««Ոչ»-ի ճակատը՝ բացի «ոչ»-ից, ոչինչ չունի ասելու». ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կարծում է՝ սահմանադրական բարեփոխումների քննարկումները Ազգային ժողովում (ԱԺ) բավականին բուռն ու ակտիվ կլինեն, քանի որ շատ բուռն էլ արդեն սկսվել են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու քննարկումները նախագահի հետ տվել են իրենց դրական արդյունքները:

«Չնայած տեղի է ունենում նաև «ոչ»-ի գործընթաց, բայց չեմ կարծում, որ որևէ ազդեցություն կարող է ունենալ: Արդեն իսկ ձևավորված կարելի է համարել քաղաքական կոնսոլիդացիոն դաշտը, որը բավականին մեծ, տեսակարար կշիռ է ունենում և իր գործընթացներով հասարակության մեջ տարածում է բարեփոխումների հիմնավորվածությունը»,- նշեց Գ. Մելիքյանը:

Հարցին՝ սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «ոչ»-ի երկու ճակատ կա՝ մեկը ՀԱԿ-ը՝ առաջին նախագահի գլխավորությամբ, մյուսը Ժիրայր Սէֆիլյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ալյանսը», ո՞րն է ավելի սարսափելի իշխանությունների համար, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Սարսափելի ճակատ գոյություն չունի, եթե կա երկու ճակատ, դա արդեն նշանակում է, որ «ոչ»-ն ընդհանրապես գոյություն չունի, պետք է լիներ գոնե մեկ ճակատ, որ մտահոգիչ լիներ: «Ոչ»-ի ճակատի բաժանվածությունը նույնպես խոսում է այն մասին, որ սահմանադրական բարեփոխումների մասին տեղեկությունները հենց այդ «ոչ»-ի ճակատում այնքան էլ հիմնավորված չեն: Կոնկրետ քաղաքական, բովանդակային քննարկումներ այդ ճակատում տեղի չեն ունենում, որովհետև բովանդակությանը նրանք ընդհանրապես տեղյակ չեն, միշտ խուսափում են բովանդակային քննարկումներից: Կարծում եմ՝ «ոչ»-ի ճակատը, բացի «ոչ»-ից՝ ոչինչ չունի ասելու»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս