Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն ընդդեմ հողերի հանձնման շարժում է. Հրաչ Վարժապետյան
Երևանում ընթանում է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։
Խորհրդաժողովի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանն ասաց, որ ՀՅԴ խորհրդաժողովները միշտ առաջնորդվում են Դաշնակցության ընդհանուր ժողովների ռազմավարությամբ։
«Խորհրդաժողովները կարող են և այս անգամ էլ կարող են նույն ընթացքը ստանալ, փոխեն մարտավարությունը, աշխատելաոճը և առաջնահերթությունների ճշտումը։ Վերջին խորհրդաժողովից հետո շատ բան է փոխվել Հայ Դատի հասկացողությամբ՝ Արցախի բռնագրավումով ու հայաթափումով»,- նշեց Հրաչ Վարժապետյանը։
Նա ցավով արձանագրեց, որ 2018 թվականի իրադարձություններից հետո իշխանության եկած անձինք կարողացան սփյուռքի հայերի մեջ ճեղքվածքներ առաջացնել, թեպետ սփյուռքը Հայ Դատի գաղափարախոսությամբ, մեկ է, շարունակում է մնալ միասնական, հակառակ բոլոր միջամտություններին։
«Սփյուռքի մեջ, ցավոք, սևի ու սպիտակի բաժանարար գծերը ՀՀ իշխանությունների վարած պաշտոնական քաղաքականությունն է՝ 2018 թվականից, երբ փակեցին սփյուռքի նախարարությունը։ Շատ հստակ էր, թե դեպի ուր է գնում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը։ Բայց հակառակ այս ամենին, սփյուռքում մեր աշխատանքները շարունակվում են։ Հայ Դատի առաջադրանքները հստակ են, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը և պահանջատիրությանը, այստեղ ևս կան խնդիրներ, բայց որևէ բան մեր աշխատանքները չի կարող արգելակել»,- շեշտեց Հ. Վարժապետյանը։
Ինչ վերաբերում է սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինայանին, Հրաչ Վարժապետյանն ասաց՝ հավանաբար բոլորն էլ տեսել են, թե նրան ինչպիսի խայտառակ ձևով են ընդունում սփյուռքի տարբեր գաղթօջախներում։
«Միշտ էլ սփյուռքում պետք է հանդիպեն նման պատի, որովհետև սփյուռքում նույնիսկ եթե կան բաժանարար գծեր, կա նաև հստակ «կարմիր գիծ»՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է, որի նկատմամբ ՀՀ իշխանությունը կատարեց մեղանչում։ Սփյուռքում այդ «կարմիր գիծը» չեն կարող հատել»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը, Հրաչ Վարժապետյանն ասաց, որ սփյուռքում կա հստակ քաղաքական մտածողությամբ առաջնորդվող զանգված, որը մտածում է, որ այս շարժումը քաղաքական շարժում չէ, այլ ազգային։
«Վերջին հաշվով, այս շարժումը վերաբերում է մեր հողերին ու մեր իրավունքներին, չկա քաղաքական գունավորման խնդիր։ Ահա այս տրամաբանությամբ է, որ սփյուռքն առաջնորդվում է ու զորակցում շարժմանը։ Այս շարժումը հողերի հանձնման և միակողմանի զիջումների դեմ է»,- եզրափակեց Հրաչ Վարժապետյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում