Ինչո՞ւ է լռում Ռոբերտ Քոչարյանը

Մամուլում շարունակում են տեղեկություններ հրապարակվել այն մասին, որ առաջիկայում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալու սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցազրույցով: Այդ մասին խոսվում է տևական ժամանակ, ու, չնայած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մնացել է ընդամենը 2-2.5 ամիս, սակայն Քոչարյանը շարունակում է լռել՝ այդ ընթացքում գերադասելով հարցազրույց տալ «Ազատություն» ռադիոկայանին՝ «Ռուսաստանը և ես» ծրագրի շրջանակներում: Հասկանալի է, որ այդ հարցազրույցի նպատակը (այն դեռևս չի հրապարակվել և կհրապարակվի, հավանաբար, հանրաքվեից որոշ ժամանակ առաջ) կամ առնվազն նպատակներից մեկը Հայաստանի քաղաքական դաշտում որոշակի դերակատարում ունենալն է, ինչը Քոչարյանին այդպես էլ որևէ կերպ չի հաջողվում:

Այլ կերպ ասած, Քոչարյանը «Ռուսաստանը և ես» խորագրով հարցազրույց է տվել՝ «Սահմանադրությունը և ես», կամ, որ ավելի ճիշտ է՝ «Ապագա իշխանությունը և ես»՝ իր մոտիվացիայի տրամաբանության շրջանակներում: Բայց արտաքին, առաջին հերթին՝ ռուսական լսարանին ուղղված և դեռևս չհրապարակված այդ հարցազրույցից հետո Քոչարյանը շարունակում է լռություն պահպանել Հայաստանում, ներքին լսարանի համար:

Նա կամ ասելիք չունի, ինչը քիչ հավական է՝ հաշվի առնելով իշխանության վերադառնալու նրա ցանկությունը, կամ ունի ասելիք, բայց ունի նաև մտավախություն, որ իրեն լսող չի լինի, ավելի ճիշտ՝ լսողներ կլինեն, սակայն «ճիշտ չեն հասկանա»: Իսկ ճիշտ չհասկացողների մեջ կարող են լինել ոչ միայն քաղաքացիները, ովքեր ճիշտ չհասկանալով՝ չեն գնա Քոչարյանի հետևից, այլ նաև գործող իշխանությունը, որը՝ կրկին ճիշտ չհասկանալով, «կգնա Քոչարյանի հետևից»՝ գուցե նաև ուղիղ իմաստով՝ նրա մոտ ուղարկելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:

Մինչ Քոչարյանը լռում է, քաղաքական դաշտում ձևավորվել են սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող մի քանի ճակատներ ու շարժումներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չհաշված իշխանության մի քանի թևերին ու դրանք ներկայացնող գործիչներին, սահմանադրական հանրաքվեի տապալման ու նախագահական կառավարման կարգի պահպանման ամենաշահագրգիռ անձը Ռոբերտ Քոչարյանն է, օբյեկտիվորեն հարց է առաջանում՝ արդյո՞ք նա կհովանավորի կամ կմիանա «Ո՛չ»-ի ճակատին, իսկ այդ հարցից հետո էլ առաջանում է հարցադրումը՝ արդյո՞ք այդ ճակատը կընդունի նրան, չնայած դրանում հավաքվել են ուժեր, ովքեր, համապատասխան ֆինանսավորման դեպքում, պատրաստ են ընդունել ցանկացածին:

Կարդացեք նաև

««Ո՛չ»-ի ճակատը  ի սկզբանե բացառել է, չնայած այդ բացառումը որևէ նշանակություն չունի, որովհետև, եթե Քոչարյանն ինքն իր համար որոշում կայացնի, ինչ-որ ակտիվություն դրսևորելու որոշում, չի նայելու՝ «Ո՛չ»-ի ճակատն իրեն ինչ է ասում, նա երբևէ «Ո՛չ»-ին միանալու խնդիր չի էլ ունեցել»,- «Առաջին լրատվականին» ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, ով այն քչերից է, որ ներկայացնելով Քոչարյանի շահերը՝ դա անում է չթաքցնելով՝ հրապարակավ: Իսագուլյանն այսպիսով ակնարկում է, որ, եթե Քոչարյանը որոշում կայացրեց՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի առիթն օգտագործելով՝ մտնել խաղի մեջ, «Ո՛չ»-ի ճակատը «շատ փոքր է» նրան ընդունելու կամ չընդունելու համար: Բայց Իսագուլյանը չի ասում, թերևս չգիտի, դրա համար չի ասում, թե ինչպես կվերաբերվի Քոչարյանի քայլերին իշխանությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանը: Կամ ենթադրում է, որ վերջինս Քոչարյանին լավագույն դեպքում պատասխանելու է՝ «վերադառնում ես, որ ի՞նչ անես»՝ դրանից բխող իրավաքաղաքական հետևանքներով: Ներկայիս քաղաքական իրողություններն ու դասավորությունը հաշվի առնելով՝ սա լավագույն պատասխանն է, որ Քոչարյանը կարող է ակնկալել Սերժ Սարգսյանից:

Տեսանյութեր

Լրահոս