Բաժիններ՝

ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը պարզաբանում է՝ ինչով են պայմանավորված թունավորման դեպքերը

Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Հայաստանում ամռան ամիսներին ավելացել են թունավորման դեպքերը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը՝ նկատելով, որ այս տարի առավել տարածված են աղիքային թունավորման դեպքերը:

Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստն այդ թունավորման դեպքերը հիմնականում պայմանավորում է նրանով, որ ամռան ամիսներին մարդիկ ավելի շատ են պտուղ-բանջարեղեն օգտագործում, ու միշտ չէ, որ հիգիենայի կանոնները պահպանում են:

«Այստեղ կա նաև մարդկային գործոնը, նախօրեին ես Արտաշատում էի, որտեղ դպրոցի երեխաներ էին թունավորվել, դա արդեն պտուղ-բանջարեղեն չէ, սա, ես գտնում եմ, արդեն ուրիշ պատճառ է եղել»,- նշեց Ա. Ասոյանը, ըստ որի՝ երեխաների թունավորման պատճառն այն է եղել, որ երեխաներն անորակ սնունդ էին կերել, նրանց անորակ սնունդ էին մատակարարել դպրոցում:

Մեր այն հարցին՝ թե այս սեզոնին մարդիկ ո՞ր սննդատեսակների նկատմամբ պետք է զգույշ լինեն, ինֆեկցիոնիստը պատասխանեց, որ ցանկացածի նկատմամբ էլ պետք է զգույշ լինեն. «Հատկապես մսամթերքի, հավի, թռչնամսի, երշիկեղենի, ձկնեղենի նկատմամբ, որոնք այս ամռան շոգին շատ շուտ են փչանում»:

Ա. Ասոյանը նաև նշեց, որ թունավորման դեպքերը տարածված են գրեթե բոլոր տարիքային խմբերի մոտ:

Խոսելով ջրից թունավորման դեպքերի մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ ինքը խորհուրդ չի տալիս մասսայական ջուրը եռացնել՝ նոր խմել. «Բայց երբ ջրի գույնը կամ համը փոխվել է, ես զարմանում եմ, որ մարդիկ նորից օգտագործում են այդ ջուրը»:

Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը չհստակեցրեց, թե քանի տոկոսով են աճել թունավորման դեպքերը Հայաստանում՝ նախորդ տարվա համեմատ, բայց աճ միանշանակ կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս