«Լայնածավալ պատերազմի հավանականությունը չի կարելի ժխտել». Դավիթ Բաբայան
«Իրավիճակը սահմաններում վերահսկելի է, թեպետ հակառակորդը շարունակում է խախտել զինադադարի ռեժիմը»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանին լարված իրավիճակին՝ ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ դժբախտաբար, մենք տվել ենք անդառնալի կորուստներ՝ 4 երիտասարդ է զոհվել. «Այսօր Ստեփանակերտի օրն էր, նախատեսված էր մեծ հրավառություն, համերգ, այդ բոլորը, իհարկե, այլևս տեղի չեն ունենալու՝ այդ դեպքերի պատճառով, բայց որևէ խուճապ չկա, և բանակը, ինչպես միշտ, ամուր կանգնած է իր դիրքերում: Մենք պետք է հաշվի առնենք մի բան, որ հակառակորդը նենգ է, բայց վախկոտ է, նա հեռավորության վրա է կրակում, և սա է իր ոճը»:
– Պարոն Բաբայան, կարո՞ղ եք ասել՝ ադրբեջանական կողմից մոտավոր քանի՞ զոհ կա:
– Իրենց մոտ ահագին զոհեր կան, բայց բնական է, իրենք դա չեն ասում, զոհերին հետագայում կներկայացնեն՝ մեկին օձն է կծել, մյուսին՝ շունն է կծել, և այլն: Շատ զոհեր են տվել, վախենում են ասեն: Կոնկրետ թիվ մենք չենք կարող ասել, որովհետև իրենք պետք է դա հրապարակեն:
– ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Կարելի՞ է ակնկալել, որ այդ հանդիպումից հետո իրավիճակը կմեղմանա սահմանին:
– Հակամարտության կարգավորման վերջնական փուլի մասին շատ վաղ է խոսել, բայց կարծում եմ՝ հատուկ շեշտ պետք է դրվի զինադադարի ռեժիմի պահպանման վրա, որովհետև սա արդեն այնպիսի պահվածք է Ադրբեջանի կողմից, որ միջազգային հանրությունը պարբերաբար պետք է ապտակներ հասցնի այդ պետությանը՝ դիվանագիտական և քաղաքական: Ռազմականը մենք այստեղ ինքներս ենք կատարում, բայց նաև միջազգային հանրության կողմից այսպիսի քայլեր ենք ակնկալում:
– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ մինչ այժմ այդ ապտակը չի հասցվել:
– Պատճառն այն է, որ իրենք հասկանում են, որ հակամարտության կարգավորումը բավականին բարդ փուլում է, և ուղղակի ուզում են պահպանել բանակցային գործընթացը՝ նույնիսկ այս կոմային իրավիճակում: Դրա համար փորձում են էլ ավելի խնդիրներ չստեղծել, ավելի չվատացնել իրավիճակը, որովհետև ի դեմս Ադրբեջանի՝ ունենք ոչ հավասարակշռված, մոլագար մի պետություն, որը հիստերիայի մեջ է ընկնում: Դրա համար փորձում են ընդհանրացված մոտենալ, որ չխանգարեն գործընթացին: Կարծում եմ, որ ոչ հրապարակային խողովակներով, այնուամենայնիվ, հասկացնում են Ադրբեջանին, որ նման պահվածքն անընդունելի է, և չի բացառվում, որ լինեն ավելի կոշտ հայտարարություններ մոտ ապագայում:
– Պարոն Բաբայան, Ձեր կարծիքով՝ ինչքա՞ն կտևի այս վիճակը:
– Ըստ երևույթին, այսպես էլ տևելու է, որովհետև արդեն քանի տարի է՝ այս վիճակն է, որևէ արմատական փոփոխություն չկա վիճակի մեջ:
– Ի՞նչ պետք է արվի հայկական կողմից , որ չի արվում:
– Մեր կողմից շատ պարզ է և հստակ, պետք է միշտ հակահարված հասցվի, և այդպես էլ արվում է: Մտածել, որ Ադրբեջանը կվերանայի իր որոշումը, այդպես չէ, որովհետև բուն պատճառն այն է, որ Ադրբեջանը վաղուց դարձել է ֆաշիստական բռնապետական պետություն, իսկ նման պետությունները հենց այսպիսի պահվածք էլ ունեն:
– Այս լարվածությունը՝ շարունակվելու դեպքում, կարո՞ղ է հանգեցնել լայնածավալ պատերազմի:
– Լայնածավալ պատերազմի հավանականությունը չի կարելի ժխտել: Նախևառաջ, գլոբալ առումով, դա շատ ավելի դժվար սցենար կլինի Ադրբեջանի համար, քան 1988-1991 թվականներին, երբ սկսվել է այս ամենը: Այն ժամանակ Խորհրդային Միությունը փլուզվում էր, և ստեղծվել էր աշխարհաքաղաքական վակուում այդ տարածաշրջանում: Հիմա այդպես չէ, հիմա կան գլոբալ տերությունների շահեր, դիրքեր, և այլն, կան բազմաթիվ խնդիրներ, և Ադրբեջանն իր քմահաճույքներից ելնելով՝ չի կարող գնալ դրան:
Պահպանվում է նաև հավասարակշռվածությունը տարածաշրջանում, եթե Ադրբեջանը զգար, որ ի վիճակի է հաղթել, վաղուց արդեն պատերազմը կսկսեր: Ադրբեջանը ներսից փխրուն է, և, եթե նա սկսի պարտվել մարտի դաշտում, ազգային փոքրամասնությունները, որոնք կազմում են, ընդհանուր առմամբ, իրենց պետության բնակչության գրեթե կեսը, կարող են ոտքի կանգնել, իսկ այդ դեպքում՝ Ադրբեջանը կարող է ընդհանրապես վերանալ: Հետո էլ՝ ալիևյան կլանն ինքը կարող է զրկվել ոչ միայն՝ այդ հարստությունից, այլև՝ պարզապես կյանքից: