Բավական չէ, որ տաքսու վարորդը հարկեր է վճարում, մի հատ էլ տուգանում են ուղևորներին սպասարկելու համար
«Նախագահի միջնորդությամբ վարորդների վերաբերյալ նման քննարկում չեմ հիշում: Քանի որ այս մակարդակով է հարցը բարձրացվել՝ սպասելիքներ ունենք: Իհարկե, նախագահի կողմից եղել են տարբեր հանձնարարականներ, բայց դրանք մնացել են թղթի վրա: Քննարկմանը տարբեր հարցեր են բարձրացվել. մի կողմից՝ կային վարորդների բողոքները, մյուս կողմից՝ խախտումների գրանցման վերաբերյալ արդարությունը: Ինչքան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը լուծվեց, մոտավորապես նույնն ակնկալում ենք վարորդների խնդիրների լուծման վերաբերյալ»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ նախագահն ուշադրություն է դարձրել երթևեկության կազմակերպման խնդրին. «Օրենքը նախատեսում է տուգանել այն վարորդին, ով խախտել է սահմանված կարգ ու կանոնը. եթե գծանշումները սխալ են արված, լուսացույցերը սխալ են աշխատում, վարորդին տուգանելու իրավունք չունեն, բայց լավ էլ տուգանում են և հիմնավորում են այսպես՝ գրել ենք, գնա բողոքարկի: 5 հազար դրամի համար վարորդը պետք է գնա բողոքարկի՞: Դատական համակարգն էլ այնպիսին չէ, որ այսօր հայցադիմումը գրես, մեկ ամսում պատասխանը ստանաս»:
Բանախոսի նշած մյուս խնդիրը վերաբերում է տաքսու վարորդներին. «Ուղևորը նստել է տաքսի և իրեն հարմար տեղում ցանկանում է իջնել, սակայն վարորդին տուգանում են: Եթե ուղևորին հարկավոր է իջնել Հանրապետության հրապարակում, բայց չի կարողանում՝ դրա համար պետք է գնա-հասնի Արշակունյաց պողոտա, որտեղ կանգնելու տեղ կլինի, դա արդեն տաքսի չի լինի: Ես չգիտեմ մի երկիր, որտեղ տաքսու վարորդն ուղևորներին իջեցնելու-նստեցնելու համար տուգանվի: Բավական չէ, որ տաքսու վարորդը հարկեր է վճարում, մի հատ էլ տուգանում են ուղևորներին սպասարկելու համար: Սա լուրջ խնդիր է, որը պետք է լուծել»: