Բաժիններ՝

«Ֆինանսական միջոցների պակասի պատճառով Արցախում Տիգրանակերտի հնագիտական պեղումները ավարտին դեռ չեն հասցվել». Համլետ Պետրոսյան

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, ով լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Տիգրանակերտի 2015թ. պեղումների հիմնական արդյունքների մասին:

Ըստ բանախոսի՝ 40 օր տևած հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են մարդակերպ կոթողներ, մանածագործության, հացահատիկի մշակման հետ կապված գտածոներ, վաղ քրիստոնեական սարկոֆագ, և այլն: Բանախոսն ասուլիսը սկսեց Արցախի Անկախության օրվա առթիվ շնորհավորական խոսքով և ընդգծեց, որ Տիգրանակերտի հայտնաբերումն ու հետազոտությունները չէին լինի, եթե չլիներ Արցախի ազատագրումը.    «Նույնիսկ երազանքի սահմաններից դուրս էր, որ տասնամյակներ հետո ես կարող էի գնալ այնտեղ, շրջել, հետազոտություններ անել, և, քանի որ այսօր հակված եմ խոսել հիմնականում ձեքբերումների մասին, ապա կասեմ նաև, որ դժվարություններ միշտ կան, բայց կան նաև դժվարությունները հաղթահարելու ճանապարհներ»,-ասաց նա:

Համլետ Պետրոսյանն անհասկանալի է համարում այն փաստը, որ այս տարի Տիգրանակերտի հետազոտությունների համար տրամադրվող ֆինանսական միջոցները մեկ երրորդով կրճատվել են. «Ես գիտեմ, որ այն գործը, որ մենք կատարում ենք՝ շատ կարևոր է և անկախ ֆինանսավորման նման ընթացքից և տարբեր տեսակի վերաբերմունքներից, մենք համառաորեն շարունակելու ենք մեր աշխատանքները»:

Tigranakerti pexumner (2)

Tigranakerti pexumner (3)

Tigranakerti pexumner (4)

Tigranakerti pexumner (1)

Այս տարի արշավախումբը 40 օր տևած հնագիտական պեղումների ընթացքում մնացել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանում, ինչի համար Հ. Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Արցախի իշխանություններին և հատկապես Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանին:

Անդրադառնալով հնագիտական պեղումների արդյունքին, Համլետ Պետրոսյանը նշեց, որ ֆինանսական միջոցների պակասի պատճառով իրենց առջև դրած ոչ բոլոր խնդիրները կարողացան լուծել. «Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ այդ մի քանի միլիոն դրամը չի գտնվում՝ աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու և ավարտելու համար: Այնուամենայնիվ, այս տարի մենք պեղել ենք ընդամենը 800 քմ, միջին խորությունը կազմել է 1.5մ: Սա ահռելի աշխատանք է, որ հիմանակում կատարվում է ձեռքով»:

Tigranakerti pexumner (8)

Tigranakerti pexumner (7)

Tigranakerti pexumner (6)

Tigranakerti pexumner (5)

Բանախոսը նշեց, որ Տիգրանակերտի ամրոցի պեղումների ընթացքում իրենք մի քանի բացահայտումներ են արել, և, առաջին հերթին, կցանկանար անդրադառնալ արքայական աղբյուրների հարցին.

«Տիգրանակերտի ամրոցը երկու ճյուղերով ձգվում է դեպի Արքայական աղբյուրները և մեզ համար հասկանալի չէր, թե այդ աղբյուրների մերձակայքում ի՞նչ պետք է լիներ, բայց քանի որ մենք այս տարի բացահայտեցինք ամրոցի մի նոր հատված, որը երևի մեր ամենամեծ գյուտն էր, դա մեզ հնարավորություն տվեց հասկանալու, որ Արքայական աղբյուրներն ինչ- որ առումներով ներառված են եղել ամրոցի պաշտպանական համակարգի մեջ, և եթե չլինեին այդ աղբյուրները, ապա ամրոցը հաստատապես այդ վայրում չէր կառուցվի»:

Համլետ Պետրոսյանը նշեց, որ հնագիտական աշխատանքների երկրորդ հիմնական պեղավայրը ամրոցի Անտիկ թաղամասի ուսումնասիրությունն է եղել. «Այս թաղամասի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այնտեղ բոլոր պատերը ուղիղ են և հատվում են ուղիղ անկյան տակ: Դա անտիկ աշխարհում մշակված, դեռևս Հունաստանից եկող համակարգ է, այսինքն՝ իրական քաղաքը պետք է ունենա միայն ուղիղ փողոցներ, ուղիղ պատեր և այդ պատերը պետք է անպայման հատվեն ուղիղ անկյան տակ: Հայկական ավանդույթներում՝ սկսած անտիկ դարաշրջանից մինչև մեր օրերը, մենք նման կառուցվածքով քաղաքներ շատ քիչ ունենք: Դրա ամենադասական օրինակը Գորիս քաղաքն է, որը կառուցվել է ֆրանսիական ճարտարապետների նախագծով: Այսինքն՝ այն քաղաքակրթական շարմը, որ երևան է բերում Տիգրանակերտը՝ ուղղակի զարմանալի է»:

Բանախոսը հավելեց, որ այս տարվա իրենց երրորդ հինական պեղավայրը հանդիսացել է վաղ քրիստոնեական հրապարակը, որտեղ բացվել են երկու եկեղեցիներ, նաև մի դամբարան՝ բեմի տակ, բացել են նաև 12-13դ. մեծ համալիր:

Համլետ Պետրոսյանն ընդգծեց, որ արդեն երկրորդ տարին արշավախումբը համագործակցում է Մարսելի Համալսարանի, ինչպես նաև Ֆլորենցիայի համալսարանից Տիգրանակերտ ժամանած պրոֆեսոր Թոմաս Սինկլերի հետ: Բանախոսը հավելեց, որ պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները կտեղափոխվեն Երևանի պետական համալսարանի հնագիտական լաբորատորիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս