«Արցախ կաթ»-ի թթվասերն արդեն վաճառակետերում է. նախարար Մխոյանն անձամբ է համտեսել
«Արցախ կաթ» ընկերության թթվասերն անվտանգ է և այսօրվանից այն կրկին առաքվել է վաճառակետեր:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, այսօր առավոտյան «Արցախ կաթ» ընկերության գործարան է այցելել գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը` փոխնախարար Տիգրան Առուստամյանի ուղեկցությամբ: Նրանք գործարանի գործադիր տնօրեն Եղիշե Մանգասարյանի հետ եղել են ընկերության տարբեր արտադրամասերում և անձամբ համտեսել թթվասերն ու մյուս արտադրատեսակները:
Ընկերության տնօրենը նախարարին հավաստիացրել է, որ լաբորատոր համապատասխան ստուգումներից հետո թերություններն ամբողջությամբ վերացվել են, և թթվասերի առաջին խմբաքանակը այսօր արդեն կուղարկվի խանութներ: Գյուղնախարարը կարևորել է ընկերության աշխատանքը` նշելով, որ «Արցախ կաթ»-ը միշտ էլ աչքի է ընկել կաթնամթերքի արտադրության բարձր որակական հատկանիշներով: