«Ուժ գործադրելուց առաջ իշխանությունը թող հիշի՝ չի հաջողվելու ուժի միջոցով երկար իշխանություն պահել, մի օր այդ ուժով էլ գնալու են». Ալյոշա Գաբրիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեսպիսկոպոս Գալստանյանն արդեն հայտարարել է, որ մայիսի 26-ին, ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Տավուշը հանուն հայրենիքի» մեծ հանրահավաքը։ Բագրատ սրբազանն արդեն տեսաուղերձով դիմել է հայ ազգին՝ հորդորելով մայիսի 26-ին գալ Հանրապետության հրապարակ, քանի որ միասին որոշում են կայացնելու։
Այս ընթացքում նաև բազմաթիվ մտավորականներ, հասարակական գործիչներ են ուղերձով դիմել հանրությանը՝ գնալ Հանրապետության հրապարակ և մասնակցել հանրահավաքին։
168.am-ի հետ զրույցում Արցախից բռնի տեղահանված, Ադրբեջանի կողմից օկուպացված Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանն ասաց, որ հայրենիքի, հայի ինքնության, լինելիության հարցն է դրված, ուստի այն հայերը, որոնք ուզում են հայ մնալ, պետք է միանան սրբազան շարժմանը և ներկա լինեն հանրահավաքին։ Ալյոշա Գաբրիելյանը ևս ընտանիքի անդամների հետ մասնակցելու է հանրահավաքին։
«Պատահական չէ, որ այս շարժումն առաջնորդում է Բագրատ սրբազանը, սա միասնության, համերաշխության և հայրենիքի փրկության շարժում է։ Մենք ականատես ենք նրա խոսքին, մարդը հստակ ասում է՝ մարդ եք, ուշքի եկեք, տեսեք՝ ինչ է կատարվում երկրի և ձեզ հետ, ոտքի կանգնեք, հարցերը միասին լուծենք։
2018 թվականից բարեկամը բարեկամի հետ է թշնամացել, որովհետև այդպիսի քարոզով իշխանության եկան օրվա իշխանությունները, հիմա Բագրատ սրբազանն ասում է, որ պետք է վերջ տանք այդ ամենին ու միաբանվենք։ Այստեղ պետք է լինի բարոյականության հաղթանակ, որովհետև վեց տարի մեր երկրում իշխել է սուտը, մասնատվածությունը, անբարոյականությունը»,- նշեց Ալյոշա Գաբրիելյանը։
Այս համատեքստում մեր զրուցակիցն անդրադարձավ նաև եկեղեցու դեմ ուղղված իշխանությունների քննադատություններին՝ շեշտելով՝ պատմության ընթացքում չի եղել մեկ դեպք, երբ իշխանությունը կարողանա հաղթել եկեղեցուն։
«Այսինքն՝ իշխանությունը չի կարող հաղթել ազգի հավատին, որովհետև սա հավատի պայքար է։
Իսկ խոսակցությունները, թե շարժման մասնակիցներն ագենտներ են և այլն, սխալվում են՝ այս շարժման առաջնորդը և մասնակիցները ճիշտ կողմնորոշված են և գիտեն՝ շարժումն ինչ ճանապարհով են տանելու։ Ագենտների թող իշխանության շարքերում փնտրեն։
Սրբազանը դեռևս չի բացահայտում ճանապարհային քարտեզը և ճիշտ է անում, ամեն ինչ իր ժամանակին կներկայացնի: Շարժումը բարու ու ճշմարտության հաստատման համար է, վստահ եմ՝ հաջողելու է»,- շեշտեց Ալյոշա Գաբրիելյանը։
Ըստ նրա, եթե այս շարժումը չհաջողի, ապա դա լինելու է հայ ազգի վերջը, քանի որ դրանով առիթ կտրվի օրվա իշխանություններին իրենց ծրագրերը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առաջ տանելու, դեռ մի բան էլ՝ գերակատարելու։
«Իշխանությունը, ուժ գործադրելուց առաջ, թող հիշի, որ որևէ իշխանության չի հաջողվելու ուժի միջոցով երկար իշխանություն պահել, մի օր հենց այդ ուժով էլ գնալու են»,- եզրափակեց Ալյոշա Գաբրիելյանը։