«Մեկ գյուղի դիմաց՝ տասը գյուղ. դա կստիպի, որ իրենք լռեն». Վովա Վարդանով

«Իմ կարծիքով՝ այն, ինչ կատարվում է, դեռ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու քայլ չէ, նման բաներ 90-ական թվականներին եղել են, մենք շատ լուրջ հակահարվածներ ենք հասցրել պոստերին և բնակավայրերին, վերջինս հատուկ շեշտում եմ, արդյունքում՝ թուրքը լռել է: Դա է պետք անել, և ցանկալի է՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի շփման գծում դա արվի, որովհետև մենք այդ մասում չունենք բնակավայրեր, իսկ թուրքը՝ ունի: Այստեղ մեկ գյուղի են խփում, մենք այնտեղ 5-10 գյուղի կարող ենք խփել, 10 գյուղի կարող ենք նեղություն տալ: Մեկ գյուղի դիմաց՝ տասը գյուղ: Այստեղ 2 գյուղի են խփում, մենք այնտեղ՝ 20: Դա կստիպի, որ իրենք լռեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:

Ըստ նրա՝ այդ գործողությունները չեն արվում, որովհետև շատ ենք նայում արտասահմանի կարծիքներին՝ Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ. «Բայց մենք վաղուց մենակ ենք. ռուսներին միայն օսմանյան սահմանն է հետաքրքրում: Նրանց համար մեկ է՝ Անդրկովկասում թուրքակա՞ն ընդհանուր պետություն կլինի, թե՞ հայկական: Իրենց համար կարևորը ՆԱՏՕ-ի դեմն առնելն է: Ռուսաստանը 2010թ. հսկայական պայմանագիր կնքեց մերձկասպյան թուրքերի հետ՝ տարբեր զինատեսակներ տալով: Այդ ամենը խոսում է այն մասին, որ ռուսի համար բացարձակ տարբերություն չկա, թե ում հետ «ընկերություն» կանի կամ կթելադրի իր կամքը: Մենք աշխարհում ենք մենակ, դա պետք է հասկանանք և, համապատասխանաբար՝ մեր երեխեքին, մեր երիտասարդներին պատրաստենք: Ոչ թե ամբողջ աշխարհի վրա չարացած լինենք, այլ պատրաստ լինենք պետք եղած դեպքում անվրեպ կրակել և՛ թուրքի վրա, և՛ ամերիկացու, եթե պետք լինի, և՛ ռուսի վրա, եթե պետք լինի»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ն որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս, նա պատասխանեց. «Եթե հանդես էլ է գալիս, ապա՝ որպես խաղաղարար՝ ասելով, թե լարվածությունը լավ բան չէ, և այլն: Հեչ չի զգացվում, որ մենք ինչ-որ դաշինքի անդամ ենք, որի մեջ հզոր Ռուսաստան կա: Չնայած՝ հենց այդտեղից էլ պարզ է դառնում, որ այդ դաշինքը ծառայում է Ռուսաստանի շահերին: Հիմա դա դաս կլինի Ղազախստանին, Բելառուսին, որ ՀԱՊԿ-ն զուտ ռուսական շահերը սպասարկելու համար է: Ուղղակի մենք ռուսին չպետք է այստեղից լարենք, որովհետև, եթե ռուսին դուրս շպրտենք, օսմանյան սահմանի վրա հսկայական անցք ենք ձեռք բերում, և մեծ հարցական է՝ կարո՞ղ ենք փակել այդ անցքը, թե՞ ոչ: Դրա պատճառով ռուսներին պետք է «յոլա տանենք», բայց հենվել նրանց վրա՝ ոչ մի դեպքում»:

Իսկ հարցին, թե Ադրբեջանի վերջին գործողություններն ու նոր զինատեսակների կիրառումն ինչո՞վ են պայմանավորված, Վովա Վարդանովը պատասխանեց. «Միշտ էլ նմանատիպ բաներ եղել են, հիմա ինչո՞վ է տարբերվում՝ 100 մմ-անոց ականանետե՞ր են օգտագործում, թե՞ 82 մմ-անոց: Ձեզ թվում է՝ տարբերութունը մե՞ծ է, երբ մինամյոտը կրակում են, ու գալիս կողքիդ է տրաքում. ոչ մի տարբերություն չկա: Ուղղակի փող ունի և միաժամանակ իրար հետևից տարբեր զինատեսակներ է գնում ու կիրառում»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս