Պայքարի գաղափարը ցանկանում են վերածել ջահելների «տուսովկայի». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ոչ թալանին» նախաձեռնության վերջին՝ անցած ուրբաթ տեղի ունեցած հանրահավաքը եւ դրան հաջորդած դեպի Բաղրամյան երթ-նստացույցը բազմաթիվ հարցերի տեղիք տվեցին: Ինչպես հայտնի է՝ մի քանի ժամ անց ոստիկանությունն առանց ավելորդ աղմուկի ցրել էր ակցիան, և այդքանով ամեն ինչ ավարտվեց: Ի վերջո, հարց է ծագում՝ ինչ խնդիր էին ցանկանում լուծել հանրահավաքի երիտասարդ կազմակերպիչները, արդյո՞ք նրանց նպատակն այն էր, որ գնային Բաղրամյան, և ոստիկանությունը գար, իրենց առանց աղմուկի այնտեղից հեռացներ, որպեսզի ՀՀ իշխանությունները կարողանային ասեին, որ տեսեք, թե էլ չենք ծեծում:

Մի խոսքով՝ էլէներգիայի սակագնի դեմ բողոքի վերջին ակցիաներն իրականում կարծես ծաղրանք լինեն: Ստեղծված իրավիճակը հիշեցնում է ՀՀ Կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի՝ նիստի օրերին կազմակերպվող բողոքի ակցիաները: Տարիներ առաջ, երբ այդ ակցիաների «ավանդույթը» նոր էր ձեւավորվել, դրանք իսկական գլխացավանք էին դարձել իշխանությունների համար:

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաները գնալով մարդաշատ էին դառնում, բոլորն իրենց խախտված իրավունքների համար հինգշաբթի օրերին գնում էին Կառավարության դիմաց բողոքելու: Այս խնդիրն իշխանությունները լուծեցին «ՀՀԿ-ի տատիկի» միջոցով: Հինգշաբթի օրերին այդ կնոջը Կառավարության դիմաց կանգնեցնելով՝ տեղի բողոքի ակցիաներն իսպառ արժեզրկեցին: Երիտասարդ ակտիվիստներն այժմ համանման գործառույթ են իրականացնում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք ցանկանում են սոցիալական հենքով պայքարի գաղափարը մինչև վերջ արժեզրկելով՝ այն վերածել ջահելների «տուսովկայի»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս