ԻՊ-ի դեմ բոլորը պայքարում են, իսկ «Ջաբաթ Ալ-Նուսրան» և մի շարք այլ խմբավորումներ դուրս են մնացել միջազգային հանրության ուշադրությունից

Արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ռուսական լրատվամիջոցներին տված Բաշար Ասադի հարցազրույցում  հիմնականում կրկնություններ էին, բայց հետաքրքիր շեշտադրումներ կային.

«Հատկանշականն այն էր, որ կարմիր թելով անցնում էր ահաբեկչության դեմ պայքարը: Իմ կարծիքով՝ սա ուղղված էր և՛ ներքին, և՛ արտաքին լսարանին՝ ցույց տալու, որ Սիրիան պատրաստ է և իրականացնում է ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողություններ:

Կարևոր էր նաև այն, որ, Իսլամական պետության (ԻՊ) հետ միասին, Բաշար Ասադը միշտ նշում է «Ջաբաթ Ալ-Նուսրա» կազմակերպությունը: ԻՊ-ն արդեն թիրախ է, բոլորը պայքարում են դրա դեմ, իսկ «Ջաբաթ Ալ-Նուսրան» և մի շարք այլ խմբավորումներ, մեծ հաշվով, դուրս են մնացել միջազգային հանրության ուշադրությունից: «Ջաբաթ Ալ-Նուսրայի» մասին ևս մեկ անգամ խոսել, նշանակում է՝ կարևորել Սիրիայի այն հատվածներում զարգացումները, որոնք ընդհանրապես հեռու են ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներից»:

Արաբագետն ասաց, որ հարցազրույցի վերջում բավականին հետաքրքիր հարց հնչեց ռուս լրագրողի կողմից. «Նա հարցրեց. «Արդյո՞ք դուք գիտակցում եք, որ սխալներ են եղել, և ի՞նչ կարող էիք փոխել, եթե գնայիք ավելի հետ», որին Ասադը պատասխանեց, որ սխալներ բոլոր պետություններում ամեն օր լինում են, բայց դրանք ճակատագրական չեն լինում, և դա սովորական երևույթ է:

Բաշար Ասադը միտումնավոր շրջանցեց այն թեման, որ 2003-2006թթ. սիրիաիրաքյան իրողություններն այնպիսին էին, որ հենց Սիրիան իր տարածքում հնարավորություն էր տվել հաստատվել արդեն նախկին Սադամ Հուսեյնի վարչակարգի առանցքային լիդերներին, օրինակ՝ Մուհամեդ Յուսուֆ Ալ Ահմադին: Հենց այդ ժամանակից իսլամականները Սիրիայի տարածքով գալիս էին դեպի Իրաք, և հետագայում հենց այդ նույն ճանապարհները նրանք օգտագործեցին՝ գնալով արդեն Սիրիա և պայքարելով Բաշար Ասադի դեմ»:

 

Տեսանյութեր

Լրահոս