Հանրահավաքին ընդառաջ շարժման մասնակիցների նկատմամբ ապօրինի հետապնդումների տեղեկություններ ենք ստանում. հայտարարություն

Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին ընդառաջ ստանում ենք Շարժման աջակիցների, կամ Շարժման հրավիրած հավաքների մասնակիցների նկատմամբ ապօրինի հետապնդումների նոր ալիքի մեկնարկի մասին վկայող տեղեկություններ: Այս մասին հայտնում է Տավուշը հանուն հայրենիքի շարժումը:

«Արտահերթ ստուգումներ և քննչական գործողություններ են մեկնարկել Շարժման աջակիցներին պատկանող բիզնեսներում, ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ սկսել են այցելել մեր աջակիցների և նրանց հարազատների տներ` անհարկի անհանգստություն պատճառելով մեր քաղաքացիներին:

Բռնաճնշումների նոր ալիք է մեկնարկել նաև արցախահայերի նկատմամբ. պարբերաբար լուրեր ենք ստանում Արցախի քաղաքապետների ձերբակալությունների մասին:

Սույն հայտարարությամբ վերահաստատում ենք. Տավուշից սկիզբ առած և համազգային դարձած Շարժումն այլևս անկասելի է:

Շարժման աջակիցներին ապօրինի և բռնապետական մեթոդներով լռեցնելու բոլոր տեսակ փորձերը միայն ի ցույց են դնում սեփական ժողովրդից ունեցած ձեր խորը վախերը: Այդ գործիքների կիրառումը ոչ միայն որևէ կերպ չի նպաստելու Շարժման աջակիցների թվի նվազմանը, այլ ունենալու է հակառակ ազդեցություն և միայն մոտեցնելու է Շարժման հաղթանակը:

Որևէ մեկին երբևէ չի՛ հաջողվել լռեցնել արդարության և ճշմարտության ձայնը, դա չի՛ հաջողվելու նաև ձեզ:

Մայիսի 26-ի համազգային հանրահավաքն ունենալու է շրջադարձային նշանակություն, և որևէ ապօրինի բռնաճնշում կամ սադրանք ի զորու չէ կասեցնել այս ընթացքը:

Ապօրինի ճնշումների ենթարկվող մեր բոլոր քաղաքացիներին հիշեցնում ենք, որ գործում է իրավական անվճար աջակցության թեժ գիծը, որին կարող եք դիմել ձեր իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու նպատակով:

Թեժ գծի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 095088787:

Տեսանյութեր

Լրահոս