«Ադրբեջանի նկատմամբ պիտի կիրառվեն խստագույն պատժամիջոցներ». Մարգարիտ Եսայան

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ

– Օրերս ՀՀ նախագահը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում՝ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ կարևորագույն խնդիրներից մեկը մեր տարածաշրջանում, չե՞ք կարծում, որ այս հայտարարությունը տարբեր երկրներ տարբեր կերպ կարող են ընկալել, քանի որ երկրների շահերը տարբեր են:

– Կարծում եմ՝ նախագահի ելույթն այնպիսին էր, որ ավելորդ մեկնաբանությունների կարիք չունի, քանի որ ամեն ինչ ասվեց բաց, հրապարակային և անկեղծ, իսկ թե ով ինչ շահ է հետապնդում այս կամ այն հարցում, մեզ պիտի հետաքրքրի բացառապես մեր պետական, ազգային անվտանգության շահերի տեսանկյունից: Այս դեպքում մենք իրավունք ունենք՝ որպես պետություն հպարտ լինել, քանի որ նախագահը նշեց նաև, որ Հայաստանը՝ որպես պետություն, միանում է միահամուռ պայքարին՝ ընդդեմ խավարի, վանդալիզմի և ատելության, այո, այս պայքարում չկան մեծ և փոքր երկրներ, յուրաքանչյուրն ունի իր դերը:

ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսվեց Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության մասին, ասվեց, որ այսօր ոչ միայն էական առաջընթաց չկա խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլև արձանագրվել է լարվածության աճի միտում: Նշվեց, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես՝ Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը. «Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի սահմանամերձ գոտում ադրբեջանական ռմբահարման զոհ դարձավ երեք կին՝ իրենց տանը, իրենց այգում խաղաղ աշխատող հայ կանայք:

Կարդացեք նաև

Հարց՝ կա՞ որևէ բանական արարած, ով կարող է որևէ չխեղված տրամաբանություն ցույց տալ նման վայրագության մեջ: Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունն անդառնալիորեն կորցրել է ոչ միայն՝ իրականության զգացողությունը, այլև՝ մարդկային բոլոր նորմերը»: Սա է իրականությունը, և մեր երկրի նախագահն աշխարհի տերությունների ղեկավարներին, ի լուր ամենքի, ասաց այս մասին, այժմ գնդակը հենց այդ տերությունների դաշտում է, որոնք պարտավոր են համարժեք քայլեր ձեռնարկել: Վստահ եմ, որ այս ելույթը սառը ցնցուղ էր բոլոր նրանց, ովքեր դեռ փորձում էին ինչ-ինչ շահի համար աղավաղել իրականությունը, բայց խավիարային դիվանագիտության ժամանակներն անփառունակ վախճան ունեցան:

Միջազգային հանրությունն այլևս պիտի գիտակցի, որ երկակի ստանդարտների դարն անցել է, և հարկ է իրերը և վայրագությունը կոչել իրական անունով, քանի որ, այո, աշխարհը շատ է փոքրացել, և բոլորը բոլորին տեսնում են շատ պարզ, և ամեն ինչ շատ ավելի թափանցիկ է:

– Ձեր կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարո՞ղ է վերանայել իր հայտարարությունները և այլևս հանդես գալ կոչերով, որոնք ուղղված կլինեն բացառապես Ադրբեջանին:

– Վաղուց ժամանակն է, որ Մինսկի խումբն այդպես վարվի, հիշում եմ՝ շուրջ տասը տարի առաջ, երբ նորից Հայաստանի և Ադրբեջանի սահմաններում վիճակն անհանգիստ էր, և թշնամին դարձյալ կրակում էր մեր սահմաններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների համանախագահողները Երևանում էին և Ֆրանսիայի դեսպանատանը մամուլի ասուլիս տվեցին: Դարձյալ նույն առոգանությամբ՝ կողմերին կոչ անելով՝ լինել զուսպ և չկրակել: Այդ ասուլիսի ժամանակ ես՝ լրագրողս, հարց ուղղեցի և, ըստ ամենայնի՝ բավականին զայրույթով՝ հարցրի՝ հերիք չեղա՞վ նույն բաներն ասեք երկու կողմերին, չէ՞ որ դուք շատ լավ տեսնում եք և գիտեք, թե հրադադարի ռեժիմը որ կողմն է խախտում, արդյո՞ք ժամանակը չէ Ադրբեջանին ցույց տալ իր իրական տեղը և խստորեն պատժել: Համանախագահողներից պարոն Ֆասիեն խիստ նեղացավ իմ այս կոպիտ հարցից և ասաց, որ իրենք կոչված են պահպանել կողմերի շահերը:

Մի խոսքով, ասաց այն, ինչ նաև այսօր են ասում: Իսկ ավելի ուշ տարիներ անց, երբ պարոն Ֆասիեն այլևս համանախագահող չէր, Փարիզում մի հանդիպման ժամանակ անկեղծացավ և իրերը կոչեց իրենց իսկական անուններով: Սա է, ցավոք, մեր և իրենց իրականությունը, բայց մենք արդեն ժամանակ չունենք հապաղումների և զգուշավորության, արդեն ոչ միայն լրագրողները, այլև ամենաբարձր ամբիոններից է խստորեն կոչ արվում Մինսկի խմբին՝ անհանդուրժող լինել Ադրբեջանի հանդեպ, ցույց տալ ագրեսորին իր տեղը և կարգի հրավիրել, կիրառել պատժամիջոցներ, խստագույնս, քանի որ հակամարտությունը նրբություններ չի հանդուրժում, հարկ է լինել խիստ և պատժել միջազգային նորմերին համարժեք, հարց եմ տալիս՝ ինչո՞ւ կարող են որևէ երկրի հանդեպ պատժամիջոցներ կիրառել, իսկ այս դեպքում չեն կարող: Մեր պահանջն է, որ Ադրբեջանի հանդեպ կիրառվեն խստագույն պատժամիջոցներ:

– Այդուհանդերձ, այդ պատժամիջոցները դեռ չկան, իսկ մեր հարևանն ավելի ու ավելի է լկտիանում, նաև կրակի տակ պահելով ոչ միայն՝ Ղարաբաղի, այլև՝ Հայաստանի սահմանապահ գյուղերը: Ինչո՞ւ է այդպես, արդյո՞ք մենք ինչ-որ հարցերում առիթ ենք տվել այս լկտիությանը:

– Դուք գիտեք, որ նոյեմբերի մեկին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են, գիտեք այդ երկրում ժողովրդավարության վիճակն ու քաղբանտարկյալների թիվը, գիտեք, որ բազմաթիվ եվրոպական կառույցներ հրաժարվել են իրենց դիտորդական առաքելությունն ուղարկել Ադրբեջան, ինչն արդեն իսկ կասկածի տակ է դնում ընտրությունների լեգիտիմությունը: Հայտնի է նաև, որ աշխարհում նավթի գինը կտրուկ ընկնում է, տարածաշրջանում Ադրբեջանին լուրջ մրցակից է դարձել Իրանը, որ պակաս նավթ ու գազ չունի. այս և բազմաթիվ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ Իլհամ Ալիևին դրել են փակուղային վիճակում՝ ընտրություններից առաջ: Նա ասելիք չունի ժողովրդին: Ինչո՞ւ պիտի նորից իր կուսակցությանը ձայն տան, որովհետև վերացրե՞լ է ընդդիմությունը: Սա ևս Իլհամի թիվ մեկ խնդիրն է, ընդդիմությանը վերացնելը հարցի լուծում չի, Ադրբեջանը խրված է խնդիրների մեջ, ի՞նչ կյանքով են ապրելու, Ադրբեջանի ժողովուրդը չգիտի և հեռանկար չի տեսնում, քանի որ բռնատիրական երկրում չի կարող լինել հեռանկար։ Սա՝ մեկ:

Իլհամ Ալիևն ասելիք չունի նաև Արևմուտքին, նա չի կարող ժխտել ո՛չ քաղբանտարկյալների ու քաղաքացիական ակտիվիստների հալածանքները, ո՛չ էլ հոխորտալ, որ Արևմուտքն ուտում է խավիարը ու ուրանում: Հնարավոր հանդիպումներից հերթական անգամ խույս տալու և միջազգային հանրությունից ագրեսորի իր պահվածքը թաքցնել չկարողանալու նրա փորձերն ակնհայտ են:

Մենք ունենք այս վայրենի հարևանը, ցավոք, հարևաններին չեն ընտրում, բայց և որպես միջազգային մեծ ընտանիքի անդամ և միջազգային բոլոր նորմերին համարժեք գործող պետություն՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բոլոր իրավունքները՝ դիմելու եվրոպական բոլոր կառույցներին, բոլորին՝ անխտիր, և պահանջելու, որ վերջ տան երկակի ստանդարտներին, ոչինչ չտվող ռևերանսներին, և այլևս անցնեն գործի՝ թողնելով դիվանագիտական բառապաշարը, երբ հրանոթներն են կրակում խաղաղ բնակչության վրա: Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պետք է սահմանվեն: Ի վերջո, ամբողջ աշխարհն է տեսնում, որ արդեն մի քանի օր գնդակոծվում են Հայաստանի սահմանները, իսկ սա ոչ այլ ինչ է՝ քան ագրեսիա խաղաղ բնակչության դեմ։ Մեր ժողովուրդը, մեր բանակն ի զորու են սանձել և սանձում են ադրբեջանական ագրեսիաները, առայժմ՝ համարժեք պատասխան տալով, բայց կարող են ավելին անել:

Այս անգամ արդեն միջազգային կառույցները ոչ թե պիտի բանաձևեր ու կոչեր ընդունեն, այլ դիմեն քաղաքական զինանոցի իսկապես ազդեցիկ միջոցների՝ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի դեմ, որ խախտում է ոչ միայն՝ զինադադարը, այլև՝ միջազգային կոնվենցիաները՝ գնդակոծելով խաղաղ բնակչությանը: Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը միայն Հայաստանի խնդիրը չէ: Եթե Բաքուն փորձի բացել Պանդորայի արկղը, ոչ ոք չի կարող կանխատեսել հետևանքները, և սա բոլորը պիտի հասկանան ու գործեն համարժեք:

Տեսանյութեր

Լրահոս