«Ռուսաստանի քաղաքական ծրագրերին լիովին համապատասխանում է վերահսկելի լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին». Դուբնով

168.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը

– Պարոն Դուբնով, հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը մեծանում է, ի՞նչ եք մտածում ստեղծված իրադրության մասին:

– Ակնհայտ է, որ վերջին շրջանում լարվածությունը մեծանում է, ես կարծում եմ, որ այս առումով երկու կողմն էլ շատ վտանգավոր խաղ են խաղում: Ռուսաստանն այստեղ հետապնդում է իր շահերը, բայց չեմ կարծում, որ դրանք նրա արտաքին քաղաքականության օրակարգում հիմնականն են, սակայն դրանք ֆոնային առումով համապատասխանում են իր ակնկալիքներին, և, կարծում եմ, որ այս հրետակոծությամբ Ադրբեջանը բարձրացրեց իր հեղինակությունն աշխարհում:

– Իսկ ո՞րն է Ադրբեջանի իրական նպատակը, ի՞նչ արդյունքի կարող է հասնել:

– Ադրբեջանն ունի խնդիրների որոշակի շրջանակ: Նա պետք է գրավի միջազգային հանրության ուշադրությունը նրա վրա, որ ղարաբաղյան հարցում եղած ստատուս-քվոն իրեն չի գոհացնում: Եվ դա հասկանալի ու տրամաբանական է, իսկ միջազգային հանրության միտքը «փոթորկելու» համար այլ միջոցներ, բացի այսպիսի սրացումներից, Ադրբեջանը չունի: Նրանք օգտվում են դրանից, և դա, կարծում եմ, տրամաբանական է: Կարծում եմ՝ իրավիճակը վերահսկվում է մի քանի ուժային կենտրոններից, որոնք կան և´ Բաքվում, և´ Երևանում, և´ Մոսկվայում, և´ Վաշինգտոնում:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներն իրենց հայտարարությամբ դատապարտել են հրադադարի ռեժիմի խախտումը, սակայն չեն հնչեցրել մեղավորի՝ Ադրբեջանի անունը: Ինչո՞ւ:

– Հրադադարի խախտումներ տեղի են ունենում պարբերաբար, գրեթե ամեն օր, և ես կարծում եմ, որ ՄԽ-ն պարզապես չի սկսելու ամեն օր հետևել, թե ով է մեղավոր այսօր, ով՝ երեկ: Նրանք մատնանշել են հրադադարի խախտումը՝ ցույց տալով, որ իրադրությունը սրելու պատրաստակամություն կա երկու կողմում էլ:

– Հայտարարության մեջ նաև նշվում էր միջադեպերը հետաքննելու անհրաժեշտության մասին: Այս անգամ կհամաձայնի՞ Ադրբեջանը:

– Ես կարծում եմ, դա ՄԽ հերթապահ հայտարարություն էր, եթե մենք նայենք նրա բոլոր նախորդ հայտարարությունները, երբ կրկին պահանջել են հետաքննություն իրականացնել, և դա ոչ մի շարունակություն չի ունեցել: Եվ Մինսկի խումբը շատ փիլիսոփայորեն ու հասկանալի հանդարտությամբ է մոտենում դրան:

– Իսկ ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի դիրքորոշումը, և արդյոք որևէ քայլ կնախաձեռնի՞:

– Ոչ, ես կարծում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ծրագրերին լիովին համապատասխանում է վերահսկելի լարվածությունը, դա ոչ մի դեպքում դուրս չի գա վերահսկողությունից: Եվ այս ամենը հատուկ սրվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովից առաջ, որտեղ համապատասխան հանդիպումներ են նախատեսված: Բայց ես չեմ կարծում, որ Ռուսաստանը նպատակ ունի Ղարաբաղում պատերազմ հրահրել: Պատերազմը Ղարաբաղում ՌԴ ծրագրերում ոչ մի դեպքում չի մտնում և, ես կարծում եմ, որ այստեղ կարելի է փոխզիջումային տարբերակներ գտնել: Սա միջազգային քաղաքականության այն քիչ հարցերից է, որտեղ Մոսկվան կարող է փոխզիջումային դիրքորոշում գտնել Վաշինգտոնի հետ:

– Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, իսկ մեզ մոտ ասում են՝ յուրաքանչյուր գնված զենք մի օր կրակելու է, և հնարավոր է, հիմա արդեն ռուսական զենքը կիրառվում է հայերի դեմ:

– Ռուսաստանը, կարծում եմ, գործում է այն տեսակետից, որ լայնամասշտաբ հակամարտությունից կարելի կլինի խուսափել, և բոլորն են այդպես կարծում: Իսկ այն, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, այստեղ պետք է գիտակցել, որ այդ տարածաշրջանում Ադրբեջանը Մոսկվայի համար, իհարկե, շատ ավելի կարևոր է, քան Հայաստանը: Եվ դեռ երկար Մոսկվան իր ռազմավարական գործողությունները կշարունակի կառուցել՝ հաշվի առնելով, որ տվյալ դեպքում իր գլխավոր հետաքրքրությունը գտնվում է Ադրբեջանում, իսկ այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում և Հայաստանում, երկրորդական է և ունի քաղաքական ենթատեքստ:

– Համանախագահները նշել են նաև, որ հետագա լարվածությունն անընդունելի է: Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը կշարունակի՞ իր հարձակումները, հաջորդ քայլերը որո՞նք կլինեն:

– Այժմ դժվար է ենթադրել, կարծում եմ, որ սա վերջին ակորդն է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովից առաջ: Ես չեմ կարծում, որ որևէ մի հանդիպում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, ըստ էության, ինչ-որ լուրջ փոփոխություններ կմտցնի իրադրությունում:

Կարծում եմ, որ սյուժեի ընդհանուր պատկերը նույնը կմնա, Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ կձեռնարկի նման հարձակումներ: Պետք է ասել, որ Հայաստանը պարտք չի մնա և իր հերթին՝ որոշակի գործողություններ կիրականացնի, որոնք պաշտպանողական անվանելը բավականին դժվար է: Եվ կրկին նշեմ, որ, քանի որ այս ամենը բավականին հուսալի վերահսկվում է բոլոր կողմերի կողմից, դա կլինի բավականին անհանգստացնող, ինտրիգային, բայց, ամեն դեպքում, որոշակի սահմանը չեն անցնի, և պատերազմի չի վերածվի:

Տեսանյութեր

Լրահոս