Հայաստանն ունի եվրոպական մանդատ, հերթը ՌԴ-ից մանդատ ստանալունն է

Չնայած քաղաքացիական հասարակության շարքերում առկա բացասական սպասումներին` օրերս Եվրամիության Արտաքին հարաբերությունների խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին և Եվրամիության բարձր ներկայացուցչին լիազորեց այլևս Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր, համապարփակ և իրավական ուժ ունեցող համաձայնագրի շուրջ` ընդունելով բանակցությունների համար համապատասխան մանդատ, ինչպես և Եվրոպական միությունը խոստացել էր Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթաժողովի ընթացքում` դա ամրագրելով գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում։

Նոր համաձայնագիրը, ինչպես տեղեկացրել էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը, կփոխարինի ԵՄ-ի և Հայաստանի միջև կնքված Գործընկերության և համագործակցության մասին ներկայիս համաձայնագրին։ Սակայն, փորձագետների պնդմամբ, այն չի փոխարինի Հայաստան-Եվրոպական միություն 3,5 տարի բանակցված, բայց չստորագրված Ասոցացման համաձայնագրին։ Այնուամենայնիվ, նոր բանակցությունները սկսվելու են մինչև այս տարվա վերջ, և ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել շարունակել զարգացնել և ամրապնդել Հայաստանի հետ իր համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակում` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Օրերս «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեզ հետ զրույցում նշել էր, որ բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ տարիներ չեն խլի կողմերից, քանի որ Հայաստանն ու Եվրոպական միությունն ունեն բանակցությունների որոշակի հիմք, ինչը ենթադրելու առիթ է տալիս, որ նոր համաձայնագրի վերջնական, բանակցված տեսքը պատրաստ կլինի մի քանի ամիսների ընթացքում։ Նա նաև նշել էր, թե որ ոլորտներում համագործակցությանն է վերաբերելու փաստաթուղթը։ Ըստ Էդուարդո Լորենցո Օչոայի` ժողովրդավարության ամրապնդումը, շուկայական տնտեսության գործարկումը, մակրոտնտեսական կայունության զարգացումը և բիզնես միջավայրը կլինեն նոր իրավական հիմքի հիմնաքարերը։ «Առևտուրը ևս ներառվելու է այս շրջանակում։ ԵՄ-ն ՀՀ-ի առաջին առևտրային գործընկերն է, Հայաստանի արտահանման 27%-ի իրացնողը։ Սա փաստ է և ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմնական հատվածը։ Նոր իրավական հիմքը, բնականաբար, կարտացոլի այս իրականությունը և կձևակերպվի այնպես, որ ամբողջությամբ համատեղելի կլինի Հայաստանի միջազգային պարտավորությունների հետ»,- ասել էր նա։ Սակայն ԵՄ պաշտոնյաները, փորձագետները, հայաստանյան փորձագիտական և քաղաքացիական հանրությունը վստահ չէ, որ ՀՀ իշխանություններն այս անգամ ևս չեն հրաժարվի համաձայնագրից, ինչպես 2013թ. սեպտեմբերի 3-ին` Ասոցացման համաձայնագրից։

Political analyst Stepan Grigoryan is guest in Henaran press club

Մեզ հետ զրույցում «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն ասաց, թե երաշխիքներ չկան, որ ՀՀ իշխանությունները` այս անգամ ևս չեն հրաժարվի ԵՄ-ի հետ բանակցվելիք համաձայնագրից։ Սակայն, ըստ վերլուծաբանի, Հայաստանի համար գոյություն ունի մեկ այլ երաշխիք։ «Մեր երաշխիքն այն է, որ ԵՏՄ-ն որևէ օգուտ չի տալիս Հայաստանին, քանի որ երկու տարի առաջ սեպտեմբերի 3-ին ՀՀ իշխանությունները, հայտարարելով ԵՏՄ-ին միանալու իրենց որոշման մասին, որոշակի սպասելիքներ ունեին ԵՏՄ-ից, սակայն դրանք չարդարացան, ուստի շատ հավանական է, որ այս անգամ բանակցությունները հաջողությամբ պսակվեն։ Այլ երաշխիքներ չունենք, քանի որ փորձը ցույց է տալիս, որ կարող ենք բավական երկար ժամանակ բանակցություններ վարել, առաջատար լինել, սակայն վերջին պահին ինչ-ինչ գործոններ, այդ թվում` ռուսական, ազդեն մեր վերջնական որոշման վրա։ ԵՏՄ-ում` բացի բացասականից, ոչ մի արդյունք չենք ստացել, ու դրական զարգացումների ու դրական միտումների սպասելիք չունենք, ինչը կարող է երաշխիք դառնալ, որ ՀՀ իշխանությունները ստորագրեն նոր փաստաթուղթը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Նա համոզված է, որ ՀՀ իշխանություններն այդքան էլ միամիտ չեն, երկու տարի առաջ հասկանում էին, որ ՌԴ-ն ամենալավ առևտրային գործընկերը չէ, բայց ոչ ոք չէր պատկերացնում, բացառությամբ մի քանի փորձագետների, որ այդքան լուրջ վտանգներ կպարունակի այդ ընտրությունը Հայաստանի համար։ Ս. Գրիգորյանի կարծիքով` դժվար էր կանխատեսել, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, դժվար էր կռահել, որ ՌԴ-ում տնտեսական ճգնաժամ է լինելու, բայց ավելի դժվար էր պատկերացնել, որ ՌԴ-ն կփակի իր շուկան Հայաստանի առջև` ՌԴ-ն փակեց ՀՀ-ի առջև ձկան, սպիրտի, կոնյակի, գինու շուկաները։

«Դա է պատճառը, որ մենք քննադատում ենք իշխանություններին, մենք զգուշացրել էինք նրանց ընտրության հետևանքների մասին, քանի որ տեղյակ էինք խաղի կանոններին, սակայն հասկանում ենք նաև` իրենք չէին պատկերացնում, որ այլ ձևերով նույնիսկ հնարավոր չի լինի ՌԴ-ում հարցեր լուծել։ Այլ ձևեր ասելով` նկատի ունեմ կոռուպցիան, ատկատները, այս անգամ ոչ մի մեխանիզմ չաշխատեց, դա կռահել հնարավոր չէր։ Նրանք հույս ունեին, որ կշրջանցեն այս գոտու մինուսներն այլ մեխանիզմներով, դա ևս չստացվեց»,- նշեց Գրիգորյանը։

ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ճակատագրի կրկնությունից խուսափելու համար, Ս. Գրիգորյանի համոզմամբ, ՀՀ իշխանությունները պետք է ՌԴ-ի հետ հիմա սկսեն աշխատել, այլ ոչ թե վերջին պահին։ «Եթե հիշում եք, ՌԴ դեսպանը սեպտեմբերի 3-ից առաջ հայտարարեց, որ Ասոցացման համաձայնագրի տեքստին ծանոթ չեն, ոչ էլ բացատրություն են ստացել ՀՀ իշխանություններից։ Ասոցացման համաձայնագիրը, իրականում, ոչ մի վտանգ չէր պարունակում ՌԴ-ի համար, քանի որ քաղաքական մասում չկային ձևակերպումներ, թե Հայաստանը ցանկանում է միանալ ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին, ընդհակառակը` գրված էր, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, ինչը նշանակում է, որ այդ պայմանագիրը չէր լուծում Հայաստանի անվտանգության խնդիրը։ Այսինքն` նույնիսկ այն ժամանակ համապատասխան բացատրական աշխատանքը կօգներ։

Այսօր ոչ միայն եվրոպացիների, այլև ռուսների հետ պետք է աշխատել ու բացատրել, որ, ի վերջո, եթե ՌԴ-ն նույնիսկ դեմ է համաձայնագրին, ապա պետք է ՀՀ-ին աջակցի տնտեսապես, քանի որ, ստացվում է, որ ԵՏՄ-ում մենք պարտավորություններ ենք ստանձնում, բայց դրա դիմաց ոչինչ չենք ստանում։ Մենք ազատորեն կարող ենք և պետք է պահանջներ ներկայացնենք, որպեսզի վերջում նրանց արձագանքն այս համաձայնագրին անսպասելի չլինի։ Հակառակ դեպքում, այո, կա վտանգ, որ պատմությունը կկրկնվի։ Չեմ ուզում հավատալ, որ նման բան կլինի։ Պետք է Ռուսաստանից համաձայնություն ստանալ։ Ես ՀՀ ինքնիշխանության ամրապնդման ջատագովն եմ, սակայն, քանի որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, պարտավոր է իր որոշակի քայլերը համաձայնեցնել ԵՏՄ-ի և ՌԴ-ի հետ, ուստի այսօրվանից պետք է ՌԴ-ի հետ աշխատանք սկսվի»,- նման խորհուրդ տվեց հեղինակավոր վերլուծաբանը։

Պատասխանելով հարցին, թե այս համաձայնագրով Հայաստանն ի՞նչ տեղ կստանա «Արևելյան գործընկերության» ծրագրում, Ս. Գրիգորյանն ասաց, որ միանշանակորեն Ուկրաինային, Մոլդավային և Վրաստանին համարժեք տեղը չի լինելու։ «Այն երկրները, որոնք ունեն Ասոցացման համաձայնագիր ԵՄ-ի հետ, ընդհանուր շուկա են ձևավորում ԵՄ-ի հետ, ինչն այլ որակ է։ Կարծում եմ, որ, եթե ամեն բան հաջող ընթանա, ապա մեր տեղն այդ ծրագրում կլինի չորրորդը։ Եթե ակտիվ չաշխատենք` Բելառուսն առաջ կանցնի մեզ, քանի որ ունի այդ ցանկությունը։ Եթե նկատել եք, վերջին շրջանում Լուկաշենկոն մի քանի դրական ուղերձ հղեց Եվրոպային` ազատ արձակեց քաղբանտարկյալներին, գուցե Բելառուսն առաջ գնա տնտեսական համագործակցության տեսանկյունից։ Եթե ցանկանում ենք գոնե չորրորդը լինել, պետք է ստորագրենք այդ պայմանագիրը, բայց դա չի կարող ստեղծել ավելի սերտ համագործակցություն ԵՄ-ի հետ, քան Ասոցացման համաձայնագիրը, որի շրջանակը շատ ավելի լայն էր, քանի որ առնչվում էր տնտեսական, էներգետիկ հարաբերություններին` ավելի ընդլայնված կերպով»,- մեկնաբանեց Ս. Գրիգորյանը։

Lor Delqur (2)Իսկ Եվրոպայի քոլեջի դասախոս, Ֆրանսիայի միջազգային և ռազմավարական խնդիրների ինստիտուտի առաջատար վերլուծաբան Լոռ Դելքուռը մեզ հետ զրույցում նախ` դրական գնահատեց փաստը, որ Եվրոպական հանձնաժողովը ստացավ մանդատ Հայաստանի հետ` նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու նպատակով։ Նրա կարծիքով` համաձայնագրի վերջնական տարբերակը չպետք է ուշանա, քանի որ Հայաստանն ու ԵՄ-ն բանակցել են Ասոցացման համաձայնագրի շուրջ, որը ներառում էր հարաբերությունների շատ ավելի լայն շրջանակ, քան բանակցվելիք համաձայնագիրը։ Նա վստահեցնում է` համաձայնագիրը ներառելու է հիմնական քաղաքական երկխոսությունը և առևտրատնտեսական հարաբերությունների այն հատվածը, որը չի հակադրվելու Հայաստանի ստանձնած պարտավորություններին ԵՏՄ-ում։ «Հաշվի առնելով դա և անցյալի բացասական փորձը, կարծում եմ, որ անցյալի դասերը քաված են, և կողմերը կբանակցեն այնպիսի փաստաթուղթ, որը չի արժանանա Մոսկվայի զայրույթին, ինչը նշանակում է, որ Ասոցացման համաձայնագրի դառը ճակատագիրն այս դեպքում չի կրկնվի։ Կարելի է հույս ունենալ, հատկապես, երբ ԵՏՄ-ն չի կայանում` որպես լուրջ ինտեգրացիոն, տնտեսական պրոյեկտ»,- ասաց Դելքուռը։

Նրա համոզմամբ` ուկրաինական ճգնաժամը ևս հզոր դաս էր ԵՄ-ի համար, և այսօր Հարևանության քաղաքականությունը մշակվում է ինդիվիդուալ սկզբունքով, հաշվի առնելով բոլոր երկրների խնդիրները։ «Հարց է` այսօր որքանով կարող է ԵՄ-ն լուծել այդ խնդիրները, քանի որ ԵՄ-ի խնդիրներն ու տարաձայնությունները շատ են, սակայն կա գիտակցումը, որ այս երկրներն ունեն իրենց խնդիրները, և դրանք նրանց քաղաքականությանը խոչընդոտում են»,- ասաց եվրոպացի փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս