Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում Կարեն Անտաշյանն է. «Դու, ապրողդ»

«Կադրերի բաժին N 168»-ում այս շաբաթ ընթերցողներին իր սիրելի ֆիլմերից մեկն է առաջարկում բանաստեղծ Կարեն Անտաշյանը:  Հեղինակի նախընտրությամբ շաբաթ երեկոն անցկացնում ենք շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնի «Դու, ապրողդ» (Roy Arne Lennart Andersson «Du levande»)  տրագիկոմեդիայի ընկերակցությամբ:

KADR-03Բանաստեղծ Կարեն Անտաշյանն իր առաջարկած ֆիլմի մասին գրում է. «Հրաշալի տրագիկոմեդիա, որը հազվադեպ է հանդիպում լավագույն ֆիլմերի տարածված տասնյակներում և միջին վիճակագրական կինոսերների համայնական լրահոսում: Ֆիլմն առանձնացրել եմ հատկապես այն պատճառով, որ իր աուրայով և արտահայտչամիջոցներով շատ նման է ժամանակակից բանաստեղծությանը, այսինքն՝ նրա մասին իմ պատկերացումներին: Այն է՝ չկա կյանքի ընկալման վերամբարձ պաթետիզմ, գոյության գերնպատակ-բոլոր կերպարները հավասարապես և՛ հերոս են, և՛ հակահերոս, և առհասարակ հերոս չեն՝ պարզ, հերթական մարդիկ են: Առհասարակ ֆիլմի երանգավորումն ամբողջությամբ լուծված է կիսատոների մեջ, ինչը ժամանակակից մարդու կյանքի տիպային փոխաբերությունն է:

Antashyan (3)

Antashyan (6) Antashyan (5) Antashyan (4) Antashyan (2) Antashyan (1) Antashyan (8)

Կարդացեք նաև

Ֆիլմը չունի սյուժետային մեկ ընդգծված գիծ, այն բաղկացած է մոտ հիսուն տարբեր էպիզոդներից, որոնք կարող են զուգորդվել, խաչվել, շարունակել միմյանց: Փոքր էպիզոդներով կտրտվածությունն ու, օրինակ, օրվա, իրավիճակի, տրամադրության ավարտունություն՝ ի հակադրություն կյանք անունով մեծ պատմության անավարտությանը, տպավորիչ ֆորմատային լուծում է ֆիլմի համար: Կյանքի ընկալումը ֆիլմում առհասարակ որքան զվարթ է, հեգնական, նույնքան և ողբերգական է ու դատապարտվածության տխրությամբ առլեցուն: Մեռնելու պատճառներն ապրելու պատճառների հետ հավասարապես ներգործուն են, բայց գործող անձինք, ամեն դեպքում, ապրում են, ապրողն են ու կյանքի կողմից են խոսում, և նրանց տխրությունն ու ողբերգությունը նույնպես կյանքի անխաթար բաղադրիչն են: Խորհուրդ եմ տալիս անպայման դիտել ֆիլմը»:

Ֆիլմում ընդգծված սյուժետային գիծ չկա: Փոխարենը՝ ականատես ենք լինում 50 կարճ տեսարանների, էսքիզների, որոնք երբեմն խիստ իրոնիկ են՝ համեմված    աբսուրդ հիշեցնող տեսարաններով: Ռեժիսորի նպատակն է՝ ցույց տալ շվեդ հասարակության տիպիկ պատկերը՝  շարքային քաղաքացիների հայացքով:

«Դու, ապրողդ» տրագիկոմեդիան նկարահանվել է 2007թ. Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի և Նորվեգիայի համատեղ կինոարտադրության շրջանակներում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել նույն թվականին՝ Շվեդիայում: Ընդհանուր բյուջեն կազմել է 5 մլն եվրո: Ֆիլմը IMDb-ի վարկանիշային աղյուսակում իր օգտին գրանցել է 7,3  միավոր:

Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնում 2008թ. ֆիլմն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ՝

168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը  

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս