Ինչո՞ւ Հայաստանը ներդրումների համար չի կարող դիտվել որպես գրավիչ հարթակ
«Մեր օրենսդրությունը ներդրումների մասով կարելի է համարել շատ առաջադիմական, և այն շատ ազատական է եղել ներդրումների ներգրավման առումով: Դրա մասին գնահատականներ տվել են նաև բազմաթիվ միջազգային կառույցներ: Բայց չեմ կարծում, որ ներդրումային օրենսդրությունը, ինստիտուցիոնալ բարեփոխումները կարող են (նույնիսկ եթե դա հնարավոր լինի) կատարելագործել ու լրացուցիչ խթաններ ստեղծել, որպեսզի դա հիմք հանդիսանա ներդրումների ծավալների ավելացման համար: Որովհետև, բացի ինստիտուցիոնալ դաշտից, ներդրումների համար նաև այլ գործոններ են անհրաժեշտ՝ մոտիվացիա, այդ թվում՝ նաև քաղաքական»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը՝ խոսելով ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային քաղաքականության հայեցակարգի մասին:
Ըստ նրա՝ կան երկրներ, որտեղ ներդրումային դաշտն այդքան էլ բարենպաստ չէ, օրինակ, հումքով հարուստ երկրները՝ Ադրբեջանը, սակայն այնտեղ ներդրումներն ավելանում են՝ նավթի հետ կապված: Ա. Եղիազարյանի խոսքով՝ սա առանձնահատկություններից մեկն է. «ՀՀ պարագայում, կարծում եմ, այս պահի դրությամբ քաղաքական արգելափակող գործոններ կան ներդրումների համար: ՀՀ-ն արդեն մաս է կազմում մի միության, որի նկատմամբ, ըստ էության, կիրառվում են պատժամիջոցներ՝ ի դեմս ԵՏՄ-ի միջուկ Ռուսաստանի: Եվ դա, հակառակը, վանում է ներդրողներին ոչ միայն ՌԴ-ից, այլև՝ Հայաստանից: Օրինակ՝ փաստ է, որ «Օռանժը» հեռացավ: Այս իրավիճակը չի կարող նպաստավոր լինել: Մյուս կողմից՝ ՀՀ տնտեսության իրավիճակը բարդանում է և, դրանով պայմանավորված, մենք ունենում ենք լուրջ խնդիրներ հարկաբյուջետային համակարգում, և դա նույնպես գրավիչ չի ներդրողների համար, նաև Հայաստանն արդեն արտաքին մեծ պարտք ունի: Միջավայրի առումով, որքան էլ օրենսդրությունը գրավիչ լինի, իրադրությունը բարդանում է»:
Ա. Եղիազարյանի կարծիքով՝ հայեցակարգի ընդունումը չի կարող որևէ բան փոխել, որովհետև իրական տնտեսական քաղաքական առումով ՀՀ հնարավորությունները սահմանափակ են և դա նշանակում է, որ չի կարող ՀՀ-ն ներդրումների համար դիտվել որպես գրավիչ հարթակ: