Ով է կրակում Ադրբեջանի կողմից

«Ռուսաստանի քաղաքական ծրագրերին լիովին համապատասխանում է վերահսկելի լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին»,- 168.am-ի հետ զրույցում ասել է  ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած միջադեպերին: Դուբնովը, ով, ինչպես ռուս փորձագետների գերակշիռ մեծամասնությունը, արտահայտում է Կրեմլի ոչ պաշտոնական տեսակետները, չի մանրամասնում, թե Ռուսաստանի հատկապես ո՞ր կամ ինչպիսի՞ քաղաքական ծրագրերի մասին է խոսքը, սակայն դժվար չէ ենթադրել, որ նա նկատի ունի Հարավային Կովկասում ռուսական ազդեցության պահպանումը և հնարավորության դեպքում՝ ավելացումը: Ոչ միայն Դուբնովը, այլ նաև բազմաթիվ այլ ռուս քաղաքագետներ չեն թաքցնում, որ Մոսկվայի նպատակը ղարաբաղյան հակամարտության գոտում սեփական զինված ուժերի տեղակայումն է:

Նրանք բացահայտ չեն ասում, իհարկե, որ ռուսական կողմին լարվածությունը ձեռնտու է այդ նպատակը «հասունացնելու», այսինքն՝ իրավիճակն ընդհուպ պատերազմին մոտեցնելու և «խաղաղապահ» առաքելությունն առաջարկելու համար, սակայն տրամաբանությունը պարզ է: Դուբնովը, ի դեպ, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հավասարության նշան է դնում կողմերի միջև: «Ակնհայտ է, որ վերջին շրջանում լարվածությունը մեծանում է, ես կարծում եմ, որ այս առումով երկու կողմն էլ շատ վտանգավոր խաղ են խաղում»,- ասում է Դուբնովն այն դեպքում, երբ ադրբեջանական կողմն է խոշոր տրամաչափի զինատեսակներից հրթիռակոծել Տավուշի մարզի բնակավայրերը, երեկ էլ՝ գնդակոծել է ԼՂ պաշտպանության բանակի ոչ առաջին գծում գտնվող հենակետը:

Դուբնովը չի էլ թաքցնում, որ այս «խաղում» Ռուսաստանի համար առաջնային են Ադրբեջանի շահերը: «Այն, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, այստեղ պետք է գիտակցել, որ այդ տարածաշրջանում Ադրբեջանը Մոսկվայի համար, իհարկե, շատ ավելի կարևոր է, քան Հայաստանը: Եվ դեռ երկար Մոսկվան իր ռազմավարական գործողությունները կշարունակի կառուցել՝ հաշվի առնելով, որ տվյալ դեպքում իր գլխավոր հետաքրքրությունը գտնվում է Ադրբեջանում, իսկ այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում և Հայաստանում, երկրորդական է և ունի քաղաքական ենթատեքստ»,- ասում է նա:

Եթե սրան համադրում ենք վերջին օրերին ռուսական նույն շրջանակները ներկայացնող այլ քաղաքագետների կողմից արտահայտվող վերլուծություններն այն մասին, որ սրելով սահմանային իրավիճակը՝ Մոսկվան ցանկանում է Հայաստանին ստիպել Ադրբեջանին վերադարձնել ազատագրված 5 շրջանները, պատկերն ամբողջական է դառնում: Այսինքն՝ գործ ունենք ռուս-ադրբեջանական համատեղ սցենարի հետ, և սահմանային հրետակոծություններն այդ սցենարի ընդամենը տեսանելի մասն են: Տվյալ դեպքում կարող է հարց առաջանալ՝ արդյո՞ք «սահմանային լարվածության վերահսկողությունը» Ռուսաստանն իրականացնում է միայն Ադրբեջանի միջոցով: Թերևս՝ ոչ: Համենայնդեպս, այն, որ Հայաստանը համարժեք պատասխանի մասին դեռևս խոսում է միայն հայտարարությունների մակարդակում, գուցե նաև դրա վկայությունն է:

Ավելի պարզ ասած՝ «լարվածության վերահսկողության» ծրագրի շրջանակներում Ռուսաստանը կարող է ոչ միայն կազմակերպել ադրբեջանական հրետակոծությունները, այլ նաև զսպել Հայաստանին՝ համարժեք պատասխան չտալու համար: Համարժեք պատասխան տալու, դրանից ավելին էլ իրագործելու հայկական բանակի կարողությանը որևէ մեկը չի կասկածում, այլ հարց է, որ դրա համար պետք է քաղաքական որոշում կայացվի, ինչը, ըստ ամենայնի, համաձայնեցվում է Ռուսաստանի հետ:

Ամենացավալին այն է, որ Ռուսաստանի «քաղաքական ծրագրերն» իրականացվում են հայ զինվորների ու խաղաղ բնակիչների կյանքի գնով, իսկ Հայաստանի իշխանությունը՝ ունենալով դա թույլ չտալու ռազմական կարողություն, անկարող է դեմ գնալ Ռուսաստանի քաղաքական ծրագրերին:

 

Տեսանյութեր

Լրահոս