Ի՞նչ պետք է անել սրտանոթային հիվանդություններից զերծ մնալու համար

«Դիագնոստիկա» ԲԿ-ի Սրտաբանական կլինիկայի ղեկավար, բ.գ.թ Մարինե Օրդյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ թեկուզ եղանակը մեզ մոտ դեռ ամառային է, չեն սկսվել մթնոլորտային ճնշման լուրջ տատանումներ, բայց սրտաբաններն արդեն նկատում են սիրտ-անոթային հիվանդություններով տառապող հիվանդների քանակի ավելացում.

«Սիրտ-անոթային հիվանդություններն ամենատարածվածն են ինչպես՝ ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում: Սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունն ամենաբարձրն է ամբողջ աշխարհում՝ հետևում թողնելով մահացությունը չարորակ ուռոցքներից և ՁԻԱՀ-ից: Ամենատարածված սիրտ-անոթային հիվանդություններն են՝ սրտի իշեմիկ հիվանդությունը, որի մեջ մտնում է ստենոկարդիան՝ կրծքային հեղձուկը, ու սրտամկանի ինֆարկտը և զարկերակային ճնշումը: Այս հիվանդությունները վտանգավոր են նրանով, որ, եթե չբուժվեն՝ առաջացնում են տարբեր տեսակի բարդություններ, մահացություն:

Սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները բաժանվում են երկու խմբի: Առաջին խմբի ռիսկի գործոններն են՝ սեռը, տարիքը և ժառանգականությունը, որոնք փոխել չենք կարող, բայց ահա երկրորդ խմբի ռիսկի գործոնների դեմ մենք կարող ենք պայքարել: Դրանք են՝ ավել քաշը, ծխամոլությունը, ալկոհոլի չարաշահումը, նստակյաց կյանքը, ֆիզիկական ակտիվության պակասը, արագ սննդի օբյեկտներից օգտվելը»:

Նա նշեց, որ սիրտ-անոթային հիվանդությունները վերջին 10-15 տարում Հայաստանում երիտասարդացել են.

«Եթե 20 տարի առաջ տեսնում էինք սրտամկանի ինֆարկտ 40 տարեկան մարդու մոտ և զարմանում՝ ինչո՞ւ այդ վաղ տարիքում, հիմա սրտամկանի ինֆարկտ ենք գրանցում արդեն 27 տարեկանի մոտ ու չենք զարմանում: Այստեղ նշանակություն ունի շատ մեծ հոգեբանական լարվածությունը մեր երիտասարդների շրջանում, որը բերում է սիրտ-անոթային հիվանդությունների երիտասարդացմանը, և, իհարկե, ոչ առողջ ապրելակերպը»:

168.am-ի հարցին, թե ի՞նչ սնունդ պետք է օգտագործել սրտանոթային հիվանդություններից զերծ մնալու համար, բժիշկը պատասխանեց.

«Պետք է սննդի միջից պակասեցնել կարագը, չօգտագործել մարգարին, ավելի հազվադեպ օգտագործել տապակած ուտելիք, ավելի շատ օգտագործել խաշած կամ շոգեխաշած ուտելիքներ, խոզի և ոչխարի միսը պակասեցնել կերակրացանկից, երեկոյան ժամը 5-ից, 6-ից հետո չուտել ճարպեր և ածխաջրեր պարունակող մթերքներ: Երեկոյան խորհուրդ չի տրվում նաև մրգեր ուտել, որովհետև դրանց միջի ածխաջրերը գիշերվա ընթացքում վերածվում են յուղի: Ֆիզիկական ակտիվությունը ևս կարևոր է՝ քաշը նվազեցնելու ու այդպիսով՝ սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս