Չենք հանդուրժելու թշնամու սանձարձակ պահվածքը

hayzinvor.am-ը զրուցել է  զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Գասպարյան, Ձեր հրամանատարությամբ գործող զորամիավորումն իրականացնում է հանրապետության պետական սահմանի պատասխանատու հատվածի պահպանությունը: Հակառակորդն այստեղ կրակում է ամեն օր ոչ միայն դիրքերի ուղղությամբ, այլեւ գյուղի ու գյուղացու: Սակայն այս սեպտեմբերին չափն անցավ` կիրառելով հրթիռահրետանային կայանք: Բերդավանում եւ Պառավաքարում երեք բնակիչ է զոհվել: Այժմ ինչպիսի՞ն է իրավիճակը, եւ ի՞նչ նպատակ է հետապնդում ադրբեջանական զինուժը` խոշորացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը:

-Ձեր հարցում արդեն պատասխանը կար` հակառակորդ: Սրանով արդեն ամեն ինչ ասված է, այնպես որ՝ բարեկամական պահվածք չպետք է ակնկալել: Ադրբեջանական վերնախավի ստանձնած քաղաքականությունը պարզ է` լարել իրավիճակը սահմանագոտում, պատճառներն ու նպատակներն էլ մեզ` զինվորականներիս համար երկրորդական են, էականը նրանց պատժելն ու սաստելն է, ինչն էլ անում ենք: Մեր իրականացրած գործողությունների արդյունքում այժմ սահմանին հանգիստ է: Կարծում եմ` հասկացել են` չենք հանդուրժելու իրենց սանձարձակ պահվածքը: Պետք է նաեւ ասեմ` այսօր սահմանամերձ գյուղերում հերոս ժողովուրդ է ապրում, որ կրակի տակ հողագործությամբ է զբաղվում, տուն է կառուցում: Զենքի ուժով նրանց չես ընկճի, որովհետեւ այստեղի բնակչության համար հրադադար, ըստ էության, երբեք էլ չի եղել…

-Պարոն գեներալ, ինչպե՞ս է պատժվել հակառակորդը:

-Փակագծերը չեմ բացի: Ասեմ միայն` որեւէ ոտնձգություն անպատասխան չի մնացել. հակահարվածը ցավոտ էր, խիստ ու անհամաչափ: Կորուստների հարաբերակցությունը` մեկը ութին: Միայն զոհերն եմ նշում, վիրավորներին չեմ էլ անդրադառնա:

-Իսկ մենք սպասո՞ւմ էինք, որ հակառակորդը հրթիռահրետանային կայանք գործի կդնի:

-Կանխատեսում էինք: Պատրաստ էինք: Մենք անմիջապես պատասխանեցինք, թերեւս այդ է պատճառը, որ հետեւանքները շատ ավելի ծանր չեղան: Հրետանային ստորաբաժանումների գործողություններով միանգամից ճնշել ենք հակառակորդի հրետանային մարտկոցները, կրակակետերը, որոնք հետախուզվել էին շատ ավելի վաղ:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խստորեն դատապարտեցին հրետանու կիրառումը, սակայն այս անգամ էլ նրանց հայտարարությունը հասցեական չէր, այլ ուղղված էր երկու կողմերին…

-Մենք երբեւիցե չպետք է հույսներս դնենք միջազգային կառույցների վրա, կամ, թե` ինչ կասի աշխարհը: Այսօր թեժ կետերը շատացել են, եւ, ինչպես տեսնում ենք, աշխարհն իր շահերն է հետապնդում: Մենք էլ նրանց համար բացառություն չենք: Պարզապես պետք է ուժեղ լինենք, գործենք վարպետորեն: Սա է զսպման միակ մեխանիզմը: Խոսելով հակառակորդին չես սաստի, միայն` հակագործողությամբ:

-Այսինքն` արդարությունը սահմանին հաստատում է բանակը` սպան, պայմանագրային ու ժամկետային զինծառայողը… Իսկ ինչպիսի՞ն է մեր զինվորականության բարոյահոգեբանական վիճակը:

-Վերջերս այս աշխատասենյակում Վիեննայի 2011թ. Փաստաթղթի շրջանակներում Հայաստան այցելած Ֆրանսիայի բազմազգ տեսչական խմբի անդամներից մեկն ինձ հարցրեց` ինչպե՞ս եք բարձրացնում զինվորի եւ սպայի մարտական ոգին: Ես պատասխանեցի, որ մենք զինվորի ոգին բարձրացնելու խնդիր չունենք, ընդհակառակը, այն զսպելու խնդիր ունենք: Հենց իրավիճակը մի քիչ լարվում է, մեր զինվորականները` թե՛ սպաները, թե՛ պայմանագրայինները, թե՛ ժամկետայինները, առյուծ են դառնում: Ես համոզված եմ` եթե պատերազմ եղավ, նորից ենք հաղթելու եւ ոչ միայն ոգու, այլեւ մեր պատրաստվածության շնորհիվ: Այս ընթացքում հակառակորդից չորս անգամ քիչ ենք կրակ վարել, զինամթերք կիրառել, բայց յոթ անգամ ավելի դիպուկ ենք եղել: Միայն մարտական ոգին բավական չէ, պետք է ունենալ նաեւ մարտական բարձր պատրաստության աստիճան: Եթե վարպետությունը կաղաց, մարտական ոգին էլ կնվաղի: Դեպքերը ցույց տվեցին, որ մի քանի տարիների մարտական պատրաստության ընթացքը ճիշտ էր եւ նպատակաուղղված:

-Մյուս կողմից էլ, պարոն հրամանատար, հակառակորդի այս գործողությունները մեր զինվորի համար փորձ ձեռք բերելու եւ իր պատրաստությունը ստուգելու հավելյալ հնարավորություն են:

-Յուրաքանչյուր օղակի սպա իր մասնագիտական պատրաստությունը կատարելագործում է պատերազմականին մոտ իրավիճակում: «Շնորհիվ» հակառակորդի մենք նման իրավիճակների պակաս չունենք: Մենք այսօր ունենք սպաներ, որոնք ծառայություն են իրականացնում բարձր օղակներում` գնդի հրամանատար են, զորամիավորման հրամանատարի տեղակալ եւ այլն, բայց տարիքով կրտսեր են եւ չեն մասնակցել Արցախյան պատերազմին: Նրանք մարտական հերթապահության ընթացքում` նման իրավիճակներում են փորձ ձեռք բերում: Այդ փորձը մեր բանակին հետագայում պետք կգա: Իհարկե, Աստված ոչ անի, որ պատերազմ լինի: Ինչպես ասում են` խախուտ խաղաղությունն անգամ ավելի նախընտրելի է:

-Հակառակորդը կարծես թե նախընտրում է պատերազմը…

-Ինչպես ժողովուրդն է ասում` «Հաչան շունը կծան չի լինում…»: Բայց մենք սպասում ենք, պատերազմ չենք ուզում, բայց սպասում ենք… Այդ ժամանակ էլ կտեսնենք, թե ով ով է, ով ինչի է ընդունակ…

Տեսանյութեր

Լրահոս