Գագիկ Հարությունյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ լինել հանրաքվեի արդյունքների բողոքարկման դեպքում գործը քննելիս. ՀԱԿ

«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ կետով Հանրաքվեի արդյունքները կարող են վիճարկվել Սահմանադրական դատարանում` արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:

Այսինքն հանրաքվեի պաշտոնական բուն գործընթացն սկսվում է քարոզչության համար սահմանված առաջին օրից եւ ավարտվում քվեարկությունից հետո հրապարակված արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար օրենքով սահմանված հնարավորության 7-օրյա ժամկետով։ Այս ընթացքում հանրաքվեի վերջնական արդյունքները կանխորոշող որեւէ հանգամանք ապօրինի ու անվավեր է դարձնում հանրաքվեն։

Համաձայն Սահմանադրության 98-րդ եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 3-րդ հոդվածների, Սահմանադրական դատարանի անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Նույն Սահմանադրության եւ օրենքի պահանջներով Սահմանադրական դատարանի միակ գործառույթը գործող Սահմանադրության պահապան լինելն է, նա համաձայն «Սահմանադրական դատարանի մասին օրենքի 1-ին հոդվածի՝ «ապահովում է Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը եւ անմիջական գործողությունը»։

Ըստ այսմ՝ մեկնարկած սահմանադրական հանրաքվեն ապօրինի է, քանի որ ի սկզբանե առկա է նրա վերջնական արդյունքները կանխորոշող կարեւոր հանգամանք՝ կապված Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ունեցած գործունեության հետ։ Վերջինս եղել է նոր սահմանադրությունը մշակող հանձնաժողովի նախագահը, ոչ միայն ակտիվորեն մասնակցել է հանրաքվեի դրված նախագծի կազմմանը, այլեւ եռանդուն քարոզչություն է իրականացրել դրա օգտին։ Դրանով նա, նախ՝ խախտելով Սահմանադրության եւ օրենքի հստակ պահանջը, ըստ էության, զբաղվել է քաղաքական գործունեությամբ։ Երկրորդ՝ լինելով ու հրապարակավ ներկայանալով որպես հանրաքվեի դրված նախագծի պաշտպան, նա, որպես Սահմանադրական դատարանի նախագահ, չի կարող անաչառ ու անկողմնակալ լինել հանրաքվեի արդյունքների բողոքարկման դեպքում գործը քննելիս։

Սահմանադրական հանրաքվեի սկսված գործընթացը կմնա ապօրինի եւ նրա արդյունքներն այս գլխից անվավեր, քանի դեռ Գագիկ Հարությունյանը հրաժարական չի տվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից։

Հայ ազգային կոնգրես

Տեսանյութեր

Լրահոս