«Շատ գյուղացիներ թշնամու կրակի առաջ խաղող են աճեցրել, և պետք է նրանց չնեղացնել». Վազգեն Սաֆարյան
«Ի բարեբախտություն մեզ՝ գյուղատնտեսական առումով տարին բարեբեր է եղել, մթերքը շատ է արտադրվել, ու իրացման հետ կապված խնդիրներ են առաջացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ այդ իրացման հետ կապված խնդիրներն առաջացել են այն առումով, որ մթերող կազմակերպություններն իրենց նախորդ տարի մթերած ապրանքները լավ չեն իրացրել՝ ելնելով այն հանգամանքից, որ ռուսական շուկայում դժվարություններ են առաջացել ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով. «Որոշ մթերող կազմակերպություններ` չունենալով ֆինանսական միջոցներ, կանգնել էին դժվարությունների առաջ: Կառավարությունն այդ կազմակերպություններին սուբսիդավորում է, որ նրանք կարողանան մթերում կատարել: Դա գերխնդիր է այսօր: Կարծում եմ՝ կառավարությունն ամեն ինչ կանի այդ հարցում, և մենք էլ մեր կողմից ամեն ինչ կանենք»:
Ինչ վերաբերում է կոնյակի և գինու իրացմանն առնչվող խնդիրներին, ապա Վ. Սաֆարյանի կարծիքով՝ ՀՀ կառավարությունն այս առումով ճիշտ քաղաքականություն է որդեգրել՝ Չինաստանում փորձելով մեր կոնյակի իրացման համար նպաստավոր պայմաններ ստեղծել, քանի որ, ըստ նրա՝ ռուսական շուկան մեզ համար այսօր ոչ «պատեհ» է. «Չինացիներն ունեն ցանկություն՝ կոնյակի կուլտուրան իրենց մշակույթ մտցնել: Կա մտայնություն, որ մեր խաղողից մթերված գինին եվրոպական շուկայում չնչին քանակությամբ է իրացվում: Դրա համար մենք պետք է եվրոպական շուկան չմոռանալով՝ նաև փնտրենք այլ շուկաներ, օրինակ՝ չինական շուկան»:
Ըստ Վ. Սաֆարյանի՝ մեր սպառողը կորցրել է իր գնողունակությունը, և արդեն որոշակի ապրանքատեսակներ քիչ են իրացվում Հայաստանում, և մենք քիչ ապրանքներ ենք բերում. «Մի կողմից՝ լավ է, որ կրճատվում է արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը, տարիներ շարունակ դա կազմում էր 2.8-ից մինչև 3 միլիարդ դոլար, հիմա դա կմեղմվի, բայց պետք է շատ ինտենսիվ կերպով արտահանումն ավելացվի»:
Վ. Սաֆարյանի կարծիքով՝ երբ համաշխարհային տնտեսությունը նորից մոտենում է ինչ-որ մի փուլի, որը նախանշում է որոշակի ճգնաժամային էլեմենտներ, մենք պետք է կարողանանք մոբիլիզացիոն քաղաքականություն տանել. «Պետք է մեր ռեսուրսները մաքսիմալ օգտագործենք պատրաստի արտադրանք պատրաստելու առումով, ոչ թե հումք արտահանենք»:
Նա նկատեց, որ անցյալ տարի 184 հազար տոննա խաղող է իրացվել, այս տարի կարող է մի քիչ ավելի լինի, իսկ երբ ապրանքը շատանում է, բնականաբար, գինը փորձում են գցել. «Բայց սա այն դեպքը չէ, և կարծում եմ, որ բոլորը պետք է հասկանան, որ չի կարելի գին իջեցնել՝ գյուղացուն նեղացնելու գնով: Շատ գյուղացիներ, մասնավորապես՝ Տավուշի շրջանում, թշնամու կրակի առաջ խաղող են աճեցրել, և պետք է նրանց չնեղացնել, մթերել այն գնով, ինչ գնով նրանք պայմանագրեր են կնքել, կամ կառավարությունը պետք է փորձի մի փոքր էլ սուբսիդավորել նրանց»: