Ովքե՞ր կհամախմբվեն Քոչարյանի շուրջ
Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին հանդես եկավ հարցազրույցով` նորից փաստելով, որ ինքը դեմ է սահմանադրական բարեփոխումներին։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ որպես քաղաքական և պետական գործիչ` Ռոբերտ Քոչարյանն իրավունք ուներ արտահայտել իր վերաբերմունքը. «Նա այն գլխից էլ համաձայն չի եղել, որպեսզի տեղի ունենան այս սահմանադրական փոփոխությունները»։
Անդրադառնալով Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի այն հայտարարությանը, թե 2017 թվականին հնարավոր է` երկրորդ նախագահն իր գլխավորած ցուցակով մասնակցի խորհրդարանական ընտրություններին, Հ. Հարությունյանը նկատեց, որ դա ևս երկրորդ նախագահի սահմանադրական իրավունքն է։
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Վ. Սողոմոնյանի այդ հայտարարությանը` ասաց, որ Հայաստանում ընտրությունների ինստիտուտն այլևս չի գործում, և ընտրությունների միջոցով այլևս իշխանության չեն գալիս։ «Որովհետև ընտրակեղծիքները հենց երկրորդ նախագահի ժամանակ դարձան ինստիտուտ։ Հայաստանում իշխանության կգան` կա՛մ ընտրողների ձայները գնելով, կա՛մ Ռուսաստանի «դաբրոն» ունենալով»,- հայտարարեց փորձագետը, ըստ որի` երկրորդ նախագահը չունի այն ռեսուրսը, որ կարողանա ընտրություններին ձայներ գնելով` իշխանության գալ, «որովհետև այդ ձայն գնողն ու վարչական ռեսուրսն այսօր գտնվում է Հանրապետականի հսկողության տակ»։
Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այս առնչությամբ ասաց. «Նա պետք է նախ` հայտ ներկայացնի, բայց կարծում եմ` ինքը դրա իրավունքն ունի։ Մեր այն հարցին, թե, ըստ Ձեզ` քաղաքական դաշտն ինչպե՞ս կընդունի Ռոբերտ Քոչարյանին, և արդյոք կփոխվի՞ ներքաղաքական դասավորությունը Ռ. Քոչարյանի վերադարձով, ինչպես Վ. Սողոմոնյանը պատասխանեց, Մ. Մելքումյանն այսպես պատասխանեց. «Եկեք ոչ մի բան ո՛չ գերագնահատենք, ո՛չ թերագնահատենք, դրանք նորմալ քաղաքական գործընթացներ են։ Կարծում եմ` նա ինչ արել է, իր իրավունքն է, ես մեկնաբանելու բան չունեմ այստեղ, իսկ թե քաղաքական դաշտն ինչպես կընդունի նրան, ինձ թվում է` կընդունի այնպես, ինչպես կընդունի»։
Հարցին` ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի հնարավորությունները, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հ. Հարությունյանը պատասխանեց, որ այսօր ինքն անհատների մասին չի կարող ասել, քանի որ, ըստ նրա` բոլորովին նոր տիպի ընտրություններ են լինելու. «Այստեղ անհատական առաջնորդների կարգավիճակն այդքան նախանձելի չէ, որովհետև պետք է կուսակցական հաղթանակ տանել»։
Իսկ Ա. Բադալյանը, ըստ որի` Հայաստանում Մոսկվան է որոշում, թե ով է լինելու նախագահը, նշեց, որ չի կարող ասել` Մոսկվայի համար ո՞վ է ավելի նախընտրելի թեկնածու, բայց կարող է ասել, որ Ռուսաստանն այսօրվա մեր իշխանությունների հետ ինչ-որ լուրջ խնդիրներ չունի. «Որովհետև այն, ինչ պետք էր նրան, մեր այսօրվա իշխանությունները կատարել են։ Պե՞տք էր` մի օրվա մեջ ԵՏՄ են մտել, պե՞տք էր` «Գազպրոմի» իրավունքներն են մինչև 2043 թվական երկարացրել։ Այսինքն` Ռուսաստանին ինչ պետք է եղել, Հայաստանի իշխանություններն իրականացրել են։ Հայաստանի իշխանություններն ընդգծված հակառուսական քաղաքականություն չեն վարում, ու այդ իսկ պատճառով` ո՞րն է փոխելու իմաստը»։
Համլետ Հարությունյանից նաև հետաքրքրվեցինք` ըստ Ձեզ` ո՞ւմ վրա է Ռ. Քոչարյանի հույսը, ովքե՞ր պետք է պաշտպանեն նրա թեկնածությունը, և ո՞ր ուժերը կկանգնեն նրա կողքին.
«Այդ հարցն ուղղեք իրեն։ Արդեն ասացի, որ վերջացել է այն էպոխան, որ անձնական կենսագրության անձնական արածների վրա կարող են առաջնորդի կարգավիճակ ստանալ, այսինքն` նախագահական կառավարման համակարգը վերջացավ, եթե մի ժամանակ Քոչարյանն անցավ իշխանության և 10 տարի կառավարեց «իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» կարգախոսում, այդ կարգախոսն այսօր չի աշխատում»։
Մեր այն դիտարկմանը, թե տեսակետներ են հնչում, որ հենց Հանրապետական կուսակցությունից շատերը կհամախմբվեն Ռ. Քոչարյանի շուրջ, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց.
«Նմանատիպ տեսակետներ լսել եմ ոչ միայն հիմա, այլև շատ վաղուց, որի համար ես որևիցե հիմք չեմ տեսնում, անգամ չեմ պատկերացնում, որ Հանրապետական կուսակցության ներսում կան այնպիսի ուժեր, որոնք սատարում են այլ կուսակցության լիդերի կամ այլ քաղաքական գործչի։ Առանձին համակրողներ կարող է լինեն` անձնական, մարդկային համակրանք ունեցողներ, բայց այն, ինչ Դուք մտածում եք, նման բան չկա Հանրապետական կուսակցության մեջ»։