Բաժիններ՝

Հայաստանի 5 ավագ դպրոցներում կդասավանդվեն նոր առարկաներ

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղ ունեցավ մամուլի ասուլիս, որի թեման Հայաստանի դպրոցներում «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ներդրման ծրագրի ընթացքի և նախնական արդյունքների մասին էր: Ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը և «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հաստատել է ՏՀՏ ոլորտի մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և մասնագիտական կրթության ծրագրերը: Ծրագիրը, որը փորձարարական է և իրականացվում է 5 ավագ դպրոցներում, միտված է երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը հանդիսացող ՏՀՏ ոլորտի զարգացմանը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախաձեռնությունը որակեց իբրև հայկական նոր կրթական բրենդ դառնալու հավակնություն.

«Խոսքը վերաբերում է նոր հանրակրթական առարկայի մշակման և ներդրման այս փուլում մի շարք առաջատար դպրոցներում: Առարկայի ներդրումը պայմանավորված է տեխնոլոգիական կրթության զարգացման խնդիրներով և մեր ցանկությամբ՝ ապահովել Հայաստանի հանրակրթական համակարգում գիտատեխնոլոգիական առարկաների հստակ ներկայացվածություն»: Արմեն Աշոտյանն իր խոսքում ընդգծեց, որ այս ծրագիրը պետության և մասնավորի համագործակցության ամենացայտուն օրինակներից մեկն է, որի հիմքում ընկած է գաղափար, այդ գաղափարը կյանքի կոչելու ցանկություն և խոսքն այստեղ, ըստ նախարարի, չի գնում հերթական բարեգործության մասին, այլ կրթության որևէ սեգմենտում պատասխանատվության՝ նորարար ներդրման համար:

ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, «ՎիվաՍել-ՄՏՍ», «Սինոփսիս Արմենիա» և «Յունիքոմփ» ընկերությունների ջանքերով՝ նախարարության և նշված կազմակերպությունների միջև ս.թ. մարտի 30-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Մինչև 2015-2016թթ. ուսումնական տարվա մեկնարկը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ մշակվել են «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչներն ու ծրագիրը, ինչպես նաև իրականացվել է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը: Բացի վերը նշվածը, «ՎիվաՍել-ՄՏՍ» -ի ֆինանսավորմամբ իրականացվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման նպատակով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նախատեսել է հատկացնել շուրջ 70 միլիոն դրամ:

Ասուլիսին ներկա «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նեշեց, որ իրենց համար այս ծրագրի իրականացումը կարևորագույն ներդրում է, որովհետև իրենք միշտ ցանկացել և ձգտել են մաս կազմել նորարարությունների ներդրմանը.

«Այս ծրագրում կա շատ կարևոր նպատակ, որը հետևյալն է՝ եթե մենք մտածում ենք ապագայի մասին և թե ինչպես որոշ տարիներ հետո ունենանք համապատասխան տնտեսական զարգացումներ, ուրեմն մենք պետք է սկսենք դպրոցներից զբաղվել դրանով՝ նոր տեխնոլոգիաների մասին համապատասխան կրթություն զարգացնելով: Աշակերտներին վերազինելով՝ պատրաստի կադրեր կունենանք, որպեսզի հետագայում կարողանանք մտածել արդեն ոլորտի շարունակության ու զարգացման մասին: Գիտելիքներով զինված մասնագետները՝ մտնելով համապատասխան ոլորտ, կհանդիսանան հզոր գործոն նաև սոցիալական խնդրի՝ արտագաղթի կասեցման և այս հանգամանքը ևս ինքս համարում եմ ծրագրի գլխավոր նպատակներից մեկը»,-ասաց նա:

Ծրագրի շրջանակներում «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն իր ներդրումն է ունեցել «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև իրականացրել է «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում: Ասուլիսին ներկա «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն ասաց, որ ինքն այսօր շատ հպարտ է և դրա համար կա երկու պատճառ. «Ես հպարտ եմ, որ Հայստանում մեկնարկ տրվեց մի ծրագրի, որը համաշխարհային պրակտիկայում եզակի է՝ տվյալ պարագայում առաջինը, և վերջապես հպարտ եմ նրա համար, որ մենք՝ մեր ընկերների հետ միասին տեխնոլոգիական բուհական համակարգում հիմք ենք դնում որակյալ կրթության մեկնարկին: Արդեն դպրոցից բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմող՝ տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում հիմավոր կրթություն ստացած աշակերտների առկայությունը, կարծում եմ, առաջին լուրջ արմատական քայլն է, որ մենք կարող ենք գրանցել առհասարակ հայկական կրթական ոլորտում: Ակնհայտ է, որ ոլորտում կա համապատասխան որակյալ կադրերի պակաս, և, տարբեր հաշվարկներով, այդ թիվը հասնում է 2000-2500 մասնագետի»:

Հովիկ Մուսայելյանն ընդգծեց, որ մեր երկրի մրցակցային առավելությունները կապված են հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման հետ, և, ըստ նրա բնորոշման, իրեն շատ դուր եկավ նախարարի խոսքն այն մասին, որ սա բոլորովին բարեգործական ծրագիր չէ, որովհետև հանրության մեջ ձևավորված կարծիք կա, որ եթե մասնավոր սեկտորը ներդրումներ է ունենում, ապա դրանք անպայման ընկալվում են իբրև բարեգործական մոտեցումներ: Ըստ բանախոսի՝ այս օրինակը բոլորովին հակառակն է ցույց տալիս՝ սա լուրջ գաղափարի շուրջ համախմբված բարեփուխներին միտված ծրագիր է:

Ծրագրի շրջանակներում ներգրաված հաջորդ՝ «Յունիքոմփ» ընկերությունը մասնակցել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի առարկայական չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև՝ անցկացրել «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի ուսուցիչների վերապատրաստում: «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ապահովման և առանձին համակարգչային ցանցերի ստեղծման աշխատանքները գտնվում են իրականացման փուլում: Ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանն անդրադարձավ այն խնդրին, թե ինչո՞ւ շատ հաճախ բնագիտական գիտելիքներով ունակ և աչքի ընկնող երեխաները ընտրում են իրենց համար ոչ ճիշտ մասնագիտություն, այնուհետև ստիպված են լինում փոխել արդեն ընտրված մասնագիտությունը. «Այս ծրագիրը թույլ կտա աշակերտներին ի սկզբանե ճիշտ կողմնորոշում ունենալ հետագա մասնագիտացման կարևոր հարցում, հատկապես, որ հենց այս մասնագիտություններն են, որ տնտեսության զարգացման բոլոր ոլորտներում շատ կարևոր և պահանջված գործիք են հանդիսանում»,-ասաց նա:

Կրթական ծրագիրն իրականացվում է թվով 5 ուսումնական հաստատություններում՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանում, «Քվանտ» վարժարանում, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի ավագ դպրոցում և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Անդրադառնալով ծրագրում ընդգրկված դպրոցների ընտրության սկզբունքին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ առաջին հերթին հաշվի են առնվել հանրապետության առաջատար ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցների համալրումը դասընթացով.

«Նման հավակնոտ, ծանր ու լուրջ ծրագիրը պիլոտային փուլում կարող է հաջողությամբ կյանքի կոչվել միայն առաջատար տեխնոլոգիական և տեխնիկական դպրոցների ներգրավմամբ: Ի դեպ, ուզում եմ լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներառված դպրոցներում առկա են և´ պետական, և´ մասնավոր ուսումնական հաստատություններ, և´ առանձին ավագ դպրոց և բուհական ավագ դպրոց: Ծրագրից անմասն չեն մնացել նաև մարզային դպրոցները, որոնք թվով երկուսն են: Այսինքն՝ սա երևանյան էլիտար կրթական ծրագիր չէ, այլ կրթական ոլորտում համապետական նշանակության կարևոր ներդրում է»:

Ա. Աշոտյանն ավելացրեց նաև, որ պիլոտային ծրագրի հաջող մեկնարկից հետո հաջորդ տարի նախատեսվում է ծրագրին միացնել ևս 10 դպրոց:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս