Գերզգուշավոր բյուջե

ՀՀ 2016 թվականի պետբյուջեի նախագիծն աչքի անցկացնելիս մի հետաքրքիր եզրահանգման ես գալիս։ Ստացվում է, որ, եթե ՀՀ կառավարությունն այս տարի անդրդվելի մնաց ու այդպես էլ չվերանայեց 2015 թվականի տնտեսական աճի ցուցանիշը, հաջորդ տարվա համար շատ ավելի զգուշավոր է գտնվել` բոլոր առումներով ինքն իրեն ապահովագրելով ռիսկերից։

Նախ` 2016 թվականի համար կանխատեսվում է 2.2% ՀՆԱ-ի իրական աճ։ Բավականին զգուշավոր կանխատեսում է։ Անվանական ՀՆԱ-ն 2016 թվականին, ըստ պետբյուջեի նախագծի, կկազմի 5 տրիլիոն 442.8 մլրդ դրամ։
Սակայն զգուշավորությունն ավելի շատ աչքի է զարնում, երբ ուսումնասիրում ենք պետբյուջեի եկամուտների ցուցանիշները։

Այսպես, «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1,183.0 մլրդ դրամի չափով, 2015 թվականի համար հաստատված 1,191.5 մլրդ դրամ և 2014 թվականին փաստացի ստացված 1,094.1 մլրդ դրամ համադրելի գումարների դիմաց։
Այսինքն` հաջորդ տարի պետբյուջեի եկամուտները 8.5 մլրդ դրամով պակաս կլինեն, քան 2015 թվականի համար հաստատված ցուցանիշը։ Դրա արդյունքում` նվազելու է նաև մի շատ կարևոր ցուցանիշ, որի բարելավման մասին տնտեսական բլոկի պատասխանատուները շատ են խոսել։ Խոսքը վերաբերում է պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությանը։ 2016 թվականին այն կկազմի 21.7%` 2015 թվականի համար հաստատված 24.5%-ի և 2014 թվականի փաստացի 22.6%-ի դիմաց։

Բնականաբար, նվազելու են բյուջե մուտքագրվող հարկերը, որոնք կազմում են պետբյուջեի եկամուտների 95.4%-ը։ Այսպես, պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2016 թվականի համար ծրագրվել են 1,129.0 մլրդ դրամի չափով` 2015 թվականի համար հաստատված և 2014 թվականի փաստացի համադրելի մուտքերի համապատասխանաբար` 1,138.7 և 1,049.0 մլրդ. դրամի դիմաց։ Հարկերի հավաքագրումը 2015-ի նկատմամբ քիչ է լինելու 9.7 մլրդ դրամով։ Հարկային եկամուտների և պետական տուրքերի 2016 թվականի ծրագրային մակարդակը կազմում է ՀՆԱ-ի 20.7%-ը` 2015 թվականի համար ծրագրային և 2014 թվականի փաստացի համապատասխանաբար 23.4%-ի և 21.7%-ի դիմաց։

Առաջին հարցը, որ առաջ է գալիս այս թվերին նայելով, հետևյալն է` ինչո՞ւ են նվազում հարկերը, եթե ՀՆԱ-ն (այսինքն` տնտեսությունը) աճելու է։ Ամենատրամաբանական պատասխանն այն է, որ ՀՆԱ-ի աճը կրկին գրանցվելու է գյուղատնտեսության հաշվին, որը հարկերի հավաքագրմանը գրեթե չի նպաստում։

Սակայն տնտեսական բլոկի պատասխանատուները հարցին այլ կերպ կմոտենան։ Նրանք կընդգծեն, որ պետբյուջեի ծախսերն ավելանում են։ Այո, 2016 թվականին պետբյուջեով նախատեսվում է ծախսել 68.1 մլրդ դրամով ավելի շատ գումար, քան 2015 թվականի պետբյուջեով հաստատված մակարդակն է։ Բյուջեի ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 373.7 մլրդ դրամ։

partq-2016

Ավելի պարզ ասած` պետությունը հաջորդ տարի ավելի շատ ծախսելու է, քան հավաքելու։ Ըստ այդմ, բյուջեի դեֆիցիտը կազմելու է 190.7 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 3.5%-ը։ Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին բյուջեով հաստատված դեֆիցիտը 114.1 մլրդ դրամ է (ՀՆԱ-ի 2.34%-ը)։ Այսինքն` կառավարությունը բյուջեի դեֆիցիտն ավելացնում է 76.6 միլիարդ դրամով կամ 67.1%-ով։

Ահա հենց սա կարող է դառնալ ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատուների գլխավոր ասելիքը։ Այսինքն` դեֆիցիտի մեծացման քաղաքականությունը թույլ է տալիս տնտեսությանը շնչել։ Նման քաղաքականությունը վարվում է տնտեսությունն աշխուժացնելու համար։ Սակայն մեր դեպքում մի բան այն չէ։ Որովհետև մենք այլ հնար չունենք։ Մեր տնտեսությունից պարզապես հնարավոր չի լինելու ավելի շատ հարկեր հավաքել։

Անկեղծություն չի ներշնչում այն, որ հարկերը բացարձակ թվով նվազելու են։ Եթե բյուջեի ծախսերի աճին զուգահեռ` հարկերը (բյուջեի եկամուտները) նույնպես աճեին, թեկուզ չնչին չափով, ապա դա այլ կերպ կհասկացվեր։ Իսկ երբ հարկերը նվազում են` առանց հարկային դրույքաչափերի նվազման, դա նշանակում է, որ տնտեսությունն ավելի շատ հարկ տալ պարզապես չի կարողանում։

Ընդ որում, դեֆիցիտը ֆինանսավորելու ենք հիմնականում արտաքին վարկերի միջոցով։ Ինչպես նշեցինք, 2016 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է 190.7 մլրդ դրամի չափով։ Դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում ներքին աղբյուրների տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ կկազմի 36.8% (շուրջ 70.1 մլրդ դրամ), որը ձևավորվելու է պետական արժեթղթերի իրացումից, ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներից, ինչպես նաև նախորդ տարիներին տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված բյուջետային վարկերի վերադարձից ստացվելիք մուտքերի հաշվին։

Մնացած 63.2%-ը կամ 120.6 միլիարդ դրամը ֆինանսավորվելու է արտաքին աղբյուրներից։ Ինչպես «ցավով» նշել են բյուջեն կազմողները, «Դեռևս զգալի են արտաքին աղբյուրներից` միջազգային կազմակերպություններից (մեծամասամբ` Համաշխարհային բանկի) և օտարերկրյա պետություններից ստացվելիք արտոնյալ վարկերի հաշվին պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվող միջոցները»։

Կարճ ասած, կառավարությունը ծրագրում է մեծացնել ՀՀ արտաքին պարտքը։ Ինչպես երևում է աղյուսակից` արտաքին պարտքի մեծությունը 2016 թվականի վերջին կկազմի 4 միլիարդ 818 միլիոն դոլար։ Դա 329 միլիոն դոլարով գերազանցում է 2015 թվականի սպասողական ցուցանիշը։ Իսկ ընդհանուր առմամբ ՀՀ պետական պարտքը կավելանա 443 միլիոն դոլարով և կկազմի 5 միլիարդ 565 միլիոն դոլար։ Իսկ պետական բյուջեի ծախսերից 7.2%-ը հաջորդ տարի ուղղելու ենք պետական պարտքի սպասարկմանը։

Նշենք, որ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի հաշվարկներում ԱՄՆ դոլարի փոխարժեքը 483.02 դրամ է։ Եթե հիմք ընդունենք այդ փոխարժեքն ու ՀՆԱ-ի անվանական ակնկալվող մեծությունը, ապա պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 49.3%։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Պետբյուջեի նախագծում կա մի ուշագրավ ձևակերպում` «Իրական արդյունավետ փոխարժեքը շարունակում է մնալ զգալի արժևորված»։ Սա, ավելի հասկանալի լեզվով ասած` նշանակում է` դրամն ահագին արժեզրկվելու տեղ ունի։ Իսկ դա նշանակում է, որ 2016-ին դրամը կարող է զգալիորեն արժեզրկվել, ինչի արդյունքում մեր արտաքին պարտքը կծանրանա։

 

Տեսանյութեր

Լրահոս