Եթե չանդամակցեինք ԵՏՄ-ին, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կրկին բացասաբար կանդրադառնային ՀՀ-ի վրա

Մեր զրուցակիցն է ՀՀԿ-ական պատգամավոր, Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ տնտեսության վիճակը՝ ԵՏՄ անդամակցությունից հետո արտահանման և ներմուծման ներկայիս միտումների համատեքստում:

– Մեզանում այդ խնդիրները կապված են այն պատժամիջոցների հետ, որոնք գործում են Ռուսաստանի նկատմամբ: Եվ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն իսկապես բերել են Ռուսաստանում վճարունակ պահանջարկի կտրուկ նվազեցման, տնտեսական ակտիվության անկման, և դա, բնականաբար, ազդում է իր բոլոր գործընկերների վրա, անկախ նրանից՝ նրանք ԵՏՄ անդա՞մ են, թե՞ ոչ: Օրինակ՝ Վրաստանը ԵՏՄ անդամ չէ, սակայն տնտեսության էական անկումը Ռուսաստանում նաև բացասական ազդեցություն է ունենում Վրաստանի վրա: Սա է խնդիրը: Եվ հաճախ տալիս են այն հարցը, թե որքանո՞վ է արդարացված ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը: Պատասխանն ակնհայտ է՝ եթե մենք չլինեինք ԵՏՄ անդամ, ապա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ իրենց բացասական դրսևորումներով, բնականաբար, կանդրադառնային նաև ՀՀ-ի վրա, ինչպես այսօր անդրադառնում են Վրաստանի վրա: Լինելով ԵՏՄ անդամ՝ մենք որոշակի արտոնություններ ունենք, և այս առումով, իհարկե, արդարացված էր Եվրասիական տնտեսական միության մեջ ներգրավվելը:

– Հաշվի առնելով ռուսական ռուբլու արժեզրկումը՝ չե՞ք կարծում, որ հայկական դրամը նույնպես պետք է արժեզրկվեր նույն չափով, որ գոնե կարողանայինք ԵՏՄ-ում մեր դիրքերը չկորցնել:

Կարդացեք նաև

– Դուք բավականին հետաքրքիր հարց եք տալիս: Հայկական դրամի արժեզրկումը կապված չէ ուղղակիորեն մեկ այլ, թեկուզ՝ շատ ինտենսիվ տնտեսական հարաբերություններ ունեցող երկրի արժույթի արժեզրկման հետ: Այսինքն՝ դա այլ պրոցեսների հետ կապված է ևս, և, եթե ռուսական ռուբլին արժեզրկվել է, դա չի նշանակում, որ հայկական դրամը նույն չափով պետք է արժեզրկվի:

– Այո, բայց հաշվի առնելով, որ ռուբլու արժեզրկման հետևանքով մեր ապրանքները անմրցունակ դարձան Ռուսաստանում, և ռուսական ապրանքն է գալիս Հայաստան՝ ճնշելով տեղական արտադրողին, շատերը կարծում են, որ դրամը պետք է թեկուզ արհեստականորեն արժեզրկել:

– Ես չեմ կարծում, որ դա լավագույն լուծումն է այս իրավիճակում, որովհետև որևէ երկրի արժույթի կտրուկ արժեզրկումը բավականին լուրջ բացասական պրոցեսներ է առաջացնում, հատկապես՝ այդ երկրի անապահով խավի համար: Եվ ես չեմ կարծում, որ մեր երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ կլինի այն առաջարկությանը, որ դուք անում եք:

– Բայց այս իրավիճակում բնակչությունը կրկին տուժում է, և երկիրն ընդհանուր է հետ զարգանում:

– Տեսեք՝ կա իրողություն, և այդ իրողության մեջ՝ լուծումներ: Այն լուծումը, որ դուք ասում եք, ես չեմ կարծում, որ լավագույնն է: Եթե պետք է հայկական դրամը արժեզրկվի, ապա դրա հիմնական պատճառը չի կարող լինել նույնիսկ իր ամենամեծ ծավալ ունեցող գործընկերոջ արժույթի արժեզրկումը:

– Այդ դեպքում լուծումը ո՞րն է, որպեսզի հայկական արտադրողների մրցունակությունը վերականգնվի Ռուսաստանում:

– Ավելի ճիշտ է հարցնել, թե ստեղծված իրավճակում լավագույն լուծումը որն է, որ կբավարարի բոլոր կողմերին: Եթե հայ արտադրողի մասին եք խոսում, մոռանում եք հայ սպառողի մասին: Այս պարագայում իսկապես կան տարբեր շերտեր, որոնց ցանկությունները տարբեր կարող են լինել: Օրինակ՝ արտադրողի համար շատ ավելի նպաստավոր կլիներ, որ Հայաստանում դրամն էլ ավելի արժեզրկվեր, քան Ռուսաստանի ռուբլին: Իհարկե, բայց մենք ունենք նաև բնակչության մի մաս, որը տնտեսվարությամբ չի զբաղվում և, հատկապես, չի զբաղվում Ռուսաստան իր հումքն արտահանելով, այլ արտահանում է մի ուրիշ երկիր, որտեղի արժույթը չի էլ արժեզրկվել: Այսինքն՝ որոշում կայացնել միայն մի խավի համար ձեռնտու ճանապարհով, չեմ կարծում, որ դա խելամիտ լուծում է:

– Պարոն Մինասյան, եթե Հայաստանը չկորցներ իր դիրքերը ԵՏՄ շուկայում, չե՞ք կարծում, որ հնարավոր կլիներ սպառողների, բնակչության, այդ «տուժող» խավի համար ինդեքսավորում իրականացնել, և նրանք էլ չէին տուժի:

– Ի՞նչ է նշանակում՝ «եթե չկորցներ»: Ռուսական ռուբլին արժեզրկվել է, կարող է վաղը կրկին արժեզրկվել, և հիմա ձեր ասածն ի՞նչ է:

– Դրամի և ռուբլու միջև պարիտետը պետք է պահել:

– Այսինքն՝ մենք հիմա բռնենք մեր դրամը արժեզրկենք, ահավոր մեծ ինֆլյացիա մտցնե՞նք մեր երկրում:

– Տուժող խավին էլ ինդեքսավորենք:

– Որտեղի՞ց:

– Այդ նպատակով միջոցներ հայթայթենք:

– Այ, երբ այդ միջոցները կհայթայթեք, էն ժամանակ էլ կգաք՝ կխոսենք: Ուրեմն՝ այսօր իրականացվում է հավասարակշռված լուծում, որը, կարծում եմ, ստեղծված իրավիճակում ամենանպատակահարմարն է: Դա փայլուն լուծում չէ, բայց մենք ունենք իրողություններ, և պետք է անենք հավասարակշռված քայլեր, որպեսզի հասարակության բոլոր անդամներն իրենց ուսերի վրա կրեն հավասարապես նեգատիվ զարգացումները, որ իրենցից կախված չեն, և հավասարապես նաև դրական արդյունքները, որոնք շատ հաճախ նաև իրենցից կախած չեն:

Տեսանյութեր

Լրահոս