«Համաշխարհային բանկը դեռևս 90-ական թվականներին էր դեմ «Նաիրիտին»»

««Նաիրիտ» գործարանի արտադրության վերաթողարկման հետ կապված կա 3-4 ծրագիր՝ փուլային, նախնական և հետագա զարգացման ծրագրեր: ԱԺ-ում կա ենթահանձնաժողով՝ Վարդան Այվազյանի գլխավորությամբ, «Նաիրիտի» վերաթողարկման հետ կապված: Ենթահանձնաժողովը նախարարությունից պահանջել է այդ ծրագրերը, նախարարությունն էլ իր հերթին՝ գործարանի կողմից պետք է դրանք ստանա ու տրամադրի: Ծրագրերը ռեալ իրատեսական են: Ներդրողը հենց սկզբից կանցկացնի իր աուդիտը և իր բիզնես ծրագրի համապատասխան՝ կանի իր քայլերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:

Նա նշեց, որ Համաշխարհային բանկը դեռևս 90-ական թվականներին էր դեմ «Նաիրիտին», և նրանց աուդիտը մասնագետները ռեալ չեն համարում. «Մեր կաուչուկը որակով երբեք չի զիջել որևէ արտադրության, այն ավելի որակյալ է եղել, քան գերմանական կամ ճապոնական, ամերիկյան արտադրանքը»:

Այս խնդրի վերաբերյալ «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հավելեց, որ այն տարիներին, երբ «Նաիրիտն» աշխատել է, իր արտադրանքն ամբողջությամբ իրացվել է. «Ոչ մրցունակ, ոչ որակյալ արտադրանքն իրացվել պարզապես չի կարող: «Դյուպոնի» տեխնոլոգիան ներդրված է «Նաիրիտում», ու «Դյուպոնի» արտադրանքին մեր արտադրանքը զիջել չի կարող»:

Հրաչ Թադևոսյանի կարծիքով՝ տարիների ընթացքում վատ կառավարման հետևանքով է «Նաիրիտը» հիմա այս վիճակում. «Չեմ կարծում, որ հանրապետության որևէ ղեկավար ուզենար, որ «Նաիրիտը» չաշխատի, այն պարզապես դժվար ու բարդ օրգանիզմ է, այն պետք է նայել՝ որպես Հայաստանի բրենդ, ու հետը զգույշ վարվել: Անհրաժեշտ է քաղաքական կամք, քաղաքական որոշում երկրի ղեկավարության կողմից, որ «Նաիրիտն» աշխատեցնեն: Մեր օլիգարխներն ունեն հնարավորություն «Նաիրիտում» ներդրումներ անելու, բայց որքան ես եմ հասկանում՝ նրանք չեն սպասի, որովհետև սովոր են, որ այսօր ներդրում արեցին, վաղը շահույթը տեսնեն, իսկ «Նաիրիտում» շահույթը վաղը չեն կարող տեսնել, եթե այսօր ներդրում անեն, առնվազն 4-5 տարի հետո նոր եկամուտ կունենան»:

Անուշ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ ոչ միայն կառավարման խնդիր է «Նաիրիտի» խնդիրը, այլ նաև պետության և պետական մոտեցման. «Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ «Նաիրիտի» մասին պետք է առանձին օրենք ընդունել: Խնդիր է նաև այն, որ ի սկզբանե «Նաիրիտի» համար նախատեսված գումարները գալիս են ոչ «Նաիրիտի» համար, որովհետև, երբ որ կառավարությունը պայմանագիր է կնքում մի կազմակերպության, որի կանոնադրական կապիտալը 20 հազար դոլար է, և որը գրանցված է օֆշորում, ու չգիտես՝ ինչ վստահությամբ՝ նրան 70 մլն, հետո նաև՝ 110 մլն դոլար վարկ են տալիս, դա արդեն կասկածներ է առաջացնում, թե այդ վարկն ինչի՞ համար է եկել, և ո՞ւր պետք է գնա: Այսինքն՝ «Նաիրիտի» խնդիրները ոչ թե արտադրանքի մեջ են, ոչ թե նրա մրցունակության մեջ են, ոչ թե իրացման խնդիրների մեջ են, այլ ընդամենն այն մոտեցման, թե «Նաիրիտի» վրա ինչպես պիտի գումարը ծախսվի»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս