում դժվար է մի կարծիքի շուրջ համախմբվելը` «Արևելյան գործընկերությունը» դարձել է դիլեմա` այն դեպքում, երբ ԵՄ-ն այսօր ունի այլ ռազմավարական դիլեմաներ ևս, ինչպիսին միգրացիոն, անվտանգության քաղաքականությունն է։ ԵՄ-ն ունի մի շարք ռազմավարական խնդիրներ։ Նույնիսկ բարդ է ասելը, թե ԵՄ-ն ինչ ուղղությամբ կշարժվի ապագայում և ինչ շեշտեր կդնի։ Երբ դու ունես հստակ նպատակներ, դու կարող ես ֆիքսել այն մեթոդները և եղանակները, որոնց միջոցով կարող ես հասնել այդ նպատակներին, երբ դու չունես հստակ նպատակ, ապա այդ մեթոդների մասին խոսելը բարդ է։
Երբ մենք ունենք հավաքական նպատակ, նույնիսկ շատ փոքր, ինչպիսին վիզաների ազատականացումն է Ուկրաինայի և Վրաստանի հետ, հեշտ է իրականացնելը։ Այս երկրները հստակ գիտեն, որ շատ մոտ են այդ նպատակի իրականացմանը, նրանք պետք է աշխատանք իրականացնեն ու ունենան դա, սա կարճաժամկետ նպատակ է, օրինակ` Հայաստանը բաց կթողնի այս նպատակը։ ԵՄ-ն չի կարող շատ բան առաջարկել, և ՀՀ-ն չգիտի` ինչ անել իր ցանկացածին կամ իրեն անհրաժեշտ նպատակին հասնելու համար։ Առաջին հերթին` պետք է ուղիղ բանակցությունները վերսկսվեն` գուցե ոչ այնքան «Արևելյան գործընկերություն» ծրագրի նպատակների ու օրակարգի շրջանակում, որքան «Արևելյան գործընկերության նպատակները Հայաստանում» շրջանակում։ Դա կտարբերվի մեծապես Մոլդավայից, Վրաստանից և Ուկրաինայից։ Մեզ այս պահին կարճաժամկետ նպատակները ևս կօգնեն, առանց դրա անհնար է ԱլԳ-ի մասին խոսել` որպես իրական քաղաքականության, քանի որ ներկայիս պայմաններում` եթե բոլոր երկրները չունեն Ասոցացման համաձայնագրեր, «Արևելյան գործընկերությունը» չի աշխատի։
– Օրեր առաջ ԵՄ խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատ տվեց։ Ձեր կարծիքով` որքանո՞վ է իրատեսական ԵՏՄ անդամակցության համատեղումը ԵՄ-ի հետ համաձայնագրի հետ, երբ ԵՏՄ-ն ինտեգրացիոն, նոր ձևավորվող կառույց է և փորձելու է իր չափանիշները ձևավորել, դրանք պարտադրել Հայաստանին և Բելառուսին։
– Բարդ հարց է, կա անվտանգության հարց, Ռուսաստանի ներկայություն Հայաստանում, որը Հայաստանի համար կարևոր է։ Քանի որ ԵՏՄ-ն մի շարք հարցերում անհամատեղելի է ԵՄ փաստաթղթավորման և կարգավորումների հետ, ենթադրում եմ, որ Հայաստանը ԵՄ-ի հետ չի կարող բարձր մակարդակի հարաբերություններ ունենալ։ Նոր համաձայնագիրը, վստահաբար, փոքրամասշտաբ նպատակներ կներառի, համագործակցության համաձայնագրեր որոշ ոլորտներում։ Ես չեմ կարծում, որ ընդարձակ համաձայնագիր կարող է լինել Հայաստանի հետ մոտ ապագայում, քանի որ կա Ռուսաստանի ռազմավարական ազդեցությունը և ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությունը։
– Քանի որ խոսեցիք ՌԴ ռազմավարական ներկայությունից, հարկ է նշել, որ ԽՍՀՄ շրջանից ժառանգված տարածքային հակամարտությունների միջոցով էլ ՌԴ-ն պահպանում է այդ ներկայությունը, որն էլ պատճառ դարձավ ուկրաինական զարգացումներին և ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության։ ԵՄ-ն, ի թիվս «Արևելյան գործընկերության» այլ խնդիրների, սա կդիտարկի՞` որպես վերանայման ենթակա հարց։
– Սա շատ բարդ հարց է, քանի որ սառեցված հակամարտությունն ընկալվում է` որպես արգելակող հանգամանք, շատ դեպքերում մենք չենք կարող խոսել ինտեգրման կամ բարձր մակարդակի համագործակցության մասին ԵՄ-ի հետ, երբ երկիրը հակամարտության մեջ է, կամ չկա տարածքային ամբողջականություն։ Մենք ունենք խնդիր Մոլդավայում, Ուկրաինայում, Հայաստանում։ Սա արգելակող է դիտարկվում արևմտյան գործընկերների համար։ Սա անակնկալ էլ չէ նույնիսկ, քանի որ ՌԴ-ն դրանք օգտագործում է արևմտյան կառույցների մուտքն այդ երկրներ սահմանափակելու նպատակով։ Դժվար կլինի։ ԵՄ-ն այս պահի դրությամբ չունի լուծում այս հարցի համար։
Շատ հարցերում ԵՄ-ն ջանում է միջնորդ լինել, բայց վերջնարդյունքում արդյունքների չի հասնում։ Երևի թե այն, ինչ ԵՄ-ն կընդգծի, այն է, որ յուրաքանչյուր երկիր իր ներսում պետք է խնդիրների լուծումն ունենա, լուծման հեռանկարի հստակ պատկերացումը, նրանք պետք է ներսում հասկանան` ինչպես լուծեն հակամարտությունը, ապա ԵՄ-ն կարող է աջակցություն ցուցաբերել` տեսնելով լուծումը, բայց ԵՄ-ն չի կարող ինքը միջամտել ու լուծել կամ գաղափարներ տալ, հատկապես, երբ Արևմտյան Եվրոպան մտածում է, որ այս տարածաշրջանը հեռու է, ռազմավարապես անհետաքրքիր և ՌԴ ազդեցության գոտի, որտեղ նրանք չեն ցանկանում մուտք գործել` ՌԴ-ի հետ առճակատումից խուսափելու համար։