«Գագիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն աբսուրդ է». Վահրամ Բաղդասարյանը՝ ՀԱԿ-ին

«Աբսուրդի հավասար հայտարարություն եմ դա համարում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) այսօր տարածած հայտարարության մասին, թե՝ «սահմանադրական հանրաքվեի սկսված գործընթացը կմնա ապօրինի, և նրա արդյունքներն այս գլխից՝ անվավեր, քանի դեռ Գագիկ Հարությունյանը հրաժարական չի տվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից»՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ հայտարարության մեջ ասվում է, որ Սահմանադրական հանրաքվեն ապօրինի է, քանի որ ի սկզբանե առկա է նրա վերջնական արդյունքները կանխորոշող կարևոր հանգամանք՝ կապված Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ունեցած գործունեության հետ. «Համաձայն Սահմանադրության 98-րդ և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 3-րդ հոդվածների, Սահմանադրական դատարանի անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ»,- ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ և նշվում, որ Գ. Հարությունյանը մասնակցել է քաղաքական գործունեության։

Վ. Բաղդասարյանի խոսքով՝ Գագիկ Հարությունյանը երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել իր պաշտոնավարման ընթացքում, և նա կատարել է իր՝ Սահմանադրական դատարանի նախագահի և հանձնաժողովի անդամի պարտականությունները: Ըստ նրա՝ սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ, քաղաքական ուժերը, տեսնելով, որ իրենց սկսած գործն արդեն իսկ մատնված է անհաջողության, պատրվակներ են փնտրում:

«Այլընտրանք չկա, քաղաքական բոլոր ուժերը, իշխանությունները, Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ պետք է անեն, որ Մայր օրենքի հանրաքվեն անցնի ամենաբարձր մակարդակով և հանրությանն ընկալելի լինի, հակառակ դեպքում՝ մենք կունենանք լուրջ խնդիրներ»,- նշեց Վ. Բաղդասարյանը:

Կարդացեք նաև

Մեր այն դիտարկմանը, որ ՀԱԿ-ն ասում է, որ Գ. Հարությունյանը եղել է նոր Սահմանադրությունը մշակող հանձնաժողովի նախագահը, ոչ միայն ակտիվորեն մասնակցել է հանրաքվեի դրված նախագծի կազմմանը, այլև եռանդուն քարոզչություն է իրականացրել դրա օգտին, ու դրանով նա, նախ՝ խախտելով Սահմանադրության և օրենքի հստակ պահանջը, զբաղվել է քաղաքական գործունեությամբ, Վ. Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Եթե ինքը՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ կամ հանձնաժողովի նախագահ, դրույթների մեկնաբանությանը մասնակցել է, որպեսզի հանրությանն ընկալելի լինի՝ այդ ինչ փոփոխություններ են կատարվում, դա համարվում է քարոզչությո՞ւն: Ես հակված եմ այն մտքին, որ այդ «ոչ» ասողները պետք է հիմնավորեն, որ հասկանանք՝ ինչո՞ւ են «ոչ» ասում, ու դրա համար պետք է այդ նյութերը մասնագիտական վերլուծության ենթարկեն: Այսինքն՝ Գագիկ Հարությունյանը և հանձնաժողովի մյուս անդամները կատարել են իրենց պարտականությունը՝ մասնագիտական վերլուծության են ենթարկել, որպեսզի և՛ կողմ քվեարկողները հասկանան, թե ինչին են կողմ քվեարկում, և՛ «ոչ» ասողները տիրապետեն, թե ինչին են «ոչ» ասում»:

Նշենք, որ հայտարարության մեջ նաև ասվում է, որ «լինելով ու հրապարակավ ներկայանալով՝ որպես հանրաքվեի դրված նախագծի պաշտպան, Գ. Հարությունյանը՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ, չի կարող անաչառ ու անկողմնակալ լինել հանրաքվեի արդյունքների բողոքարկման դեպքում գործը քննելիս»։

Այս առնչությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ, երբ Գագիկ Հարությունյանը հանձնաժողովի անդամ է, դա լրիվ այլ գործառույթ է, երբ Սահմանադրական դատարանի նախագահ է, լրիվ այլ գործառույթ է. «Ես չեմ կարծում, որ կլինի այնպիսի իրավիճակ, որ բողոքարկման կարիք կլինի, որովհետև այնքան թափանցիկ և ընկալելի կլինի, որ դրա անհրաժեշտությունը չի լինի: Եթե եղավ դրա անհրաժեշտությունը, կարծում եմ, որ Գագիկ Հարությունյանն այնպիսի սկզբունքային անձնավորություն է, որ նա հանդես կգա՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ, և իր կարգավիճակը կփոխվի»:

Վ. Բաղդասարյանը Գ. Հարությունյանի հրաժարականի պահանջն աբսուրդ է համարում:

Տեսանյութեր

Լրահոս