Ստամբուլի 14-րդ բիենալեում ներկայացվել է հայկական ծրագիրը
Ստամբուլի 14-րդ բիենալեում, որն անցկացվում է «ԱՂԻ ՋՈՒՐ. Մտապատկերների տեսություն» խորագրով, այսօր ներկայացվել է հայկական ծրագիրը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Dilijan Art Initiative նախաձեռնության աջակցությամբ:
Ստամբուլի 14-րդ բիենալեի ծրագրի հեղինակ Քերոլին Քրիստով-Բակարգիևն նշել է. «2015 թվականը նշանավորում է Մեծ Եղեռնի հարյուրամյակը։ Հայերն ի սկզբանե այդպես են կոչել Օսմանյան կայսրությունում իրենց ժողովրդի դաժան բնաջնջումը՝ մի իրադարձություն, որն ավանդաբար կապվում է 1915-ի հետ։ Ուստի կարևոր է, որ Թուրքիայում ժամանակակից արվեստի ցուցահանդեսը կենտրոնանա Հայկական հարցի վրա ինչպես արվեստի պատմական գործերի, այնպես էլ ժամանակակից նախագծերի միջոցով։ Ստամբուլի 14-րդ բիենալեում դա չի արտահայտվում ոչ ազգային որևէ տաղավարի, ոչ էլ Հայկական բաժնի միջոցով ներկայացվող հեղինակային ծրագրերով, այլ ընդհակառակը՝ անհատ արվեստագետների և արվեստի յուրահատուկ գործերի միջոցով, որոնք ասես արձագանքում են այս պատմությանն ու ներհյուսված են ամբողջ ցուցահանդեսին»։
Միավորելով արվեստագետների, ովքեր Ժամանակակից Թուրքիայում ուսումնասիրություններ կկատարեն և արվեստի գործեր կստեղծեն հայոց պատմությանն առնչվող թեմաներով՝ հայկական ծրագիրը ներկայացնում է ինչպես հայկական սփյուռքի ճանաչված և նորահայտ արվեստագետների (Արշիլ Գորկի, Փոլ Կիրակոսյան), այնպես էլ ազգությամբ ոչ հայերի ողջ աշխարհից, որոնց գործերն անուղղակիորեն ծագում են պատմության այդ շրջանի, դրա հետևանքների արտացոլումից ու ներկայի փորձառությունից։
Արվեստագետների գործերը չեն կենտրոնացվելու մեկ վայրում, այլ ցրված են լինելու Բոսֆորի ամբողջ երկայնքով՝ տարածվելով Ստամբուլի Ժամանակակից արվեստի թանգարանից մինչև Հրանտ Դինք հիմնադրամն ու նախկին ծխախոտի ֆաբրիկան։ Հայկական ծրագրում ընդգրկված արվեստագետների թվում են Վերնոն Ահ Քին (Vernon Ah Kee), Հայկ Այվազյանը, Սոնյա Բալասանյանը, Աննա Պողիկյանը, Հերա Բյույուքթաշչյանը, Ռենե Գաբրին ու Այրին Անաստասը, Արշիլ Գորկին, Փոլ Կիրակոսյանը, Մայքլ Ռակովիցը և Սարգիսը։
«Ստամբուլի բիենալեում հայկական ծրագիրը ստեղծագործական առանձնահատուկ հենք է առաջարկում, որը թույլ է տալիս ուսումնասիրել և յուրօրինակ մոտեցում ցուցաբերել պատմական և քաղաքական ցավոտ խնդիրներին՝ տանելով ապաքինման, հաշտեցման և ավելի պայծառ ապագայի։ Dilijan Art Initiative նախաձեռնությունը համոզված է, որ արդի արվեստն անգնահատելի կրթական ներուժ ունի միջմշակութային փոխըմբռնման ձևավորման գործում, ինչի համար էլ մենք ուրախ ենք աջակցել նման ուշագրավ նախագծին»,- ասել է Dilijan Art Initiative նախաձեռնության հիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը։
Dilijan Art Initiative նախաձեռնությունը հիմնադրվել է բարերարներ Վերոնիկա Զոնաբենդի և Ռուբեն Վարդանյանի կողմից՝ որպես IDeA («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») հիմնադրամի մաս, որի նպատակն է հիմքեր ստեղծել Դիլիջան քաղաքի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի զարգացման համար։ Dilijan Art Initiative նախաձեռնությունը մեկնարկել է այն համոզմամբ, որ արվեստի բացառիկ հատկություններից մեկը ամենատարբեր մշակույթներ, գիտաճյուղեր, սերունդներ ու սեռեր միահյուսելու կարողությունն է ժամանակի ու տարածության սահմաններից անդին։ Նախաձեռնությունն աշխատում է առաջ մղել հայկական մշակույթը միջազգային ասպարեզում՝ աջակցելով հայ սփյուռքի արվեստագետների գործերի ներկայացմանն աշխարհի առաջատար ցուցահանդեսներին և խոշոր մշակութային միջոցառումներին։ Նախաձեռնությունն աջակցել է Վենետիկի 56-րդ բիենալեին Հայաստանի Հանրապետության ազգային տաղավարին՝ Armenity/Հայություն ցուցահանդեսին, որն արժանացել է Ոսկե Առյուծ մրցանակի։
Տեղեկանք
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամ
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը (IDeA) հիմնվել է գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից՝ Հայաստանում ընդհանուր կրթությանը, սոցիալական ձեռներեցությանը, տարածքային զարգացմանն ու բարեգործությանն աջակցելու նպատակով։ Հիմնադրամը ներդրումներ է կատարում երկարաժամկետ այնպիսի նախաձեռնություններում, որոնք ունակ են անցնելու ինքնաֆինանսավորման և հանգեցնելու սոցիալական ու տնտեսական շոշափելի արդյունքի։ Այն միավորում է տարբեր երկրներում բնակվող համախոհների, ընկերների, բիզնես-գործընկերների, փորձագետների և բարեգործների, որոնց ընդհանուր նպատակը Հայաստանի զարգացմանն աջակցելն է՝ հնարավորություն ստեղծելով երկրին գոյատևումից անցնելու բարօրության։
IDeA հիմնադրամի գլխավոր նախագծերից ու գործունեության ուղղություններից է Dilijan Art Initiative նախաձեռնությունը, որը մեկնարկելու է 2016 թ.՝ նպատակ ունենալով աջակցելու Դիլիջանի՝ միջնադարում Եվրոպան, Մերձավոր Արևելքն ու Ռուսաստանը կապող Մետաքսի ուղու վրա ընկած այս քաղաքի մշակութային զարգացմանը։ Արվեստագետների, կոմպոզիտորների և ռեժիսորների կողմից սիրված այս առողջարանը հարուստ պատմությամբ և գեղեցիկ բնությամբ հանդերձ նշանակալի ներուժ ունի Կովկասյան տարածաշրջանի խոշոր մշակութային, կրթական և հանգստի կենտրոններից մեկը դառնալու համար։
Ստամբուլի 14-րդ բիենալե
ԱՂԻ ՋՈՒՐ. Մտապատկերների տեսություն
Ծրագրի կազմող՝ Քերոլին Քրիստով-Բակարգիև
Կազմակերպիչ՝ Ստամբուլի Արվեստի և Մշակույթի Հիմնադրամ (İKSV)
5 սեպտեմբեր -1 նոյեմբեր, 2015 թ.