«ԼՂ հակամարտությունը պետք է ապամիջազգայնացվի». Փոլ Գոբլ
168.am-ի զրուցակիցն է ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայում՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլը:
– Պարոն Գոբլ, իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում ժամանակի ընթացքում ավելի ու ավելի վտանգավոր է դառնում: Վերջերս ՌԴ ԱԳ նախարար Լավրովի Բաքու իրականացրած այցից հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանին վաճառել լուրջ հարձակողական զինտեխնիկա՝ լինելով ՀՀ ռազմավարական գործընկերը: Արևմուտքն իր հերթին՝ զբաղված է Սիրիայով, Ուկրաինայով, ներգաղթյալների ճգնաժամով, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, հակամարտության չկարգավորման հետևանքով շարունակաբար լարում է շփման գիծը: Ո՞ւմ ձեռքին է ներկայիս իրավիճակում բեկում մտցնելու բանալին:
– Ռուսաստանը փոխվում է՝ փոխելով իր առաջնահերթությունները, թեև ես միշտ կարծել եմ, որ Ռուսաստանը ցանկացել է Ադրբեջանին ստիպել փոխել ուղղությունն Արևմուտք-Արևելք հակամարտությունում, երբ դա պատահի՝ Ռուսաստանը միանգամից կդավաճանի Հայաստանին, քանի որ մուտք կստանա դեպի ադրբեջանական նավթ և Իրանի ուղիղ կապ: Կարծես մենք այսօր հենց սա ենք տեսնում: Ի՞նչն է ինձ համար զարմանալի: Կան հայեր, որ դեռ մտածում են, թե Ռուսաստանը միշտ նրանց հետ կլինի: Այնինչ Պուտինն Ուկրաինայում ցույց տվեց, որ չկա երկիր, որի վրայով չի քայլի նա, չի անցնի, եթե դրանից կունենա օգուտներ:
– Ստացվում է, որ Ադրբեջանի վատ հարաբերություններն Արևմուտքի հետ ստիպում են նրան նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ. Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից, խոսվում է նոր ռադիոլոկացիոն կայան Ադրբեջանում կառուցելու մասին, խոսակցություններ կան նաև այն մասին, որ Ռուսաստանն Ադրբեջանին ցանկանում է միացնել ԵՏՄ-ին, և դա դառնում է իրատեսական, քանի որ Ադրբեջանի իշխանությունների բանեցրած ռեպրեսիաները քաղաքացիական հասարակության դեմ ավելի են սրում Արևմուտք-Ադրբեջան հարաբերությունները: Ի՞նչ ապագա եք տեսնում Ռուսաստանի այս ջանքերի համար:
– Չեմ կարծում, որ Բաքու-Արևմուտք հարաբերություններն այս իմաստով շարժիչ ուժ ունեն: Կարծում եմ, որ Մոսկվան հարաբերությունների կարգավորման է ձգտում երկար ժամանակ: Ակնհայտորեն Արևմուտքն անխնա քննադատության է ենթարկում Ադրբեջանի գրանցած բացասական ռեկորդները մարդու իրավունքների ոլորտում, բայց մյուս կողմից՝ Արևմուտքը պայքարել է Բաքվի հետ լավ հարաբերություններ ունենալու համար՝ նավթի, Իրանի, Կասպյան ավազանի միջոցով միջինասիական երկրներին հասանելիություն ունենալու նպատակով: Իհարե, ճիշտ է, որ Ռուսաստանը կարող է Ադրբեջանին առաջարկել բաներ, որոնք չի կարող անել Արևմուտքը: Պուտինի իշխանությունը երբեք չի քննադատի այլ ղեկավարի՝ մարդու իրավունքի ոլորտում գրանցվող կոպիտ խախտումների համար:
– Այսինքն՝ ըստ Ձեզ, մոտ են Ձեր կանխատեսումներն այն մասին, որ Ռուսաստանն Ադրբեջանին լիովին իր կողմը գրավելու համար կարող է ադրբեջանահաճո որոշումներ կայացնել:
– Այո, ու զարմանում եմ, որ այս առնչությամբ Հայաստանում դեռ կասկածներ կան:
– Պարոն Գոբլ, ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը: Առաջիկայում ՄԱԿ ԳԱ-ի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի նախագահները գուցե հանդիպեն, դա կլինի, ըստ գնահատականների, հերթական անարդյունք հանդիպումը:
– Հնարավոր է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ներկայացվի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ գործունեության արդյունք, բայց որոշումն այլ տեղում է կայացվելու: Ցավալի է, որ հակամարտության կարգավորումը միջազգայնացվել է: Այն պետք է և կարող է կարգավորվել Ադրբեջանի և Հայաստանի կողմից, բացառապես երկու երկրների մասնակցությամբ, քանի որ երկուսն էլ համոզիչ պատճառներ ունեն հակամարտությունը կարգավորելու համար, և միայնակ մնալով՝ կկարգավորեն հակամարտությունը:
– Կա կարծիք, ի դեպ, այդ մասին խոսել է ամերիկացի դիվանագետներից մեկը, որ ԱՄՆ ամենաբարձր պաշտոնյաներից մեկը պետք է նախագահների բանակցությունների համար քաղաքական հովանի ապահովի, որը նրանց հնարավորություն կտա բանակցել ազատորեն: Սա կարո՞ղ է արդյունավետ լինել:
– Ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ չեմ տեսնում ԱՄՆ-ին՝ այս տարածաշրջանում որպես խաղացող՝ իր ներկայիս «հասակով»: Անցյալում գուցե սա իրատեսական և արդյունավետ առաջարկ լիներ: Միշտ կրկնում եմ՝ Քի Ուեսթում կարգավորումը համարյա տեղի էր ունեցել: Բայց տարածաշրջանում ազդեցություն ունեցող արտաքին խաղացողներից մեկը չցանկացավ դա, և դա տեղի չունեցավ:
– Այսօր հնարավո՞ր է բանակցություններից դուրս թողնել ապակառուցողական էլեմենտներին: ՌԴ ներկայիս ազդեցությունը Հարավային Կովկասում նման հույսեր այսօր չի ներշնչում:
– Հավատում եմ, որ երկու երկրները պետք է օգտագործեն հակամարտության կարգավորման բոլոր հնարավոր վայրերն ու տարբերակները, բայց չպետք է հույսը դնեն, որ այդ տարբերակներն են կարգավորելու հակամարտությունը, քանի որ դա անում է «մտքերի հանդիպումը»: