Թուրքիայի իշխանությունները փախստականներին չեն թույլատրում հատել Հունաստանի հետ սահմանը
Թուրք սահմանապահները չեն թույլատրում փախստականներին հատել Հունաստանի հետ ցամաքային սահմանը, հայտարարել է Թուրքիայի Էդիրնե նահանգի նահանգապետ Դուրսուն Ալի Շահինը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նախօրեին ավելի քան 3 հազար փախստական էր հավաքվել Ստամբուլի Բայրամփաշա ավտոկայարանում: Նրանք ուղևորվում են Հունաստանի հետ սահմանակից թուրքական Էդիրնե նահանգ: Հարյուրավոր փախստականներ արդեն գտնվում են թուրք-հունական սահմանի մոտ: Նրանցից շատերը սահման են հասել ավտոմեքենաներով, մի մասը՝ ոտքով:
«Փախստականների 80%-ը սիրիացիներ են, մնացածները՝ աֆղանցիներ, իրաքցիներ, հորդանանցիներ: ԵՄ երկրներից շատերը արդեն փակել են իրենց սահմանը փախստականների առաջ: Ու հիմա մենք նրանց թույլ չենք տալիս հատել Հունաստանի հետ սահմանը: Նրանց համար ամենաօպտիմալն այստեղ (Թուրքիայում) մնալն է: Նրանք կուղարկվեն Շանլըուրֆայի, Մարդինի ճամբարները»,- հայտարարել է թուրք նահանգապետը:
Նա ասել է, որ թուրքական իշխանությունները վերջիններիս ապահովում են առաջին անհրաժեշտության իրերով, սակայն այդպես երկար չի կարող շարունակվել: