«Գյուղացիների մեջ կա խուճապ և համատարած բերքահավաք է կատարվում»
Խաղողի բերքը մինչև վերջին կիլոգրամը մթերվելու է և չի թափվելու: Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր հայտնի խոսքը կրկնեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ի պատասխան պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի հարցադրումներին խաղողի մթերումների հետ կապված:
Նա չհամաձայնեց պատգամավորի դիտարկմանը, որ իր ղեկավարած կառույցը զբաղվում է միայն անօգուտ խորհրդատվությաբ և նշեց, որ նախարարության միջատությունը բավականին արդյունքներ է տալիս: Ըստ Ս.Կարապետյանի՝ մթերող 50 կազմակերպությունները մասնավոր ընկերություններ են, և իրենք իրավունք չունեն միջամտելու, բայց բոլորի հետ ստեղծել են աշխատանքային նորմալ հարաբերություններ: Նախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ մթերվել է 180 հազար տոննա, որն անցած տարվա թվերին մոտ է, և դեռ կա 30-40 տոննա խաղող, որ առաջիկա մի քանի օրում կմթերվի. «Գյուղացիների մեջ կա խուճապ և համատարած բերքահավաք է կատարվում, բայց մինչև հոկտեմբերի 15-ը մթերումը շարունակվում է և պետք է առանց խուճապի գյուղապետերի հետ գրաֆիկ կազմել ու մթերումներն իրականացնել: Եղանակային պայմանների փոփոխությամբ պայմանավորված որոշակի լարվածություն կա»: