Ինչպե՞ս հայտնագործվեց առաջին արտարեգակնային մոլորակը. բացառիկ զրույց մոլորակը հայտնագործողի հետ
Արտարեգակնային մոլորակների հայտնաբերման 20-ամյակի կապակցությամբ 168.am-ը զրուցել է արտարեգակնային մոլորակների որոնման և ուսումնասիրությունների ոլորտում աշխարհում ամենաճանաչված մասնագետներից մեկի՝ 1995թ. առաջին արտարեգակնային մոլորակի` Պեգաս 51b-ի հայտնաբերող, 2005թ. Շոուի աստղագիտական մրցանակի դափնեկիր, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային միցանակի առաջին դափնեկիր (2010թ.), ներկայումս` նույն միցանակի միջազգային հանձնաժողովի անդամ, Ժնևի աստղադիտարանի պրոֆեսոր Միշել Մայորի (Michel G. E. Mayor) հետ:
– Պրոֆեսոր Մայոր, ինչպե՞ս սկսվեց Ձեր հետաքրքրությունը գիտության հանդեպ: Հենց սկզբից էլ որոշել էիք գիտնակա՞ն դառնալ:
– Ես դեռ մանկուց հետաքրքրված եմ եղել գիտությամբ, բայց երբեք չեմ երազել աստղագետ դառնալու մասին: Ես հիանում էի գիտության ամեն բնագավառով, ցանկանում էի ուսումնասիրել հրաբուխները, օվկիանոսները, Ալպերը, երկրաֆիզիկան և երկրաբանությունը: Հատկապես սիրում էի մաթեմատիկան, այսպիսով որոշեցի Լոզանի համալսարանում սովորել ֆիզիկա և մաթեմատիկա: Երկրորդ կուրսում ստիպված էի ընտրություն կատարել այդ երկու առարկաների միջև, և ես ընտրեցի ֆիզիկան՝ տեսական ֆիզիկան: Իսկ մագիստրատուրայում ուսումնասիրեցի մեծ սպին ունեցող մասնիկների փոխազդեցությունները:
– Իսկ ինչպե՞ս դարձաք աստղագետ:
– Մագիստրատուրան ավարտեցի 60-ականների վերջին, այդ տարիներին մեծ թվով մարդիկ էին զբաղվում գիտությամբ: Ես որոշեցի իմ ասպիրանտական հետազոտությունն անցկացնել Ժնևի համալսարանում՝ աստղաֆիզիկայի բնագավառում. նախնական աշխատանքներս նվիրված էին պարուրաձև գալակտիկաներին: Պարուրաձև գալակտիկաների ծագումը երկարատև խնդիր է եղել, այդ տարիներին գիտնականները պնդում էին, որ դրանք առաջացել են դիֆերենցիալ պտույտից, սակայն այդ դեպքում այս գալակտիկաները չէին պահպանի իրենց ձևը: Գիտնականներ Լին և Շուն առաջ քաշեցին տեսական բացատրություն, և ես ցանկանում էի փորձարկել այս գիտնականների գաղափարները հաճախականության մասնակի տիրույթում: Այստեղից էլ սկսվեց աստղային կինեմատիկայի իմ հետաքրքրությունը:
– Ինչպե՞ս հայտնվեցիք գործիքաշինության ոլորտում:
– Ասպիրանտուրան ավարտելուց հետո այս գաղափարների շուրջ փորձում էի դիտողական տվյալներ գտնել, սակայն կատալոգներում եղած աստղային արագությունները բավարար չէին: Քեմբրիջում կայացած գիտաժողովներից մեկում պատահաբար հանդիպեցի Ռոջեր Գրիֆին, այստեղ էլ խոսեցինք աստղային մեծության չափման նոր սպեկտրագրական եղանակի մասին: Ես հասկացա, որ սա լավագույն ձևն է տվյալները ստանալու համար: Վերադառնալով Ժնև՝ այս մասին պատմեցի աստղադիտարանի տնօրենին, նա ասաց, որ սա լավագույն հնարավորությունն է աստղադիտարանը զարգացնելու համար: Բայց կարծում եմ, որ նա մտահոգություն ուներ, թե ես՝ լինելով տեսաբան, ինչպե՞ս կարող եմ գործիքաշինության ոլորտում աշխատել:
– Եվ ինչպե՞ս դա Ձեզ հաջողվեց:
– Մարսելի աստղադիտարանից Անդրե Բարանը, ով օպտիկայի հրաշալի ինժեներ է, ինձ աջակցեց իր խորհրդատվությամբ: Թեպետ մեր ձեռքին չունեինք ոչ պայմանագիր, ոչ էլ գումար, սակայն կարողացանք լուծել խնդիրը: Ես շատ բավարարված էի արդյունքներով: Սա սկիզբն էր կինեմատիկական հետազոտությունների: Մեր նոր գործիքը մոտ 4000 անգամ ավելի արդյունավետ էր, քան նախկինում կիրառվող լուսանկարչական թիթեղները: Ես ուսումնասիրում էի Կեփեիդները Մագելանի ամպերում, և աշխատում էի կրկնակի և Արեգակի տիպի աստղերի վիճակագրական հատկությունների վրա: Ձեռնամուխ եղա փորձարկել Արեգակին նման 142 աստղեր և համակարգված չափումների շնորհիվ՝ բացահայտել որևէ տատանում: Իմ առջև երկու նպատակ էի դրել. գտնել Արեգակի նման աստղեր և հսկա մոլորակներ: Սկզբում մենք հայտնաբերեցինք փոփոխական արագություն ունեցող մի քանի աստղեր, այնուհետև ստիպված էինք ստուգել անկանոնության այլ հնարավոր պատճառները, ինչպես, օրինակ, մագնիսական դաշտի փոփոխությունը:
Պարզվեց, որ աստղերից մեկը՝ Պեգաս 51-ը, չունի մագնիսական դաշտ, ազդանշանից կարելի է հասկանալ, որ 4,5 օր պարբերությամբ մոլորակ է, որը Յուպիտերի զանգվածի կեսն ունի։ Սա այնքան անհավանական արդյունք էր, որ մենք սպասում էինք լրացուցիչ դիտումների, որպեսզի ստուգենք պարբերություններն ու փուլերը: Մենք գտանք չորս օր պարբերությամբ մոլորակ, մինչդեռ բոլորը սպասում էին, որ այն 10 տարվա պարբերություն կունենա: Ուշադիր ստուգում էինք, որպեսզի վստահ լինենք, թե արդյո՞ք մոլորակն այդքան մոտ է իր աստղին: Մտածում էինք՝ գուցե անկայուն ուղեծիր կունենա, սակայն ոչ մի նշան չհայտնաբերվեց: 1995թ. հուլիսին մեր զարմանալի տվյալները տպագրեցինք «Նեյչըր» (Nature) ամսագրում:
– Ի՞նչ տեղի ունեցավ տպագրելուց հետո:
– Նույն թվականի հոկտեմբերին սառն աստղերի մասին զեկուցեցի Ֆլորենցիայում, այնուհետև հայտնվեցինք իտալական հեռուստաալիքներում, և նորությունը տարածվեց ամբողջ աշխարհով, բազմաթիվ թերթեր գրեցին այս մասին, թողարկվեցին մի շարք հաղորդումներ և փաստագրական ֆիլմեր: Մենք ակնկալում էինք, որ հետաքրքրությունը շուտով կսպառվի, սակայն 1996թ. Ջեոֆ Մարսին հայտարարեց, որ ևս երկու մոլորակ է հայտնաբերել՝ նույնիսկ ավելի փոքր զանգվածով:
– Ի՞նչ է փոխվել վերջին 20 տարիների ընթացքում:
– Հետադադարձ հայացք նետելով անցյալին՝ ես մեծ բավարարվածություն եմ զգում՝ տեսնելով, թե որքան է զարգացել այս ոլորտն առաջին արտարեգակնային մոլորակի` Պեգաս 51b-ի հայտնաբերելուց հետո: 1995թ.-ին ոչ ոք չէր սպասում, որ նման կարճ պարբերությամբ մոլորակ կհայտնաբերվի, իսկ այժմ հայտնի մոլորակային շտեմարանում մեծ բազմազանություն ունենք:
Զրուցեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ