ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրաժարվում է համագործակցել Ադրբեջանի հետ
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինկն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների սահմանափակումների պատճառով ստիպված է չեղյալ հայտարարել նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելության իրականացումն Ադրբեջանում, հայտնում է Turan-ը:
«Ընտրություններին մասնակցող դիտորդների թվի սահմանափակումներն անհնար կդարձներ առաքելության համար ընտրություններում արդյունավետ դիտորդական առաքելության անցկացումը»,- ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը:
«Ցավոք, մենք ստիպված էինք չեղյալ հայտարարել դիտորդական առաքելության անցկացումն Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում: Ադրբեջանի իշխանությունների պնդումները դիտորդների թվի սահմանափակման վերաբերյալ հակասում է ԵԱՀԿ շրջանակում երկրների ստանձնած պարտավորություններին ու հակասում ընտրություններում դիտորդական առաքելության ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մանդատին»,- հավելել է նա:
Ադրբեջանի իշխանությունների կողմից հրավեր ստանալուց հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը առաջարկել էր փորձագետների հիմնական խմբի կազմում ուղարկել 30 երկարաժամկետ ու 350 կարճաժամկետ դիտորդի:
Օգոստոսի 31-ին, սակայն, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել էր, որ երկիրը կարող ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 6 երկարաժամկետ ու մինչև 125 կարճաժամկետ դիտորդի: