«Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու». Բեկորն այսօր կդառնար 56 տարեկան

Այսօր Արցախի լեգենդար հերոս, առաջին վաշտի հրամանատար Աշոտ Ղուլյանի (Բեկորի) ծննդյան օրն է. հերոսն այսօր կդառնար 56 տարեկան։

Ձեզ ենք ներկայացնում «Հետք»-ի հոդվածը Բեկորի մասին որոշակի կրճատումներով։

«Եթե զինվորից սկսած մինչեւ նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…»,- ասում էր Արցախի լեգենդար հերոս, առաջին վաշտի հրամանատար Բեկորը, որի համար «հայրենասիրությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»:

Այս համոզմունքով է պատերազմի տարիներին առաջնորդվել Բեկոր անունը ստացած Աշոտ Ղուլյանը, որին ճանաչում է արցախյան պատերազմի գոնե մեկ դրվագի ծանոթ յուրաքանչյուր մարդ: Ճակատագիրը նրա վրա բազում պարտականություններ էր դրել, որոնք նա բարեխղճորեն կատարեց իր կարճատեւ կյանքի` 33 տարիների ընթացքում: «Դժվարություններով ու հոգսերով լի էր Աշոտի կյանքը»,-ասում է այրին` Նելլի Ղուլյանը, ու մեկ առ մեկ հիշում Աշոտի հետ ապրած 7 տարիների բոլոր պահերը:

1985-ին են ամուսնացել Աշոտն ու Նելլին, որոնց ընտանիքները մինչ այդ տարիներ շարունակ ընկերություն էին անում: Մեկ տարի անց ծնվեց նրանց առաջնեկը` Արթուրը, իսկ 1989-ին` Հմայակը: Ցավոք, երրորդ որդուն Աշոտը չհասցրեց տեսնել: Նա ծնվեց 1993-ին` Աշոտի զոհվելուց հետո: Նրան մայրը կոչեց հոր մարտական անունով` Բեկոր: Փոքրիկ Բեկորը հերոս հորը ճանաչում է մոր, հարազատների, բարեկամների եւ ընկերների պատմածով միայն: Նա, ի տարբերություն ավագ եղբայրների, հնարավորություն չի ունեցել շփվել, գորգի վրա «կռիվ տալ» հոր հետ, ամեն մարտից առաջ «հաջող» ասել հորը:

«Երեխաներին շատ էր սիրում: Ամեն անգամ, երբ մի մարտից մյուսն էր գնում, տուն էր գալիս կարճ ժամանակով եւ, հանգստանալու փոխարեն, երեխաների հետ հատակին մեկնված` գորգի վրա խաղում էր, կատակում, ուրախանում: Մարտից առաջ միշտ մտնում էր տուն, որ երեխաները հաջող ասեն»,- հիշում է Նելլին, ու աչքերն իսկույն արցունքոտվում են:

«Խոջալուի ազատագրումից մի քանի օր հետո երկու օրով տուն գնաց: Երբ տնից եկավ, պատմում էր, թե երեխաների հետ ինչ խաղեր են արել: Պատմում էր ու երեխայի նման ծիծաղում` անկեղծ ու վարակիչ ծիծաղով: Երեխաները նրա Աստվածն էին, եւ նրանց յուրաքանչյուր արտահայտություն Աշոտի համար խորհրդավոր իմաստ ուներ: Ժամանակի սղության պատճառով այնքան հազվագյուտ էր շփվում երեխաների հետ, որ նրանց ամենասովորական իսկ արտահայտությունը նրան գյուտ էր թվում»,- գրում է մարտական ընկեր Արմեն Դանիելյանը Բեկորի մասին իր գրքում:

Կինն ասում է, որ Արցախյան շարժումն իրենց ընտանիքի համար սկսվել էր դեռեւս 1987-ին, երբ սկսվեց գաղտնի ստորագրահավաքը, որի ակտիվ մասնակիցներից էր նաեւ Աշոտ Ղուլյանը: Այնուհետեւ սկսվեցին ցույցերը, սակայն Աշոտը, ինչպես կինն է պատմում, միշտ ասում էր, որ ցույցերով հարցը չի լուծվի: Այդ օրվանից նա սկսեց մտածել զենք ձեռք բերելու մասին:

Բարձրագույն կրթություն չունեցող, երիտասարդ տարիներին դերձակ, շինարար, ավտովարորդ, փականագործ աշխատած Աշոտը ընկերների աջակցությամբ սկսում է ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգ հրացաններ պատրաստել: Նրա ստեղծած առաջին զենքը 16 գծանի կարճափող հրացանն էր: «Քանի~-քանի~ անգամ է նա այդ ինքնաշեն զենքերի փորձարկման ժամանակ վիրավորվել: Մեր երկրորդ երեխայի ծնվելու օրը նա կրկին վիրավոր պառկած էր Եղվարդի հիվանդանոցում: Երբ լուրը լսեց, եկավ Ղարաբաղ` ձեռքն ու կոկորդը կապած»,-պատմում է կինը: Ամեն անգամ վիրավորվելիս մինչեւ վերջ չի մնացել հիվանդանոցում, մի քիչ ապաքինվելուց հետո շտապել է մարտական ընկերների մոտ:

Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին` Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն…

Արմեն Դանիելյանն ասում է, որ նախաձեռնող, համարձակ, վճռական, խիզախ ու հնարամիտ Աշոտը շատ հոգատար էր վաշտի բոլոր տղաների նկատմամբ, նույնիսկ նոր միացած տղաներին չէր ուզում մարտի տանել` ասելով. «Ռիսկ չեմ անում նրանց կյանքն էլ վտանգել»:

«Ամեն անգամ մարտի դաշտ գնալուց առաջ Աշոտը հավաքում էր տղաներին, բացատրում անելիքը: Եվ երբ գնում էր մարտի, բոլորը հավատում էին, որ Բեկորը հաղթանակով է վերադառնալու, Բեկորը բոլորի համար անպարտելի էր: Ես չեմ հիշում մի դեպք, որ նա որեւէ հանձնարարություն ստացած լիներ ու առանց մինչեւ վերջ կատարելու վերադառնար»,- նշում է մարտական ընկերը:

Իսկ մարտերի գագաթնակետը, ինչպես ասում է Աշոտի կինը, Շուշիի ազատագրումն էր. «Նա դեռեւս շարժման սկզբից, մարտական գործողությունները չսկսված, երբ կանխազգում էր պատերազմի անխուսափելիությունը, միշտ խոսում էր Շուշին ազատագրելու անհրաժեշտության մասին: Ու այդ մասին շատ հանգիստ ու համոզված էր խոսում»:

1992-ին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք: Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան 6-ն անց 30-ին Աշոտը հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) հետ` Կենտրոնական շտաբ, եւ հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն: «Մինչեւ մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,- ավելացել էր Բեկորը:

Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռեւս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում: 5-ից 4-ի անունը Աշոտ էր եւ, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ: Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանեցին Բեկոր:

1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար…Գնդակն այս անգամ մահացու էր:

«Աշոտը շատ էր սիրում ճամփորդել, աշխարհ տեսնել, ծով…Հենց նույն տարվա օգոստոս ամսին նախատեսված էր նրա այցը արտասահման, որտեղ պետք է այցելեր արտերկրում ապրող մեր հայրենակիցներին, ուսումնասիրեր այդ երկրների ռազմական փորձը, նրանց կարողություններն ու հնարավորությունները` Ղարաբաղյան պատերազմում ներգրավման համար: Սակայն, այս անգամ գնդակը խլեց նրա կյանքը»,- արցունքոտ աչքերով պատմում է Նելլին:

Տարիներ առաջ մարտերի միջեւ դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»:

Աղբյուրը՝ karabakh-open.info:

Տեսանյութեր

Լրահոս