Ինչո՞ւ է Կառավարությունը շտապ կրճատում ծառայողական մեքենաները
Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ։
Գործադիրը հաստատել է ԱՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Այն ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ով, մասնավորապես, ասել է, որ նշված ժամանակահատվածում բյուջեի սեփական և ընդհանուր եկամուտների կրճատում է սպասվում։ «Ընդհանուր առմամբ, պետական բյուջեի ծախսերը 2016 թվականին կկազմեն մոտ 88 միլիարդ դրամ, իսկ 2017 թվականին՝ 89,8 միլիարդ դրամ։
Աշխատավարձերի և թոշակների մասով իրականացվող ծախսերը կպահպանվեն գրեթե նույնությամբ։ Արդեն հոկտեմբեր ամսից կսկսվի եկող տարվա պետբյուջեի քննարկումը, որում կհաշվարկվեն նաև ՀՀ-ի կողմից տրամադրվող միջպետական վարկի հնարավոր կրճատումները»,- ասել է Ս. Թևոսյանը:
Արձագանքելով ֆինանսների նախարարի ներկայացրած զեկույցին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել է, որ համաշխարհային տնտեսական տեղաշարժերը բացասական հետևանքներ են թողել ՀՀ և ԱՀ տնտեսությունների վրա։ «Չնայած պետական բյուջեի կրճատում չի լինի Արցախում, սակայն նշանակալի ավելացում նույնպես չի նախատեսվում։ Հնարավորության դեպքում ձգտելու ենք չավելացնել դեֆիցիտը, իսկ ընդհանուր ֆինանսական միջոցներն ուղղվելու են տնտեսական աճի ապահովմանը։
Ներկայումս բանկային համակարգը դադարեցրել է տնտեսական տարաբնույթ ծրագրերի իրականացմանն ուղղված վարկավորումը, ինչը նշանակում է, որ առևտրի և սպասարկման ոլորտներում առկա աճի տեմպերը պետք է համապատասխանեցվեն տնտեսական աճի տեմպերին։ Պետք է ևս մեկ անգամ վերանայել պետբյուջեի միջոցներով իրականացվող ծախսերը»,- ասել է վարչապետը։
Ա. Հարությունյանը նշել է, որ արդեն իսկ կրճատվել է պետական ծառայողական 30 ավտոմեքենա, և հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին սեղմ ժամկետներում ներկայացնել կրճատման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկերը։ Պետական ծառայողական ավտոմեքենաների կրճատմամբ խնայված միջոցները, վարչապետի խոսքով, ուղղվելու են առողջապահության համակարգի բարելավմանը, մասնավորապես՝ հանրապետության գյուղական համայնքների համար շտապօգնության ավտոմեքենաների ձեռքբերմանը։
Խոսելով սոցիալական ծրագրերի մասին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանք համապատասխանում են ՀՀ-ում վարվող սոցիալական քաղաքականությանը, և այդ առումով նոր փոփոխություններ չեն նախատեսվում։