«Պուտինի մտահոգությունն այն է, թե Ասադից հետո ո՞վ կգա իշխանության». Արման Նավասարդյան
ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Սիրիայում որոշակի փոփոխություններ են նկատվում: Ըստ նրա՝ Ռուսաստանի բարձրացրած հարցը՝ ստեղծել կոալիցիա ընդդեմ ԻԼԻՊ-ի հաջող չի ընթանում. «Տարբեր իրարամերժ ուժեր են այնտեղ փորձում համախմբել, որոնք չեն կարող հանդես գալ միևնույն դիրքերից: Ելնելով այն հանգամանքից, որ դա հաջողություն չի բերում, Պուտինն առաջ քաշեց մի ուրիշ գործելակերպ՝ նոր զենքի տեսակներ փոխանցելով Ասադի ռեժիմին: Եթե դա հաջողություն բերի, կարող է փոխել դրությունը Սիրիայում, չնայած, հավանականությունը քիչ է, որովհետև իսլամիստները գրավել են երկրի տարածքի մեծ մասը, Ասադը տիրապետում է երկրի ընդամենը 17 տոկոսին, այն էլ կենտրոնական շրջանում:
Ասադի հեռանալը պահանջում են բոլորը: Անգամ ռուսները փոխում են իրենց դիրքորոշումը՝ այն առումով, որ այնքան էլ չեն պնդում Ասադի՝ իշխանության մնալուն: Բայց Պուտինի մտահոգությունն այն է, թե Ասադից հետո ո՞վ կգա իշխանության: Միանշանակ պարզ է, որ այստեղ իսլամիստները կանցնեն իշխանության գլուխ և դա կնշանակի Սիրիայի վերջնական փլուզում, որն արդեն փլուզված է»:
Դեսպանը նկատեց՝ արաբական երեք-չորս պետություն արդեն գոյություն չունեն՝ Սիրիա, Իրաք, Եմեն: Նա նշեց, որ դրանք պարզապես իրենց տեղերն ունեն ՄԱԿ-ում, այսինքն՝ դե յուրե կան, բայց դե ֆակտո գոյություն չունեն. «Դա սպառնում է գրեթե բոլոր մյուս արաբական երկրներին: Հաջորդը Լիբանանն է լինելու, ի ցավս այնտեղի մեր հայ համայնքի, որոնք այն կարծիքին են, թե իրենց ոչինչ չպիտի ըլլա, ինչպես նաև սիրիահայերն էին այդպես մտածում, բայց դա հարցի մյուս կողմն է: Եթե Ասադն ընկնի, դա կլինի շատ մեծ ողբերգության սկիզբ, որովհետև նախ երկրում սրի կքաշեն բոլոր ոչ մուսուլմաններին ու նաև մուսուլմաններին, և այն հաղթարշավը, որ ԻԼԻՊ-ը փորձում է սկսել, կարծում եմ՝ կստանա լուրջ ընթացք»: