«Ես համոզված եմ, որ կորուստների առումով վիճակն Ադրբեջանում ավելի լուրջ է». Սերգեյ Մինասյան
«Չեմ կարծում, որ վերսկսվեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Կան մի քանի գործոներ, որոնցով պայմանավորված են այս գործողություններն Ադրբեջանի կողմից: Առաջին՝ չեմ բացառում, որ այս մի քանի օրերի ընթացքում սահմանային իրադարձությունների ժամանակ ադրբեջանական կողմը բավականին լուրջ կորուստներ է կրել, որովհետև գաղտնիք չէ, որ մեր կողմն էլ է համարժեք պատասխան տալիս: Հետևաբար՝ չեմ բացառում, որ այս քայլերով ադրբեջանական կողմը փորձում էր վրեժ լուծել նախորդ կորուստների համար»,- այսօրվա ասուլիսին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նա նշեց, որ երկրորդ գործոնն Ադրբեջանի ներսում ներքաղաքական լարված իրավիճակի ուժեղացումն է.«Շատ հնարավոր է, որ մոտակա ժամանակներում տեղի ունենա ադրբեջանական տարադրամի արդեն կրկնակի դևալվացիա, որովհետև փաստացի այս տարվա ընթացքում Ադրբեջանում ֆինանսատնտեսական վիճակը շատ վատ է: Ադրբեջանը հիմնական եկամուտը ստանում է նավթից, իսկ մենք գիտենք, թե ինչ վիճակում է այսօր նավթային շուկան: Տնտեսական իրավիճակի լարվածության առումով Իլհամ Ալիևը կարող է գնալ ինչ-որ էսկալացիայի՝ փորձելով դրանով շեղել իր հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից:
Եվ երրորդ՝ չեմ բացառում, որ Արևմուտքի կողմից ուժեղացող քննադատությունը, Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատացումը ստեղծում են հոգեբանական պարանոյա, որը նույնպես կարող է ազդել շփման գծի հետ կապված որոշումներ ընդունելու վրա»:
Քաղաքագետը նկատեց՝ այս իրադարձություններն ավելացնում են նյարդայնությունը Հայաստանի և ԼՂՀ-ի ներսում.
«Մենք տեսնում ենք, որ հասարակական կարծիքը բավականին կտրուկ փոխվում է, ինչը նույնպես մտահոգիչ է և, առաջին հերթին՝ պետք է մտահոգիչ լինի Ադրբեջանի համար, որովհետև, եթե նախորդ տարիների կամ ամիսների ընթացքում և՛ Հայաստանի հասարակությունը, և՛ ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էին անել ամեն ինչ, որ խուսափեն հետագա էսկալացիայից, ապա հիմա գալիս է այն կետը, երբ արդեն հայկական կողմը կարող է մտածել՝ արդյո՞ք իմաստ ունի սպասել, արդյո՞ք ռազմաքաղաքական գործողությունների զսպումը լավագույն տարբերակն է, թե՞ հայկական կողմերը պետք է փորձեն օգտագործել ինչ-որ պրևենտիվ քայլեր, լինեն դրանք քաղաքական, թե ուղղակի ռազմական բնույթի:
Ադրբեջանը պատրաստ չէ հաղթական պատերազմ սկսելու, բայց մյուս կողմից՝ այն կորուստները, որ մենք այս պահին ունենք, միգուցե արդարացնում է, որ կարող ենք գնալ ավելի կտրուկ քայլերի ու գործողությունների: Ես համոզված եմ նաև, որ կորուստների առումով վիճակն այնտեղ ավելի լուրջ է: Պարզապես նրանք պետք է հասկանան, որ յուրաքանչյուր ռազմական գործողությունների ընթացքի դեպքում Ադրբեջանի հասարակության համար ավելի լավ իրավիճակ չի լինելու, քան հիմա»: