«Էրդողանն անհանգստացած է, և ինչ-որ խնդիրներ է ցանկացել պարզաբանել Պուտինի հետ». Անուշ Հովհաննիսյան
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ թեջ Մոսկվան Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը անվանվում է աշխատանքային, բայց դա արտածրագրային էր, ինչն, ըստ նրա՝ նշանակում է, որ Էրդողանը ներքին կարգով է ցանկություն հայտնել մասնակցել այդ մզկիթի բացմանը.
«Ուրեմն՝ Էրդողանն անհանգստացած է, և ինչ-որ խնդիրներ է ցանկացել պարզաբանել Վլադիմիր Պուտինի հետ: Չնայած՝ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների՝ արտաքուստ մեղրային թվացող շղարշին, որ իբր թե ամեն ինչ նորմալ է, վերջին շրջանում կան տարբեր սրության մի շարք հարցեր, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կան խնդիրներ, որոնց շուրջ չկա համաձայնություն»:
Ըստ թուքագետի՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների առաջին սրացումը նկատելի դարձավ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Երևան կատարած Պուտինի այցից հետո, երբ Պուտինն արտասանեց «Ցեղասպանություն» բառը, ինչը զայրույթ առաջացրեց մերձէրդողանական լրատվամիջոցներում, ինչը, սակայն, ըստ նրա՝ այդքան լուրջ չվնասեց այդ հարաբերություններին:
Թուրքագետի կարծիքով՝ նրանց մեջ առկա մյուս խնդիրը Ղրիմի թաթարների խնդիրն է. «Թեև Թուրքիայի արձագանքը Ղրիմի միացման գործընթացին Մոսկվայի սպասածից շատ ավելի մեղմ էր, բայց արդեն ապրիլի 24-ի միջոցառումներից հետո Ղրիմում գտնվող թուրքական պատվիրակությունը զեկույց էր պատրաստել, որը ՌԴ Արտգործնախարարությունն անվանեց հիասթափեցնող: Այսինքն՝ այնտեղ կային հակամոսկովյան շեշտադրումներ: Բայց սա էլ հիմնական խնդիրը չէ:
Մյուս հարցը, որտեղ կան տարաձայնություններ, Քրդական բանվորական կուսակցության խնդիրն է, որը, օրինակ, ԱՄՆ-ն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների իր ցանկում, իսկ Ռուսաստանը՝ ոչ: Ռուսաստանը, համաձայնելով, որ տարածաշրջանում Թուրքիային սպառնում են ահաբեկչական կազմակերպություններ, ընդունում է Իսլամական պետությունը որպես սպառնալիք, բայց, ինչպես Թուրքիան է ցանկանում, չի ընդգրկում Քրդական բանվորական կուսակցությունը: Ավելին, ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը հարցազրույց էր տվել եգիպտական թերթեից մեկին, որտեղ ասել էր, որ պայքարը ԻՊ դեմ, երբ նա ռմբակոծում է ոչ թե ԻՊ օբյեկտները այլ Ղանդիլում Քրդական բանվորական կուսակցության ճամբարները, Ռուսաստանին շատ կասկածելի է թվում: Ենթատեքստն այն էր, որ շատ կասկածելի է թվում Թուրքիայի մասնակցությունը ԻՊ դեմ պայքարին»:
Ա. Հովհաննիսյանը նկատեց՝ Թուրքիայի և Ռուսաստանի հիմնական խնդիրը Սիրիայի հարցն է, իսկ ավելի կոնկրետ՝ Բաշար Ասադին Ռուսաստանի աջակցությունը. «Էրդողանը հայտարարեց, որ Ռուսաստանի գործելաոճից ինքը շոկի մեջ է ընկել: Ասադի հարցում նրանք ունեն սկզբունքային տարակարծություններ, որովհետև Էրդողանի համար առաջնայինը Բաշար Ասադի ռեժիմի հեռացումն է, իսկ Ռուսաստանն այդ հարցում թույլ չի տալիս Էրդողանին սակարկության ենթարկել այդ խնդիրը:
Այս ամբողջ հակասությունների տակ կա նաև տնտեսական գործոն, որը վերջին հանդիպման ժամանակ Էրդողանը փորձել է գործի դնել: Թուրքիան լարախաղացի նման Մոսկվային ասում է՝ եթե Սիրիայի որոշ հարցերում զիջես, ապա Թուրքական հոսքի գործընթացը, որ վերջին շրջնում կարծես առկախվել էր, գուցե առաջխաղացում ունենա: Մոսկվան շահագրգռված է այդ նախագծի իրականացմամբ, բայց երբ հունիսի 7-ից հետո Թուրքիայի քաղաքական ներկապնակը օդից կախված վիճակում է, երբ Թուրքիան ուզում էր մինչև պայմանագրի ստորագրումը զիջումներ կորզել Մոսկվայից, Մոսկվան չի գնա զիջումների: Լարվածությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև կշարունակվի»: