Ինչ ցուցմունք է տվել Նուբարաշենի կրակոցների գործով տուժողների մայրը

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2003թ. Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործի քննությունը:

Հիշեցնենք, որ 2003 թ. հուլիսի 25-ին, ժամը 12:15-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում կրակահերթ էր արձակվել տաքսի ավտոմեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ։ Ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ՝ ավտոմեքենայի վարորդ Սաշիկ Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Հարությունյանը և Դավթաշենի բնակիչ Արկադի Գևորգյանը, սպանվել էին, իսկ նրա եղբայր Արտյոմ Գևորգյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժշկական միջամտության շնորհիվ հաջողվել է փրկել նրա կյանքը: Արտյոմ և Արկադի Գևորգյանները ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի («Ծաղիկ Ռուբո»), եղբոր որդիներն են:

Այսօր դատարան էին ստացվել ոստիկանության արձանագրություններն այն մասին, որ գործով վկաներից մի քանիսը մահացել է, մի մասն էլ Հայաստանի Հանրապետությունում չեն:

Գործով ամբաստանյալ Անդրանիկ Երեմյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ այդ արձանագրություններն իրենց համար առանձնապես հավատ չէին ներշնչում, քանի որ դրանցում արտացոլված էին ինչ-որ անձանց բանավոր հայտարարություններն այն մասին, որ վկաները բացակայում են Հանրապետությունից, գտնվում են Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանի Դաշնությունում կամ այլ վայրերում: Նա նշեց, որ այդ վկաների նախաքննական ցուցմունքի ուսումանսիրությունից պարզ դարձավ, որ նրանցից շատերի ցուցմունքները որևէ կապ և առնչություն չունեն իրենց պաշտպանյալներին մեղսագրված արարքի հետ: Ըստ փաստաբանի՝ դատարանը պետք է ապահովի վկաներից մի քանիսի ներկայությունը, որոնց մասնակցությամբ առկա են նաև ճանաչման արձանագրություններ:

Ինեսա Պետրոսյանն ասաց, որ միջնորդում են չհրապարակել և ապացույցների շարքից հանել հարցաքննվելիս անչափահաս, իսկ այժմ մահացած վկայի ցուցմունքը. ըստ նրա՝ նա հարցաքննվելիս անչափահաս է եղել, չի նախազգուշացվել ցուցմունք տալուց հրաժարվելու և սուտ ցուցմունք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մասին, այսօր էլ նրան հարցաքննելու հնարավորություն չկա: Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ իրենք գտնում են, որ այն չի կարող դիտվել որպես ապացույց և դրվել իրենց պաշտպանյալների մեղադրանքների հիմքում:

Դատավորի հարցին, թե ինչ կարծիքի է Վրաստանի Հանրապետության քաղաքացի վկաների վերաբերյալ, Ինեսա Պետրոսյանը պատասխանեց. «Դատարանը չի կարողանում ապահովել այդ քաղաքացիներին: Սա մեկ, որովհետև նրանք այստեղ չունեն հասցեներ: Երկրորդ՝ դատարանը չի կարող կիրառել հարկադրանքի միջոցներ, որովհետև նրանք չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Եվ երրորդը՝ դատարանը չի էլ կարող նրանց ցուցմունքը համարել հրապարակված և հրապարակել, որովհետև համապատասխան ձևով արձանագրված չեն այն հիմքերը, որոնց դեպքում դատարանը կարող էր հրապարակել դրանք»:

Դատական նիստի ընթացքում հրապարկվեցին մի խումբ վկաների նախաքննական ցուցմունքները: Այդ թվում հրապարակվեց տուժողների մոր ցուցմունքը. որպես վկա հարցաքննվելիս նա հայտնել էր, որ 2003թ. հուլիսի 24-ին իր որդին՝ Արտյոմ Գևորգյանը, զանգահարել է մի անձի և նրա հետ պայմանավորվել հաջորդ օրը՝ հուլիսի 25-ին, (դեպքը տեղի է ունեցել հենց այդ օրը) գնալ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց մի հարցով. խոսակցությանը ներկա է եղել նաև ինչ-որ անձ, ինքը զայրացել է որդու վրա, որ նա հատկապես այդ անձի ներկայությամբ է պայմանավորվել Նուբարաշեն գնալու մասին, քանի որ այդ անձին չի վստահել. իր տղաների նկատմամբ իրականացված մահափորձից հետո նրա վարքագծում փոփոխություններ և տարօրինակություններ է նկատել: Իր կասկածանքի մասին զգուշացրել է որդուն, սակայն նա զայրացել է՝ նշելով, որ ինքը նրա կնաքահայրն է, եթե պետք է մատնի, ուրեմն՝ թող մատնի:

Ըստ հրապարակված ցուցմունքի՝ տուժողների մայրն ասել էր, որ երբ տեղի ունեցած դեպքից հետո վերադարձել է տուն և տեսել այն անձին, ով ներկա է գտնվել որդու խոսակցությանը, ասել է, որ նա է մատնել իր տղաներին և հարցրել, թե որքա՞ն արժեր իր տղաների կյանքը: Այդ անձը փորձել է արդարանալ՝ ասելով, որ նման բան չէր կարող լինել, քանի որ ամեն օր տղաների հետ է եղել, որից հետո ինքը հարցրել է՝ այդ ինչպե՞ս է ստացվել, որ մահափորձի ժամանակ էլ իր տղաների հետ չի եղել: Դրանից հետո այդ անձը հիվանդանոց գնալու պատրավակով տանից դուրս է եկել, սակայն հիվանդանոց չի գնացել և այդ օրվանից նրան չի տեսել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին:

Տեսանյութեր

Լրահոս