Գագիկ Մելիքյանը ընդդիմադիր գործիչներին ընդունում է որպես «անկայուն քաղաքական իրավիճակի քարոզիչներ»
Այսօր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ այդպես էլ չի հասկանում իր ընդդիմադիր գործընկերներին, ովքեր դեմ են կայուն մեծամասնության գաղափարին:
Գ. Մելիքյանը այդ ընդդիմադիր գործիչներին ընդունում է որպես «անկայուն քաղաքական իրավիճակի քարոզիչներ»:
«Եթե Սահմանադրության՝ երկրի գլխավոր փաստաթղթի նպատակը իրական կայուն իրավիճակ ձևավորելն է, ապա ի՞նչ է նշանակում՝ «մենք դեմ ենք կայուն մեծամասնությանը: Ի՞նչ է՝ մենք պետք է ձգտենք, որ քաղաքական ուժերը չձգտե՞ն իշխանության կամ կայուն մեծամասնության»,- հարց ուղղեց Գագիկ Մելիքյանը՝ շարունակելով. «Այդ դեպքում մենք ի՞նչ ենք ունենալու՝ անկայուն ներքին ու արտաքին քաղաքականությո՞ւն, անկայուն անվտանգությո՞ւն»:
Ըստ Գ. Մելիքյանի՝ պետք է ունենալ կայուն մեծամասնություն, որի համար յուրաքանչյուր քաղաքական ուժ կպայքարի: Նրա համոզմամբ՝ կայուն մեծամասնություն կարելի է ստանալ երկու քաղաքական ուժերի միասնությամբ՝ եթե քաղաքական ուժը ստացել է մեծամասնություն և կայուն մեծամասնություն: Նա նաև նշեց, որ Վենետիկը Հայաստանից պահանջում է ոչ թե կոնսենսուս, այլ կոնսոլիդացիա։