Երևանում մեկնարկել է Եվրոպայի համալսարանական թիմերի շախմատի առաջին առաջնությունը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացմանը: Առաջնությունն անցկացվում է առաջին անգամ, միջոցառմանը մասնակցում են 9 երկրի 25 համալսարանական թիմեր:
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարարը բոլորին մաղթել է արդյունավետ խաղ՝ շեշտելով, որ Հայաստանի համար մեծ պատիվ է անցկացնել շախմատի առաջին Եվրոպայի ուսանողական մրցաշարը.
«Երկու տարի առաջ Հայաստանը հայտ ներկայացրեց Եվրոպայի ուսանողական մարզական ֆեդերացիային՝ բավական հավակնոտ ծրագրերով: Մեր առաջին նպատակն էր Հայաստանի ուսանող մարզիկներին ընդգրկել տարբեր առաջնություններում, իսկ երկրորդը՝ որևէ առաջնություն կազմակերպել Հայաստանում: Մենք արձանագրեցինք, որ Եվրոպայում շախմատից երբևէ ուսանողական առաջնություն չի անցկացվել և առաջարկեցինք շախմատը ևս ներառել առաջնությունների ցանկում: Եվրոպական ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից մեր առաջարկությունն ընդունվեց և Հայաստանին վստահվեց անցկացնել Եվրոպայի անդրանիկ ուսանողական մարզական առաջնությունը»,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը:
Նախարարի խոսքով՝ առաջնության կազմկոմիտեին նախապես հանձնարարական է տրվել՝ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստան այցելած 82 ուսանող մարզիկները զգան, որ եկել են շախմատային գերտերություն. «Մենք բացառիկ երկիր ենք, որի շախմատի թիմը երեք անգամ օլիմպիական չեմպիոն է դարձել, բացառիկ երկիր ենք, որտեղ շախմատը ուսուցանվում է դպրոցում, իբրև պարտադիր առարկա:
Շախմատը մեզ համար ազգային հպարտության մի մասն է դարձել և այսօր մենք դնում ենք փոքրիկ, բայց կարևոր հերթական քարը շախմատին ձոնված մեր հուշարձանը կառուցելու ճանապարհին: Պատիվ է լինել Եվրոպայի առաջին մայրաքաղաքը, որտեղ անցկացվում է Եվրոպայի համալսարանական թիմերի առաջին առաջնությունը՝ շախմատից »,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ ինքը երկրպագելու է հայ ուսանողներին:
Հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է առաջնության մասնակից թիմերի տոնական քայլերթով: Մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայի չեմպիսն, ՀՀ քառակի չեմպիոնն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը՝ շեշտելով, որ, շատ ուրախալի է, որ աշխարհում նոր շախմատային մրցաշար է ծնվում.
«Ինձ համար կրկնակի ուրախալի է, որ առաջին քայլերն այդ ոււղությոմբ Հայաստանում են արվում, մեծ պատիվ եմ համարում, որ շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնության առաջին մրցաշարի անցկացումը վստահվել է մեր երկրին: Վստահ եմ, որ Եվրոպայի ուսանողական շախմատի առաջնությունը դառնալու է ամենասիրված մրցաշարերից մեկը: Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և մաղթում, որ հաղթի ուժեղագույնը»,- իր խոսքում նշել է Ս. Լպուտյանը:
Երևանում մեկնարկած շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնությանը մասնակցում են թիմեր Լեհաստանից, Ռուսաստանից, Պորտուգալիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Խորվաթիայից, Սերբիայից, Սլովենիայից և Հայաստանից:
Առաջնությունն ընթանալու է արագ շախմատի ձևաչափով, խաղաժամանակը 25 րոպե է՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան ավելացումներով։
Առաջնության կազմկոմիտեի նախագահն է ՀՀ կրթությանև գիտության նախարար, մարզական ուսանողական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը: