«Ֆիլմը նկարահանվել է հասարակ կինոսիրողի համար». Դավիթ Բաբախանյան
168.am-ն առաջիններից էր անդրադարձել օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացած «Հյուսիս-Հարավ» կինոկատակերգության պրեմիերային: Ինչպես նշել էր ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը՝ ֆիլմը Հայաստանում ցուցադրվելուց հետո մեծ էկրաններ կբարձրանա նաև Վրաստանում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Ֆիլմի ցուցադրմանը հաջորդող ասուլիսի ժամանակ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանն ասել էր. «Իհարկե, սա կոմեդիա է: Ֆիլմ է` ժամանակ անցկացնելու համար: Բացի բարի էներգիայից , որը մենք փորձել ենք այս ֆիլմի միջոցով փոխանցել հանդիսատեսին, որևէ այլ մեծ գաղափար այն չի կրում»: Նա իր այս հայտարարությամբ արդեն իսկ տվեց լրագրողների և կինոքննադատների բոլոր քննադատական հարցերի միակ և սպառիչ պատասխանը: Այնպես որ, ֆիլմի մասին կարծիքների ձևավորումը մնում է հանդիսատեսի «ուսերին»: Ի վերջո, այն նկարահանվել է «պոպկորնով ֆիլմ» դիտել նախընտրող հանդիսատեսի, այլ ոչ թե՝ քննադատների համար: Ի դեպ, «պոպկորնը» թեև բավականին համեղ է, բայց այս դեպքում նաև վտանգավոր է, քանի որ ֆիլմում քիչ չեն ծիծաղելի տեսարանները:
Ձեզ ենք ներկայացնում ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի, գլխավոր դերակատարներից՝ Մկրտիչ Արզումանյանի և Դիանա Մալենկոյի՝ 168.am-ին տված հարցազրույցները:
Երբ հաղորդավարուհի և դերասանուհի Դիանա Մալենկոյին հարցրեցին՝ արդյո՞ք նրան դուր եկավ՝ լինել հարսի կերպարում, նա պատասխանեց. «Միշտ պատրաստ եմ լինել հարսի կերպարում: Չեմ վախենում հարսի զգեստ կրելուց, քանի որ ամենևին էլ սնահավատ չեմ: Եթե մատներիս վրա փորձեմ հաշվել, թե քանի անգամ եմ հարսի զգեստ կրել զանազան նկարահանումների և դերակատարումների համար, երևի թե մատներս չեն բավարարի»:
– Դիանա, ֆիլմում մարմնավորած Ձեր «պուպուշ» հայ աղջիկ Անուշը որքանո՞վ է Ձեզ նման:
– Ես տեսակով այլ եմ, քան ֆիլմի իմ կերպարը: Ֆիլմում հայ տղաների երազած, ավանդական հայ աղջկա կերպարն է, որին շատերը երազում են տուն տանել՝ որպես հարսիկ: Ասելով, որ ես այդպիսին չեմ, պարզ գիտակցում եմ, որ ինքս ինձ քննադատության գիրկն եմ գցում: Բայց ես իմ տեսակով մի փոքր այլ եմ՝ իմ առօրյայով, իմ ապրելակերպով: Ես սիրում եմ ակտիվ կյանք՝ զվարճանքներ, երեկույթներ ընկերներիս հետ, սիրում եմ կյանքն իր բոլոր գույներով և ինձ տրված հնարավորություններով: Ֆիլմի աղջիկը միանշանակ այդպիսին չէ: Կյանքի մասին նրա պատկերացումները սկսվում և ավարտվում են հաջող ամուսնության, սիրուն, պուպուշ բալիկների և սիրուն և պուպուշ աշխատանքի ձեռքբերմամբ:
– Ըստ Ձեզ՝ ֆիլմում շատ չէի՞ն արհեստական իդեալականացված, «ֆուտլյարային» կերպարները, հին Երևանի մասին հիշեցնող «ռետրո» նվագախումբը…
– Փորձենք հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ֆիլմը կամ հեռուստատեսային արտադրանքը: Երկու բան՝ մեկը տալիս է մարդուն երազանք, և մյուսը՝ պրոդուկտ, որը ներկայացնում է պարզ իրականությունը: Այս ֆիլմն առաջին տարբերակն է: Այն հանդիսատեսին տալիս է երազանք: Բայց եկեք չթերագնահատենք մեր կողքին ապրող մարդկանց՝ ասելով, թե ֆիլմի հերոսներն իրականությանը բոլորովին չեն համապատասխանում, իբրև թե որոշ հերոսներ իդեալականացված են:
– Ֆիլմի նկարահանման ընթացքում չե՞ք փորձել առաջարկել ռեժիսորին՝ ֆիլմում մարմնավորած Ձեր կերպարին մի փոքր իրականության «գույներ» ավելացնել:
– Այս ֆիլմում իմ հերոսից առավել ռեալ կերպար չկա: Վստահ կարող եմ ասել, քանի դեռ մենք զրուցում ենք Կինո «Մոսկվայի» սրճարաններից մեկում, այս մի քանի րոպեների ընթացքում տասնյակ «Անուշներ» կանցնեն մեր կողքով: Մեր շուրջն ապրող անթիվ-անհամար «Անուշներ» կան և ֆիլմի հերոսուհին հենց այդպիսի պետք է լիներ: Պետք չէր, որ այնտեղ ես իմ սեփական բնավորության գծերը, դիմագիծը դնեի: Ես պետք է լինեի Անուշը, այլ ոչ թե՝ Դիանա Մալենկոն:
– Վերջերս «բացահայտվեցին» Ձեր անձնական կյանքից որոշ մանրամասներ: Խոսքը Ձեր կյանքի ընկերոջ մասին է: Ընդհանրապես գաղտնապա՞հ եք այս հարցում:
– Խայտառակ գաղտնապահ եմ, երբ խոսքը վերաբերում է ինձ վստահված՝ ուրիշների գաղտնիքներին: Իսկ սեփական կյանքի հարցում այդքան էլ գաղտնապահ չեմ: Կարիք չունեմ՝ կյանքիս ինչ-որ դրվագներ գաղտնի պահելու: Առանձնապես գլոբալ գաղտնիքներ էլ չունեմ: Մեր փոքր քաղաքում դժվար է ինչ-որ մի բան գաղտնի պահել, հատկապես, երբ փոքր-ինչ հայտնի ես:
– Եվ որքա՞ն ժամանակ է՝ հանդիպում եք:
– Այդքան էլ երկար չէ: Երևի երկու ամիս կլինի: Մհերը վեբ-դիզայներ է, բայց չէի ցանկանա այդքան շատ խոսել անձնականից:
Մենք զրուցեցինք նաև ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի հետ.
– Դավիթ, ըստ Ձեզ՝ ֆիլմում շատ չէի՞ն ավելորդ երկարացված տեսարանները:
– Ես երևի մի փոքր սուբյեկտիվ կլինեմ այս հարցում: Կարծում եմ, որ այդ մասին ավելի ստույգ կասեն այն մարդիկ, ովքեր ֆիլմն առաջին անգամ դիտեցին: Ֆիլմը նկարահանվել է հասարակ կինոսիրողի համար:
– Այսօր ֆիլմը դիտում էիք քննադատորե՞ն:
– Ես այդ ֆիլմն արդեն 10-րդ անգամ եմ տեսնում: Քննադատորեն ֆիլմը դիտել եմ առաջին անգամ, և այդ քննադատությունը շատ խիստ էր: Ինձ համար ամենաճիշտ քննադատությունը դահլիճում նստած յուրաքանչյուր հանդիսականի կարծիքն է:
– Սա արդեն թվով Ձեր 4-րդ ֆիլմն է: Հնարավո՞ր է՝ մի օր ֆիլմ նկարահանեք մեկ այլ ժանրում, թե՞ Դուք միայն կոմեդիան եք նախընտրում, քանի որ այն եկամտաբեր է:
– Իհարկե, հնարավոր է, որ մի օր էլ մեկ այլ ժանրի մեջ ֆիլմ նկարեմ: Եթե ֆիլմը կոմերցիոն չէ, այն, բնականաբար, եկամուտ չի կարող բերել: Յուրաքանչյուր ժանրի ֆիլմ, եթե այն արվում է որակով, ազնիվ, անկեղծ, կարծում եմ, որ եկամտաբեր կլինի: Եթե կան մարդիկ, ովքեր սիրում են գնալ կինոթատրոն, ապա նրանց համար ի՞նչ տարբերություն, թե ինչ նայել՝ կոմեդիա՞, թե՞ դրամա: Տարբերությունը կայանում է նրանում, որ մեզ մոտ կոմեդիաներն ավելի որակով են ստացվում: Կոմերցիոն հաջողությունը որակի հաղթանակն է: Պարզապես յուրաքանչյուր ռեժիսոր պետք է գտնի ճիշտ թեմա և ճիշտ ժանր:
– Ե՞րբ ֆիլմը կլինի էկրաններին:
– Կարծում եմ՝ մինչև Նոր տարի՝ հաստատ:
– Այնուհետև, որպես Ամանորյա նվեր, ֆիլմը կլինի՞ հեռուստաեթերում:
– Եթե «Շարմ» ընկերությունը որոշի ցուցադրել այս ֆիլմը որևէ հեռուստաալիքով Նոր տարվա գիշերը, ապա կարծում եմ, որ այլևս իմաստ չի լինի այն ցուցադրել էկրաններին: Իսկ եթե հեռուստաեթերում այն չլինի, ապա կարծում եմ, որ հունվար-փետրվար ամիսներին ֆիլմը դեռևս կմնա կինոէկրաններին:
Այս ֆիլմում դերասան Մկրտիչ Արզումանյանի մարմնավորած օլիգարխի կերպարը, ով սիրում է համադրել կարմիր շապիկը սպիտակ կոստյումի հետ, շատերիս հիշեցնում է կոնկրետ, մեղմ ասած, մեծահարուստի:
– Մկո, Ձեր կերպարն այս ֆիլմում այն մեծահարուստներից է, որոնց Դուք հաճախ էիք ծաղրում՝ Ձեր մասնակցությամբ սքեթչներում, սերիալներում, ներկայացումներում… Ինչպե՞ս ընդունեցիք հերթական «ուռճացած» օլիգարխին ֆիլմում մարմնավորելու առաջարկը: Արդյո՞ք ռեժիսորների անհագ ցանկությունը՝ կրկին անգամ տեսնել Ձեզ հենց այդ դերում, դեռևս չի նյարդայնացնում Ձեզ:
– Կարծում եմ, որպես դերասան՝ ես չպետք է դրա մեջ վատ բան տեսնեմ: Ընդհակառակը՝ իմ աշխատանքն ավելի է դժվարանում, երբ պետք է նույն մարդկային տեսակը, որակը ներկայացնես, սակայն արդեն այնպես, որ կերպարդ չնմանվի նախորդներին:
– Ըստ Ձեզ՝ ստացվե՞լ է չկրկնվել:
– Կարծում եմ՝ այո: Սակայն պետք է նշեմ, որ նմանություններ այնուամենայնիվ կլինեն, քանի որ հանդիսատեսի մոտ արդեն իսկ ստեղծվել է օլիգարխի ստերեոտիպ: Օլիգարխներն իրենց մեծությունը, հարստությունն ու ուժը ցուցադրելու համար ձայնի իրենց հատուկ տեմբրն և խոսելաոճն ունեն, անգամ քայլվածքն ու վարքագիծն է տարբերվում:
Հ. Գ. Հավելենք, որ շուտով կտեսնենք դերասան Մկրտիչ Արզումանյանին բոլորովին այլ ամպլուայում՝ լուրջ դերակատարումներով՝ միանգամից մի քանի ֆիլմերում: Մեզ հետ զրույցում Մկոն խնդրեց դեռևս չբացել փակագծերը, քանի դեռ ֆիլմերը նկարահանման և մոնտաժային փուլում են գտնվում: